«Հարցն ինձ ուղղված չէ, այլ այն մարմիններին, որոնք ըստ մեղադրանքի, հավուր պատշաճի չեն զբաղվել իրենց գործունեությամբ»,- Aravot.am-ին վստահեցրեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի այսօրվա սկանդալային հայտարարությանը:
Աշոտ Մելքոնյանը չցանկացավ մեկնաբանել իրեն վերաբերող Դեմոյանի այն ակնարկը, թե Մելքոնյանը խոչընդոտում է իր գործունեությունը, որպես միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար: «Եղել են դեպքեր, երբ ես համայնքներից մեկում հրավիրել եմ քննարկելու մեր ռազմավարությունը՝ 100-ամյակի հետ կապված, եւ Երեւանից մարդիկ, պաշտոնյաների են զանգել, հորդորել են, կարգադրել են, որ դա չանեն»,- ասել էր Հայկ Դեմոյանը:
Աշոտ Մելքոնյանն այս առումով միայն ասաց, որ տարիներ առաջ ինքը այդ մեղադրանքին պատասխանել է էջերով ու «կոպիտ ասած նրա բոլոր մեղադրանքները ջրջրել եմ: Ավելին չունեմ ասելու»:
Նա կրկին վստահեցրեց, որ Դեմոյանի մեղադրանքը թուրքական հատուկ ծառայություններին ծառայելու մասով իրեն ուղղված չէ. «Ուղղված է մեր պետական մարմիններին»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Դեմոյանի ասածներին, թե ինքը դուրս է եկել ակադեմիայի կազմից, որովհետեւ չի կարող հանդուրժել տգիտություն եւ խուլիգանություն՝ գիտության ասպարեզում, Աշոտ Մելքոնյանը շարունակեց. «Ոնց մեկնաբանեմ, գիտական հաստատության ղեկավարը օգտագործում է բառեր, որոնք իրականության հետ ընդհանուր եզրեր չունեն, ինչպես դրան պատասխանեմ` հաշվի առնելով, որ տնօրենը ցեղասպանության թանգարանի տնօրենն է: Ցավում եմ դրա համար, ուղղակի ամոթ է»:
Մեր հարցին` ինչն է պատճառը, որ երկար տարիներ տարաձայնությունների մեջ եք ու փոխադարձ մեղադրանքներ եք ուղղում իրար հասցեին, ասաց. «Ոչ մի անձնական խնդիր չկա, խնդիրը միայն քաղաքական է, որին անդրադարձել եմ տարիներ առաջ ու այս պահին չեմ անդրադառնա կրկին»:
Նա հերքեց, թե տապալել է Հայկ Դեմոյանի ատենախոսությունը. «Ուղիղ հակառակն եմ արել, հնարավորության սահմաններում օգնել եմ, որ պաշտպանի: Իմ չմասնակցելը պայմանավորված էր մի հանգամանքով, նրա ատենախոսության մեջ կային դրույթներ, որոնք քաղաքական առումով վտանգավոր էին մեր երկրի համար, դրանց դեմ էի ու պահանջում էի` հանել ատենախոսությունից, նա չհանեց, ես էլ հարկ չհամարեցի մասնակցել: Ամոթ է, այս թեման կընկնի ուրիշ երկրների ձեռքը, խայտառակ կլինենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
2 հայ իրար միս մինչև չքրքրեն,չեն հանգստանա: Նույնիսկ Եղեռնի 100 ամյա՞կը ձեզ չի օգնում՝ դադարեցնել ձե՛ր անհետաքրքի՛ր գզվռտոցները: