Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ։ Դեկտեմբերի 27-ին և 28-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսին կներկայացվի «Հայֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագիրը։
«Հայֆիլմ նոն ստոպի» բեմադրող ռեժիսոր Արամ Սուքիասյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ընդգծեց, որ անցյալի մեր ֆիլմերը և նրանց երաժշտությունը մեզ համար մեծ արժեք են։ «Կինոարտադրության ոլորտում ուրույն տեղ ունի մեր կոմպոզիտորական դպրոցը։ «Հայֆիլմ նոն ստոպը» մի հետաքրքիր անդրադարձ է նաև այդ դպրոցին»,- նշեց Արամ Սուքիասյանը՝ տեղեկացնելով, որ երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներին զուգահեռ կներկայացվեն տեսանյութեր, առանձին բլոկներով անդրադարձ կարվի ժամանակի անվանի ռեժիսորներին, արվեստագետներին, մարդկանց, ովքեր ստեղծագործել են հայկական ֆիլմերի համար։ Երեկոն կհամեմվի նաև ֆիլմերից հայտնի արտահայտություններով։ «Սա շատ լավ նվեր է այն մարդկանց, ովքեր սիրում են հայ իրականությունը՝ հայ կոմպոզիտորին, հայ դերասանին, հայ ռեժիսորին, հայն ու հայերենը։ Կուզեի նշել, որ նվագախումբը միայն երաժշտությունը չէ, որ մատուցելու է։ Երաժիշտներին որոշակի դերաբաշխում է արված. տեղ-տեղ հանդես կգան նաև որպես արտիստներ»,- ասաց Արամ Սուքիասյանը։
Նա նաև ընդգծեց, որ երիտասարդական նվագախումբը ձեռնամուխ է եղել շատ պատասխանատու գործի, կային նյութեր, որոնց պարտիտուրները չէին գտնվում, տարիների ընթացքում արխիվներից այս կամ այն պատճառով անհետացել էին։ Եվ այս նախագիծը նաև պահպանմանը միտված քայլ է, որովհետև վերականգնված պարտիտուրները հետագայում շատերին են ծառայելու։
Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ նոն ստոպ համերգների ձևաչափը մեծ հաջողություն ունի։ Այն սպասված ու պահանջված նախագիծ է, և հատկապես ուրախալի է, որ երիտասարդ սերունդը կապվում է հայկական ֆիլմերի երաժշտության հետ։ Համերգի ընթացքում կներկայացվի 18 ֆիլմի սաունդթրեք։ Ընդ որում, մեղեդիների մի մասը պահպանվում էր միայն ձայնային տարբերակով։ Վերծանվել և թվայնացվել են հայկական ֆիլմերի համար գրված ստեղծագործությունների նոտաները։ Շատ ստեղծագործություններ, որոնք մոռացության մատնվելու վտանգի առջև էին, կշարունակեն կատարվել և հաճույք պատճառել երաժշտասեր հանդիսատեսին։ Վերծանման աշխատանքների վրա աշխատել է կոմպոզիտորների մեծ թիմ։ Եվ ինչպես նշեց Սերգեյ Սմբատյանը, իրենց խնդրանքն է եղել կոմպոզիտորներին, մեղեդիները վերականգնել բնօրինակին մոտ։
Կարդացեք նաև
«Հայֆիլմ նոն ստոպի» ընթացքում կհնչեն «Կտոր մը երկինք» (Տիգրան Մանսուրյան), «Տղամարդիկ» (Ռոբերտ Ամիրխանյան), «Հարսնացուն հյուսիսից» (Առնո Բաբաջանյան), «Ճերմակ անուրջներ» (Տիգրան Մանսուրյան), «Պեպո» (Արամ Խաչատրյան), «Քաոս» (Էդվարդ Միրզոյան), «Ինչու է աղմկում գետը» (Արտեմի Այվազյան), «Թթենի» (Արմեն Բոյամյան), «Եռանկյունի» (Էդուարդ Բաղդասարյան) և այլ ֆիլմերի մեղեդիները։ Նվագախմբին իրենց կենդանի կատարումներով կմիանան սիրված երգիչ-երգչուհիներ՝ Անդրե, Արամո, Մհեր, Լեյլա Սարիբեկյան և այլք։
Հայֆիլմ նոն ստոպի գլխավոր հովանավորն է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Նոն ստոպ» համերգաշարը մեկնարկեց 2012թ. «Հոլիվուդ նոն ստոպ» նախագծով, որը սիրվեց հանդիսատեսի կողմից՝ հավաքելով երաժշտասերների մեծ լսարան։ «Հոլիվուդ նոն ստոպին» հետևեց «Cartoon նոն ստոպ» նախագիծը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
Հասարակայնության հետ կապերի բաժին