«Այդ խնդիրը Հայաստանի համար առաջնային չեմ համարում»,-Aravot.am-ի հարցին` ձեզ չի՞ մտահոգում ՀՀ արտաքին պարտքը, որը կանխատեսումների համաձայն` աճելու է , այսպես պատասխանեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նա նկատեց, թե դա ՀՀ-ի համար առաջնային ու սուր խնդիր չէ, սակայն մի խնդիր է, որը միշտ պետք է պահել ուշադրության կենտրոնում:
Մեր հարցին, թե ՀՀ-ի` Եվրասիական բանկից վերցրած միլիարդների պարտքը տնտեսական աճի այս պայմաններում ինչպե՞ս ենք մարելու, պարոն Ասատրյանը արձագանքեց. «Մեր տիպի երկրները պետք է գնային այդ պարտքի ավելացմանը, ուրիշ ձև չկա, եթե մասնավորը մեզ չի վստահում: Իսկ մասնավորը ո՞նց կարող է մի երկրի փող վստահել, որտեղ ամենաբարձր իրավապահ մարմինների ներկայացուցիչն ասում է՝ ականջդ կկտրեմ: Իհարկե, սա ինտելեկտի հարց է, բայց շատ մտահոգիչ: Եթե իշխանությունները նման հիմարությունները չկանխեն, շատ մեծ կորուստներ ենք ունենալու»:
Մեր այն դիտարկմանը, թե պարոն Ասատրյանը համակարծիք չէ՞ այն տարբերակին, որ ՀՀ-ն կարող էր հրաժարվել ԵՏՄ անդամակցությունից և ուղղակի Եվրամիությունից առանց տոկոսի գումար ստանալ, ԿԲ նախկին նախագահն արձագանքեց. «Մեզ ոչ մեկը տալիք չունի, մենք կարող ենք ինչ-որ տեղ, ինչ-որ հարցեր փորձել լուծել, բայց ոչ Եվրոպան, ոչ էլ պարզվեց ԵՏՄ-ն այդ հարցերը չէին լուծի: Մի պահ ասում էին, չէ՞, ԵՏՄ-ի մասին, թե տալիս է, տալիս: Բայց Ղրղըզստանը շատ ավելի խելացի վարվեց. խնդիրներ դրեցին Ռուսաստանի առաջ: Իսկ մեր վայ-գործիչները, այդ մեծ ինտելեկտի տեր անձինք, ոչինչ չարեցին: Ճանապարհ չունենք, գոնե նպաստեին այդ ճանապարհի կառուցմանը: Թե չէ մեր խեղճ արտադրողը կովկասյան լեռներով, այդ նեղ ու դժվարանցանելի ճանապարհներով ինչպես պիտի իր արտադրանքը տանի»:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին, իսկ ինչո՞ւ չի դրվել այդ խնդիրը ռուսների առաջ, պարոն Ասատրյանը պատասխանեց. «Չգիտեմ, հարցրեք այդ պաշտոնյաներին, քաղաքական մեծ ինտելեկտի տեր ՀՀԿ-ական գործիչներին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ