Օրերս լուրեր էին հրապարակվել, որ կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների շրջանակում նախատեսվում է միավորել առողջապահության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները. եթե միավորվեն, ապա արդյունքում այդ 2 նախարարությունների ներկայիս նախարարներից որեւէ մեկը չի ղեկավարի նոր գերատեսչությունը:
Aravot.am-ն այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի տարեվերջյան ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց` իրեն կառավարությունից տեղեկացրե՞լ են այս մասին, եւ որքանով են համատեղելի 2 խոշոր նախարարությունների գործառույթները, եթե դրանք միավորվեն: Այս առնչությամբ պարոն նախարարն ասաց. «Ես ձեռնպահ կմնայի լուրեր մեկնաբանելուց, որովհետեւ չեմ տիրապետում առարկայական որեւիցե նյութի այս հարցի շուրջ: Ինչ վերաբերում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարությունները միավորելուն, ապա այդպիսի փորձ մեր երկրում եղել է, եթե չեմ սխալվում` 2000 թվականին, եւ եթե հիշողությունս չի դավաճանում, միավորման ամբողջ տեւողությունը եղավ մի քանի ամիս, հետո այդ 2 նախարարություններն առանձնացան»:
Պարոն նախարարը նաեւ հավելեց, որ միավորման մասին տեղեկություն իրեն պաշտոնապես չեն հայտնել:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ