Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Հարություն Սարգսյանը հրապարակեց Գոռ Առաքելյանի, Վալերիկ Հովհաննիսյանի, Ներսես Մելքոնյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ամբաստանյալներն իրենց դիրքորոշումը հրաժարվեցին արտահայտել, ինչը, ըստ նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանի՝ նույնպես դիրքորոշում էր:
Մեղադրանքի կողմի ներկայացրած եզրակացության համաձայն՝ այս տարվա մայիսի 17-ին, Վերնիսաժի հարեւանությամբ գտնվող ավտոկանգառում վիճաբանություն է տեղի ունեցել Գոռ Առաքելյանի եւ երկու ամբաստանյալների միջեւ: Գոռ Առաքելյանն իր մոտ եղած զենքով կրակոցներ է արձակել, որի հետեւանքով կյանքին սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել Վալերիկ Հովհաննիսյանը, միջին ծանրության վնասվածքներ՝ այդ գործով ներգրավված տուժողները: Շարժառիթը եղել է այն, որ Վալերիկ Հովհաննիսյանը իր մեքենան կանգնեցրել էր տվյալ վայրում, ինչի պատճառով խոչընդոտել է Գոռ Առաքելյանի մեքենայի դուրս գալուն: Վիճաբանությունը ուղեկցվել է կրակոցներով եւ խուլիգանական հայհոյանքներով:
Տուժող Մնացական Սուքիասյանը առքուվաճառքով է զբաղվել շաբաթ-կիրակի օրերին, ունեցել է սեղանիկ: Նա ասաց, որ մեկ կրակոց է լսել, որից վայր է ընկել: Ինքն այլեւս ոչինչ չի հիշում, բացի նրանից, որ իրեն ամերիկյան Կարմիր խաչից այդ ժամանակ օգնություն են ցույց տվել: Նա վիրավորվել էր ոտքից: Ըստ տուժողի՝ երկրորդ կրակոցն է իրեն կպել, ինքը ոչինչ չի նկատել, թե ով ում հետ է վիճել, ձայներ չի լսել: Նրա կարծիքով՝ փամփուշտը կպել է այլ տեղ, ապա հետադարձով՝ իր ոտքին:
Կարդացեք նաև
Էական հակասություններ տեսնելով նրա ցուցմունքներում, հրապարակվեց նախաքննության ժամանակ տված նրա ցուցմունքը, որտեղ նա ասել էր, թե լսել է գոռգոռոցներ, հայհոյանքներ, մի պահ լսել է կրակոցի ձայն, եղել է վախեցած եւ շոկային վիճակում: Չնայած դատարանում դարձյալ պնդեց, որ «նենց» հայհոյանքներ չի լսել: Նրան թույլատրվեց ցուցմունք տալ նստած, քանի որ ոտքում առկա էր վիրահատության ժամանակ դրված մետաղաձողը:
Երկրորդ տուժողը՝ Մյասնիկ Հայրապետյանը, դատարան է գալիս հենակներով. նրա ձախ ոտքում առկա է գնդակը: Նա նույնպես ցուցմունք տվեց նստած՝ դատավորի թույլտվությամբ: Այս տուժողն էլ իջել է Վերնիսաժ՝ շուն գնելու, տեսել է մարդիկ են հավաքվում մոտակայքում, մոտեցել է, տեսնի՝ ինչ է կատարվում, ձայներ է լսել եւ մտել է Վարդանանց 18/2 շենքի շքամուտք: Քաշքշուկ չի տեսել, չի տեսել ով է կրակել: Դատավորի այն հարցին, թե շքամուտքում գտնվելու ժամանակ ինչպե՞ս է ստացել վնասվածքը, վկան ասաց, որ չի տեսել կրակողին, սակայն տարօրինակն այն էր, որ ձախ ոտքի վնասվածքը ստացել էր ոչ թե ետեւից, այլ դիմացից:
Ի դեպ, այս տուժողը Հերացու փողոցում գտնվող թիվ 1 հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ գտնվել է նույն այն հիվանդասենյակում, ուր գտնվել է ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանը: Ինչպես իր մոտ, այնպես էլ Վ. Հովհաննիսյանի մոտ ոստիկանության աշխատակիցներ են եկել, սակայն նա չհիշեց, թե արդյոք Վալերիկը ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ, որեւէ բան գրե՞լ է, թե՞ ոչ:
Երրորդ տուժողը Ալվինա Բադալյանն է, որը նույնպես Վերնիսաժում ունեցել է սեղանիկ: Նա ասաց, որ աղմուկ կար, սակայն բառերը չի լսել, հանկարծակի լսել է կրակոց, երկրորդ կրակոցից հետո սուր ցավ է զգացել: Հիշեց, թե ինչպես են դեմքին ջուր շփել, բերել Հերացու հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Այնտեղ իմացել է, որ իր վնասվածքը թեթեւ էր. ստացել էր բարակ ոսկորի կոտրվածք: Գոռ Առաքելյանին չի ճանաչում, կրակոցների ձայնը լսել է նախքան վիրավորվելը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց գալիք տարվա հունվարի 22-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ