Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը աշխարհի առաջնորդներին կոչ է արել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար փոխզիջումների գնալ, փոխանցում է «Թենգրի նյուզ»-ը:
«Ես կոչ եմ անում պետությունների բոլոր առաջնորդներին անձամբ հանդիպել, նստել բանակցությունների սեղանի շուրջ, փոխզիջումներ գտնել ու կանգնեցնել այս ամենը և բոլոր պետություններում նորմալ կյանք ստեղծել», – ասել է Նազարբաևը Աստանայում՝ ելույթ ունենալով համազգային հեռուստակամրջի ժամանակ:
Հիշեցնելով Ուկրաինա վերջերս կատարած «բարդ աշխատանքային այցի» մասին՝ նա խոսել է իր տպավորություններից.
«Այնտեղ է բոլոր խնդիրների արմատը: Հասարակության շրջանում կայունություն և ներդաշնակություն չկա, դրա համար էլ տնտեսությունը չի գործում: Չկա մեկը, որը զբաղվի դրանով: Այդ իսկ պատճառով մարդիկ տարրական բաների կարիք ունեն: Լույս չկա, ավելի ճիշտ անընդհատ հոսանքազրկումներ են: Որտե՞ղ: Ուկրաինայում: Չի կարելի այն համեմատել Ղրղըզստանի հետ»:
Կարդացեք նաև
Նազարբաևի խոսքերով, Ուկրաինայում գործարաններ են փակվում ու բիզնեսներ են փլուզվում. «Դոնբասն ու Լուգանսկը վերականգնելու համար Ուկրաինայի վարչապետ պարոն Յացենյուկն ասում է. «Նույնիսկ պատկերացնել չեմ կարող, թե որքան միջոցներ են հարկավոր ամեն ինչ վերականգնելու, Ուկրաինան ոտքի կանգնեցնելու համար», – պատմել է Ղազախստանի նախագահը, որը Ուկրաինա էր մեկնել դեկտեմբերի 22-ին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ