2014 թվականին Հայաստանի ազգային արխիվ մոտավորապես 20 հազար գործավարական գործ է ընդունվել, մոտ 15 հազար մարդկանց փաստաթղթեր եւ 150 հազար թերթ, այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նա նշեց, որ քաղաքացիների հարցումների թիվը 2014 թվականին երեք հազարով ավելացել է, այդ հանգամանքը պարոն Վիրաբյանը կապում է արտագաղթի հետ: Առանց Ազգային արխիվի համապատասխան փաստաթղթի՝ Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակ չեն նշանակում. «Մենք, եթե անցած տարի 28 500 հարցում ենք ստացել, որոնց 40 տոկոսը ռուսերեն էր, այս տարի՝ 31 500, որի մեծ մասը ռուսերեն էր: Կանայք Ռուսաստանում 8 տարի շուտ են թոշակի անցնում, շատերը, ովքեր բարեկամներ ունեն, գնում են քաղաքացիություն են ստանում, ապրելու իրավունք են ստանում, որպեսզի ութ տարի շուտ թոշակ ստանան: Սա նույնպես գործոն է, որի դեմ ոչինչ չենք կարող անել»:
Ամատունի Վիրաբյանն ընդգծեց, որ 90-ական թվականների սկզբին մարդիկ շատ փաստաթղթեր այրել են: Նա նշեց, որ այդ դեպքերում Ռուսաստանի Դաշնությունում բնակություն հաստատած հայերի համար խնդիրներ են առաջանում. «Ռուսաստան գնալ ցանկացողները ստանում են նվազագույն սոցիալական թոշակ, եթե այդ արխիվային տեղեկանքը չեն կարողանում տրամադրել: Այդ դեպքերը մեզ մոտ 20 տոկոս են կազմում, 80-ին կարողանում ենք տալ տեղեկանք»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Ամատունի Վիրաբյանն ասաց, որ Հայաստանի ազգային արխիվը շարունակում է Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերի հրատարակում: Նրա խոսքերով՝ շեշտը դրված է օտար լեզուներով փաստաթղթերի հրատարակման վրա. «Այս տարի Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունների հիման վրա այդպիսի մի գիրք թուրքերեն հրատարակվեց Ստամբուլում: Մինչեւ տարվա վերջ կհրատարակվի նաեւ Մոսկվայում՝ ռուսերենով»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ