Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը շատ արագ փորձել է հրաժարվել ասուլիսում ավելի վաղ իր արած հայտարարություններից:
Հիշեցնենք, որ ինչպես արդեն հաղորդել էինք, նա ասել էր, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ միտում կա միջոցառումներ անել իբր ցեղասպանության մասին, բայց խոսել բարի թուրքերի մասին, թե ոնց են հայերի կյանքը փրկել՝ անտեսելով այն 1.5 մլն ցեղասպանված հայերի ճակատագիրը: Հայկ Դեմոյանը կոչ-հորդոր հղեց սփյուռքահայերին եւ ՀՀ քաղաքացիներին, որոնք կփորձեն Թուրքիայի կամ այլ տարածքում Ցեղասպանության մասին միջոցառումներ, ծրագրեր իրականացնել. «Համագործակցում են Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, 10-ից 9-ը Թուրքիայի հատուկ ծառայություններն են իրականացնում»:
Նա հայտարարեց, որ ցավոք, խոսքը միայն Սփյուռքի մասին չէ. «Կան ՀՀ պաշտոնյաներ, որոնք փորձում են խոչընդոտել իմ գործունեությունը, որպես միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար: Եղել են դեպքեր, երբ ես համայնքներից մեկում հրավիրել եմ քննարկելու մեր ռազմավարությունը՝ 100-ամյակի հետ կապված, եւ Երեւանից մարդիկ, պաշտոնյաների են զանգել, հորդորել են, կարգադրել են, որ դա չանեն»:
Հայկ Դեմոյանն ասաց. «Հատուկ պատվերի հիման վրա Գիտությունների ակադեմիայում որոշել են ազատվել ինձնից: Ուղղակի թիրախավորել են, իջեցրել են պատվեր: Այդ անձը շուտով կստանա ակադեմիկոսի կոչում: Ես դուրս եմ եկել ակադեմիայի կազմից, որովհետեւ ես չեմ կարող հանդուրժել տգիտություն եւ խուլիգանություն՝ գիտության ասպարեզում: Այստեղ սպորտ չի, օլիմպիադա չի, հասկանո՞ւմ եք»:
Կարդացեք նաև
Ըստ Հայկ Դեմոյանի, մարդիկ չեն գիտակցում, որ ազգային անվտանգության խնդիր է: Լրագրողների հարցին, որ Դուք հիմա ստիպված եք ասել այդ պաշտոնյայի անունը, որը Թուրքիայի հատուկ ծառայությունների համար է աշխատում՝ Հայկ Դեմոյանն անուն տվեց. «Խոսքը Աշոտ Մելքոնյանի մասին է, որ փորձեց բոլոր ճիգերը գործադրել՝ տապալելու իմ ատենախոսությունը: Ատենախոսության պաշտպանությունը ստացավ ձայների մեծամասնությունը»:
Մեր այս հրապարակումից հետո Հայկ Դեմոյանը «Ֆեյսբուքում» հրապարակել է «Էժան սկանդալ որոնելիս» հետեւյալ գրառումը
Մոտ մեկ ժամ առաջ Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բաց տեքստով հայտարարություններ կատարեցի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները խափանելու և հայկական շրջանակներին իրենց ծրագրերում ներքաշելու վտանգավորության մասին: Խոսեցի նաև իմ ատենախոսությունը տապալելու փորձերի մասին, որոնք որակեցի որպես հանցավոր գործարք ու լկտի գործելաոճ: Ասուլիսից ավարտից հետո մոտեցա «Առավոտ» թերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին և կատակով ասեցի հետևյալը. «Հուսով եմ, որ իմ խոսքերը չեք խեղաթյուրի», Ասեց՝ ոչ: Ավաղ… Նյութի վերնագիրն է. «Սկանդալ. Հայկ Դեմոյանը անուն է տալիս. «ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որ ծառայում են Թուրքիայի հատուկ ծառայություններին»: Բացարձակ սուտ և իմ խոսքերի միտումնավոր խեղաթյուրում էժան սկանդալ որոնելիս: Սա լրագրություն չէ, այլ … դժվարանում եմ նույնիսկ ասել, թե ինչ գործելաոճ է: Նույն լրագրողական սկանդալային գործելաոճը, որը էլ ավելի է վտանգելու մեզ ցանկացած իրավիճակում: Բարեբախտաբար ասուլիսը հենց այս դեպքերի համար հատուկ տեսագրում ենք և «Առավոտի» լրագրողին հրավիրում ենք թանգարան՝ վերստին իմ արտաբերած խոսքերն ու ձևակերպումները լսելու համար»:
«Առավոտն» էլ իր կողմից հրապարակում է պրն Դեմոյանի ասուլիսի ձայնագրությունը՝ ընթերցողներին առաջարկելով գտնել տարբերություններ մեր հրապարակածի եւ նրա արտաբերածի միջեւ: Վիճարկվող հատվածը սկսվում է 30-րդ րոպեից: