Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 25-ին մասնակցել է Ազգային ժողովի լիագումար նիստին, որի ժամանակ քննարկվել և ընդունվել է 2015թ. պետական բյուջեի օրենքի նախագիծը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որի տեքստը կցվում է ստորև:
«Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,
Հարգելի՛ պատգամավորներ, գործընկերներ, հրավիրվածներ,
Ձեր դատին ենք ներկայացնում ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը՝ հիմքում ունենալով ԼՂՀ կառավարության 2012-2017 թվականների գործունեության ծրագիրը, որը կազմվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրի և ԼՂՀ սահմանադրության պահանջներին համաձայն:
Կարդացեք նաև
Սահմանադրական կարգի գլխավոր հիմունքներից է սոցիալական պետությունը: Թույլ տվեք ներկայացնել մի քանի դրույթներ գալիք տարվա պետբյուջեի նախագծից՝ ի կատարումը նշյալ սկզբունքի:
2015 թվականի բյուջեի 87,2 մլրդ դրամ ծախսերից մոտ 58 մլրդ դրամը կամ 68 տոկոսը ուղղակի սոցիալական բնույթի են (աշխատավարձեր, սոցիալական պաշտպանության, կրթության, առողջապահության համակարգերի ֆինանսավորում, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և տրանսպորտի փոխհատուցումներ): Բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների հիմնական մասը ևս ուղղվում է սոցիալական խնդիրների լուծմանը (բնակարանաշինություն սոցիալական խմբերի համար, դպրոցների, մանկապարտեզների կառուցում և այլն):
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի բյուջեով աշխատավարձի ֆոնդը նախատեսվում է 31,4 մլրդ դրամ. սա այն դեպքում, երբ 2014 թվականին այն կազմել է 28,3 մլրդ դրամ, իսկ 2007 թ.-ին՝ 9 մլրդ դրամ:
Առողջապահության համակարգի ծախսերը 2015թ.-ին կկազմեն 5 մլրդ 750 մլն դրամ, իսկ 2014թ.-ին դրանք եղել են 5 մլրդ 92 մլն դրամ, 2007թ.-ին՝ 1 մլրդ 620 մլն դրամ:
Կրթության ֆինանսավորմանը 2015թ.-ին կուղղվի 13,5 մլրդ դրամ, իսկ 2014թ.-ին այն կազմել է 11,7 մլրդ դրամ, 2007թ.-ին՝ 9,1 մլրդ դրամ:
Սոցիալական պաշտպանության համար 2015թ.-ին նախատեսվում է ծախսել 22,1 մլրդ դրամ, 2014-ին ծախսվել է 19,7 մլրդ դրամ, 2007-ին՝ 6,2 մլրդ դրամ:
Այսպիսով՝ 2015 թվականը կարելի է համարել սոցիալական աջակցման տարի:
Հարգելի՛ պատգամավորներ,
Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված է, որ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներն են՝
1. «Հովանավորել ընտանիքը, մայրությունը և մանկությունը»: Բյուջեի նախագծով շարունակելու են գործել՝ ամուսնությունների խթանման ծրագիրը (300 մլն դրամ), որով միանվագ աջակցություն է տրամադրվում նորապսակներին, հղիության և ծննդաբերության նպաստները (1 մլրդ 171 մլն դրամ), ինչպես նաև տարբեր տեսակի նպաստներ՝ ուղղված երեխաների սոցիալական պաշտպանությանը, նախադպրոցական կրթական ցանցի ընդլայնմանը, կրթության պայմանների և որակի բարելավմանը:
2. «Աջակցել բազմազավակ ընտանիքներին»: Շարունակելու ենք տրամադրել ծնելիության խթանման նպաստներ (1 մլրդ 200 մլն դրամ), 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին հատկացնել բնակարան:
3. «Դրսևորել առանձնահատուկ հոգածություն հաշմանդամ ազատամարտիկների և զոհված ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ»: Բարձրացվում են թոշակներն ու նպաստները, շարունակվելու են բնակարանային պայմանների բարելավման գործող ծրագրերը, կմեկնարկի հիփոթեքային արտոնյալ նոր ծրագիրը՝ բնակարան կառուցելու, ձեռք բերելու և վերանորոգելու նպատակով, նշված խմբերին հատկացվելու են միանվագ դրամական օգնություններ տոն օրերի կապակցությամբ և այլն:
4. «Նպաստել բնակչության զբաղվածությանը և աշխատանքի պայմանների բարելավմանը»: Կխթանվի փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությունը, ուշադրության կենտրոնում կլինի թեթև արդյունաբերությունը, կշարունակվի աշխատատեղերի ստեղծման պետական աջակցության քաղաքականությունը գյուղատնտեսության, վերամշակման, հանքարդյունաբերության և մնացած ուղղություններով: Հատկանշական է, որ վարձու աշխատողների թիվը 2007 թվականի 41 հազարից 2014 թվականին հասել է 50,3 հազարի՝ աճելով շուրջ 22 տոկոսով:
5. «Խթանել բնակարանային շինարարությունը, նպաստել յուրաքանչյուր քաղաքացու բնակարանային պայմանների բարելավմանը»: Կշարունակվեն հիփոթեքային վարկերի և արտարժույթի փոխարժեքի տատանումների ռիսկերի նվազեցմանն ուղղված սուբսիդավորման ծրագրերը, 2015 թվականին կգործի հիփոթեքային վարկերի վճարված տոկոսների մասով եկամտային հարկի արտոնության նոր ծրագիրը, որը ևս լրացուցիչ աջակցություն կլինի շահառուների համար, կմեկնարկի հիփոթեքային արտոնյալ նոր ծրագիրը փախստականների, հաշմանդամների, զոհված ազատամարտիկների երեխաների համար, կշարունակվի սպայական անձնակազմի համար բնակարանաշինության ծրագիրը, վերաբնակեցման ծրագրով ևս կիրականացվի բնակարանաշինություն, Ազգային վիճակախաղի արդյունքներով ստացված գումարներից ևս կուղղվեն վերաբնակեցման ծրագրի բնակարանաշինությանը, կշարունակվի շինանյութերի տրամադրման ծրագիրը, գալիք տարվանից կսկսվի գյուղական բնակավայրերում բնակարան կառուցողներին պետական աջակցության փորձնական ծրագիրը՝ սկզբնական փուլում 2 մլն-ական դրամի աջակցության չափով:
6. «Իրականացնել բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստել արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծմանը»: Նոր կառուցված հանրապետական հիվանդանոց, Մարտակերտի և Մարտունու շրջանային հիվանդանոցներ և պոլիկլինիկա, Կովսականի կապիտալ վերանորոգված հիվանդանոց՝ բոլորն էլ համալրված ժամանակակից սարքավորումներով, կառուցվում են Քաշաթաղի, Գետավանի, շուտով Քարվաճառի հիվանդանոցները, շարունակվում է նոր ծննդատան շենքի շինարարությունը, կմեկնարկի ուռուցքաբանական ժամանակակից կենտրոնի կառուցումը, հանրապետական հիվանդանոցում արդեն գործում է անգիոգրաֆիայի անցկացման ծառայությունը և այլն:
7-ից 16 կետերը հիմնականում արտացոլում են պետության գործառույթները սպորտի, երիտասարդության, անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացման, մշակույթի, գիտության, զբոսաշրջության, տարեցների և հաշմանդամների կենսամակարդակի բարելավման ուղղությամբ: Բոլոր այդ ոլորտներում 2015 թվականին 2014թ.-ի համեմատ շոշափելի բարձրացումներ են նախատեսվել պետական բյուջեի նախագծով:
Անժխտելի իրականություն է, որ նշված սոցիալական ծրագրերով բյուջեի ծախսերի ավելացումները պայմանավորված են գլխավորապես տնտեսական աճով՝ բյուջեի մուտքերի ավելացմամբ: Վերջին տարիների տնտեսական աճը (միջինը 10 տոկոս) ապահովել է ոչ միայն մուտքերի ավելացում, աշխատատեղերի ստեղծում, այլ նաև թույլ է տվել գյուղատնտեսության, սննդի վերամշակման, էներգետիկայի, շինանյութերի արտադրության, հանքարդյունաբերության նոր նախագծերի շնորհիվ դիվերսիֆիկացնել տնտեսությունը: Ուշագրավ է, որ 2007թ.-ի բյուջեի սեփական մուտքերի 30 տոկոսն ապահովել է մեկ ընկերություն՝ «Բեյս Մեթլսը» (13,8 մլրդ դրամից 4,1 մլրդ-ը), իսկ 2014թ.-ին մոտ 30 մլրդ մուտքերից նույն ընկերությունը ապահովել է շուրջ 2 մլրդ-ը: Այսինքն՝ առանց նշված ընկերության մուտքերի՝ 2014թ.-ին սեփական մուտքերը մոտ 3 անգամ գերազանցում են 2007թ.-ի ցուցանիշը:
Ի դեպ, եթե բյուջեի ծախսերում 2000 թվականին ՀՀ-ից ստացված միջպետական վարկը կազմել է մոտ 73 տոկոս, իսկ 2007թ.-ին՝ 60 տոկոս, ապա 2015թ.-ին այն կկազմի մոտ 52 տոկոս: Նշեմ նաև, որ միջպետական վարկը ձևավորվում է երկու կառավարությունների միջև կնքված համաձայնագրի հիման վրա, իսկ Հայաստանի Հանրապետության պետբյուջեի ընդհանուր եկամուտներում Արցախի տնտեսությունը ևս լուրջ մասնակցություն ունի՝ մաքսային և հարկային վճարների տեսքով, որոնք կազմում են միջպետական վարկի գերակշիռ մասը: Հետևաբար, չար լեզուները թող իմանան, որ Արցախին տրամադրվող միջպետական վարկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվին չի կատարվում, և ԼՂՀ քաղաքացիները ևս մասնակցություն ունեն այդ գումարների ձևավորման գործում: Այո՛, մենք հարգում ենք բոլոր նրանց, ովքեր օգնում են Արցախին, մասնակցում են բարեգործական և տնտեսական ծրագրերին, բայց նաև պետք է գնահատել Արցախի զարգացման տեմպերը, որն արդյունք է ակտիվ ներդրումային քաղաքականության. եթե 2007թ.-ին ներդրումներն իրական ակտիվներում կազմել են 12 մլրդ դրամ, 2008թ.-ին՝ 21 մլրդ, ապա 2012 թվականին դրանք կազմել են 75 մլրդ, իսկ 2013թ.-ին՝ 69 մլրդ դրամ:
Ինչ վերաբերում է շինարարությանը. եթե 2007 թվականին ոլորտին հատկացված 21 մլրդ դրամից 13 մլրդ-ն է եղել պետական, 2008 թվականին՝ 26 մլրդ-ից 17,9 մլրդ-ը, ապա 2013 թվականին 45 մլրդ-ից 17,9 մլրդ-ն է ֆինանսավորվել պետական բյուջեից: Համեմատե՛ք ակտիվ ներդրումների ծավալների տարբերությունը. 5 տարում շուրջ 230 տոկոս աճ:
2015 թվականին ՀՆԱ-ի 9 տոկոս և հետագա տարիների բարձր աճը սպասվում է էներգետիկայի, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, սննդի վերամշակման, հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և այլ ճյուղերի հաշվին:
Փոխարժեքի տատանումները, գնաճը և նման խնդիրները մեզնից պահանջում են հստակ միջոցառումների պլան՝ բնակչությանը զերծ պահելու սոցիալական լարումներից: Առաջիկայում արտարժույթի փոխարժեքի տատանումներից կախված՝ մենք պետք է նոր գործիքներ կիրառենք արտարժույթով վարկ ստացած քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների վարկային բեռը մեղմացնելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության անդամակցելը Եվրասիական տնտեսական միությանը պահանջում է մեզնից տնտեսվարող սուբյեկտների հետ ամենօրյա աշխատանք իրականացնել և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել ներմուծման և արտահանման գործընթացներում:
Հարգելի՛պատգամավորներ,
2015 թվականի պետական բյուջեի նախագիծը ձեր կողմից հավանության արժանանալու դեպքում, համոզված եմ, կարողանալու ենք միասին կատարել մեր կողմից ստանձնած սոցիալական պարտավորությունները, ապահովել տնտեսական աճի բավարար տեմպեր, ստեղծել հարյուրավոր նոր աշխատատեղեր, բարելավել մեր քաղաքացիների սոցիալական դրությունը:
Այնուամենայնիվ, առկա ֆինանսատնտեսական ռիսկերը պահանջում են մեզնից ամենօրյա ծանր աշխատանք, անհրաժեշտության դեպքում վճռական քայլերի իրագործում: Համոզված եմ, որ 2015 թվականը լինելու է ծանր, բայցև հաջողված տարի մեր հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի հանրապետությունների համար:
Վերջում կցանկանայի շնորհավորել բոլորիս՝ Ամանորի և Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ, կայուն և զարգացման տարի»:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին