Վերնիսաժի կրակոցների գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց Յուվեցի Կարոյի փեսա (Ազգային ժողովի պատգամավոր Կարո Կարապետյան), ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի դատախազի դեմ բացարկի միջնորդությունը:
Ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությամբ: Պաշտպանն ասաց, որ նախորդ նիստին դատարան չգալը պայմանավորված է եղել իր պաշտպանյալին հիվանդանոց տեղափոխելու հանգամանքով, սակայն այն, ինչ ինքը տեսել է Հերացի-1 բուժկենտրոն տեղափոխելիս՝ իր պրակտիկայում երբեւէ չի եղել: Այնտեղ հրաժարվել են ամբաստանյալին բուժօգնություն ցույց տալ, պահանջել են ուղեգիր, որը, ըստ պաշտպանի՝ ասես սեւ թուղթ լիներ, որը չէինք կարողանում ճարել: Վալերի Հովհաննիսյանի ծնողները պատրաստ են եղել վճարել:
Ամբաստանյալին տեղափոխել են «Իզմիրյան» ԲԿ, որտեղ ըստ պաշտպանի, երբ հնչում էր «Վերնիսաժի գործ» արտահայտությունը՝ օգնության տրամադրումը փակուղի էր մտնում: Այնուամենայնիվ, հետվիրահատական գործողություններ են իրականացրել, սակայն մորը հնարավորություն չեն տվել, որպեսզի խնամի որդուն, իսկ վիրահատություն տեղի չի ունեցել, քանի որ բժիշկը հրաժարվել է եւ հայտարարել, որ վիրահատությունը կվտանգի Վ. Հովհաննիսյանի կյանքը:
Ամբաստանյալին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս, որտեղ, սակայն նրան նախապատրաստել գալիք վիրահատությանը, անհնար է, քանի որ, ըստ պաշտպանի՝ մինչեւ հունվարի 12-ը, Ամանորի հետ կապված՝ կլինեն որոշակի բարդություններ:
Կարդացեք նաև
Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանի կարծիքով՝ պաշտպանի այս միջնորդությունն ասես բաց նամակ լինի՝ ուղղված առողջապահության նախարարությանը: Նա չթաքցրեց անգամ իր զարմանքը, թե առաջին անգամ է լսում, երբ բժիշկները հրաժարվում են որոշակի գործողություն կատարելուց, ասելով, թե վտանգավոր է կյանքի համար: Նա պահանջեց պատշաճ բժշկական փաստաթղթեր:
Բացի դատախազից բոլորը չառարկեցին այս միջնորդության դեմ: Դատավորը մտել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ