Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում, ամփոփելով տնտեսական տարին, նշեց, որ նոր կառավարությունը լավ օրենքներ ընդունեց՝ փոքր բիզնեսը խթանելու համար, սակայն դրա արդյունքները դեռ չեն երեւում, քանի որ պետական կառույցները համապատասխան կերպով չեն ներկայացնում դրանք: Պրն Մակարյանը նաեւ նշեց, որ աշխարհաքաղաքական վերադասավորումների մեջ հարեւան երկրների տնտեսությունները զարգանում են, և, հետևաբար Հայաստանը իր տնտեսական կոմպոնենտը պետք է ուժեղացնի արտաքին շուկաներ գտնելու համար:
Մյուս կարեւոր խնդիրները, ըստ Գագիկ Մակարյանի, նրանք են, որ հնարավորություն չեղավ նվազեցնել աղքատության, գործազրկության մակարդակները, աշխատանքային միգրացիայի տեմպերը. «Միաժամանակ նաեւ փորձեցինք լինել միջանկյալ իրավիճակում ԵՄ եւ ԵՏՄ միջեւ»:
«Սակայն մի ակնհայտ երեւույթի հանդիպեցինք, որ այս ճգնաժամի արդյունքում մեր համապատասխան կառույցները չկարողացան արդյունավետ գործել ֆորսմաժորային իրավիճակում»: Պրն Մակարյանը սա պայմանավորում է նրանով, որ կառավարությունում, ԱԺ-ում եւ Կենտրոնական բանկում կա տնտեսագիտական մտքի պակաս. «Հիմա Կենտրոնական բանկը հպարտ կեցվածք ունի, թե զսպել է արժեզրկումը, սակայն դրամի արժեզրկումը ժամանակավոր է եւ երբեք չի գա իր նախկին դիրքին»:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ իր խոսքում նշեց, որ ճիշտ է համարում կապել երկրի ներքին տնտեսական իրավիճակը արտաքին գործոնների հետ. «Սրանք ակնհայտորեն փոխկապակցված են: Եթե համեմատենք 2008 թվականի ճգնաժամի հետ, այն ժամանակ հայտարարում էին, որ ճգնաժամը կանցնի մեր կողքով, քանի որ, իսկապես, Հայաստանը համաշխարհային տնտեսությանը թույլ էր ինտեգրված: Ասել՝ հիմա շատ է ինտեգրված, սխալ կլինի: Սակայն հիմա այլընտրանք չկա, քանի որ ինտեգրացիոն գործընթացները կլանում են Հայաստանը, ուստի ամենափոքր ցնցումները, որ նկատվում են տարածաշրջանում եւ համաշխարհային տնտեսությունում, անպայմանորեն իրենց ազդեցությունը թողնում են»:
Կարդացեք նաև
Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ բարեբախտաբար, նկատվում են Հայաստանի համար նպաստավոր միտումներ . «Եվրամիությունն արդեն նոր ձեւաչափի է դիմում, որ հուսանք 2015 թվականին կոնկրետ մեխանիզմների կվերածվեն»:
Պրն Մանասերյանը մտահոգություն հայտնեց, որ եթե միգրացիայի ռեժիմը ազատականացվում է ԵՏՄ-ում, ապա դա Հայաստանի համար շատ լուրջ մարտահրավեր է դառնում՝ ոչ միայն տնտեսական անվտանգության, այլեւ ազգային անվտանգության տեսանկյունից. «Արտահոսքը ուղղակի օրինականանում է: Մյուս կողմից էլ ԱՄՆ-ն նոր արտոնություններ տվեց վիզայի ազատականացման առումով: Նույնն էլ կլինի ԵՄ պարագայում: Սա նշանակում է, որ մենք պետք է այդ մարտահրավերներին պատրաստ կլինենք»:
Իսկ թե ինչ կտա ԵՏՄ-ն, պրն Մանասերյանի խոսքով, իր մոտ լուրջ մտահոգություններ կան. «ԵՏՄ-ն շատ ամբիցիոզ ծրագիր է: Ոչ ստեղծել ենք Մաքսային միություն, ոչ ազատ առեւտրի շուկա, ոչ ընդհանուր շուկա: Մենք ազատ առեւտրի գոտի ունենք միայն Վրաստանի հետ»:
ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն էլ, լսելով տնտեսագետների տեսակետները, հետաքրքրվեց. «Եթե մենք լավ օրենքներ ենք ներկայացնում, ինչպե՞ս կարող ենք դրանք լավ չպատկերացնել: Մենք բոլոր մեխանիզմները շատ լավ հասկանում ենք: Հայաստանը երբեք խղճուկ չի: Ինչքան Ռուսաստանը մեզ է պետք, այդքան էլ մենք ենք պետք Ռուսաստանին, ավելի շատ: Այնպես չէ, որ մենք խեղճ ու կրակ ենք, իրենց էլ ասում ենք՝ եկեք մեզ փրկեք»: Վարդան Այվազյանը վստահեցնում է, որ Հայաստանը շատ ավելի մոբիլ է, քան որեւէ այլ երկիր. «Մենք ոչ ոքի ուղեբեռ չենք դառնում»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ