ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր «Մեդիա կենտրոնում» ամփոփելով անցնող տնտեսական տարին, ասաց, որ 2014 թվականը հատկանշական էր միջազգային տնտեսական ինտեգրման ձեւաչափերի քննարկումների եւ բանակցությունների առումով եւ հատկապես Հայաստանի ԵՏՄ անդամակցության տեսանկյունից:
Փոխնախարարի խոսքով՝ ԵՏՄ անդամակցությունը համադրվում էր Եվրամիություն ինտեգրման գործընթացի հետ. «Արդեն առիթ ենք ունեցել հայտնելու, որ հունիս ամսից սկսվել է նախապատրաստվել Եվրամիության հետ նոր ձեւաչափի շուրջ քննարկումների որոշակի փուլ, իսկ հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում արդեն կոնկրետացվել են դրանք: Հիմա մենք ԵՄ գործընկերների հետ արդեն սկսել ենք կոնկրետ առեւտրատնտեսական համագործակցության հստակ ուղղությունների եւ ձեւակերպումների շուրջ քննարկումները»: Գարեգին Մելքոնյանը նշեց, որ այս պահին քննարկումներ են ընթանում խորը համապարփակ ազատ առեւտրի եւ տնտեսության տարբեր ոլորտների համար ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ. «Կան մասեր, որ չեն կարող կիրառվել ստորագրվելիք փաստաթղթում, օրինակ, զրոյական մաքսատուրքերի վերաբերյալ, մաքսային վարչարարությանն առնչվող մի քանի խնդիրներ, սննդի անվտանգությանն առնչվող որոշ կանոնակարգումներ»:
Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամակցությանը՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ կան կարգավորումներ, որ Հայաստանի համար նոր են. «Մասնավորապես՝ ոչ սակագնային բլոկում որոշակի կարգավորումներ կան, որոնք Հայաստանը չի կիրառել: Այս փոփոխությունների մասին պետք է նաեւ ծանուցել մեր բիզնեսի ներկայացուցիչներին»:
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն էլ Գարեգին Մելքոնյանի ելույթից հետո նշեց, որ չի կարելի ԵՄ-ն եւ ԵՏՄ-ն հակադրել իրար. «Այստեղ ոչ թե «կամ-կամ»-ն է գործում, այլ «եւ-եւ»-ը: Կարելի է ստեղծել լավագույն տնտեսական մոդել այս երկու կառույցների միջեւ հետագա համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»:
Վարդան Այվազյանը համադրելով երկու միությունների շուկաները, վստահեցրեց, որ շուկաներում միշտ գործում է տնտեսագիտական օրենքը եւ շատ անգամ դրամի արժեզրկումն էլ են կապում այլ շուկաների հետ. «Ոչ, դա սխալ մոտեցում է: Իրականում դեռ ամբողջ աշխարհը թեւակոխվել է նոր տնտեսական ճգնաժամի: Ռեսուրսային շուկաներում տեղի են ունենում լուրջ տեղաշարժեր, որոնց Հայաստանը մաս չի կարող չկազմել»:
Անդրադառնալով երկրում ընդհանուր տնտեսական դրությանը, պրն Այվազյանն ասաց. «Ես դեմ եմ այն մոտեցմանը, որ ընդհանուր տնտեսական ճգնաժամը Հայաստանի կողքով կգա եւ կանցնի, դա կլինի այն պարագայում, երբ Հայաստանն այս երկրագնդի վրա չլինի»:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ ասուլիսին ամփոփեց երկրում ներքին տնտեսական դրությունը եւ նշեց, որ Հայաստանը չի ստեղծել տնտեսության համար անվտանգության բարձիկներ. «Հասկանալի է, որ 21-րդ դարում ինտեգրացիա պետք է, մեկուսանալ պետք չէ: Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ մեծ պայքար է ընթանում, եւ դա քաղաքական երանգ ունի եւ, բնականաբար, սրանցից յուրաքանչյուրը ձգտում է մյուսին խանգարել իր բեւեռը կառուցելու համար: Այս պարագայում Հայաստանի նման երկրները հայտնվել են դժվար իրավիճակում»:
Պրն Բոստանջյանը 2014 թվականը համարում է տնտեսական անորոշությունների ժամանակահատված:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ