Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով 2014 թվականը ասաց, որ տարին երեք առանձնահատուկ ուղղվածություն ունի. «Առաջինն այն է, որ Հայաստանի քաղաքական հռետորաբանության մեջ նկատվեցին ավելի կոշտ մոտեցումներ, որոնց գագաթնակետը կարող ենք համարել նախագահի ելույթը, որով գրողի ծոցն ուղարկվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Կարծում եմ՝ սրանով հաստատվեց, որ մինչեւ 2015 թվականի ապրիլը հայ-թուրքական արձանագրությունները, որոնք վաղուց իրենց սպառել են, պետք է լիովին դուրս գան քաղաքական ասպարեզից»:
Ըստ թուրքագետի՝ երկրորդ ուղղությունն այն է, որ 2014 թվականի ընթացքում ավելի նշանավորվեց եւ ընդգծվեց գիտակցումը, որ Հայոց ցեղասպանության հարցը բարոյական դաշտից պետք է տեղափոխվի իրավական ասպարեզ, որին պետք է հետեւեն իրավական քայլեր: Իսկ երրորդ ուղղվածությունը, նրա խոսքերով, այն է, որ 2014 թվականը թուրքական կեղծ իմիտացիոն քաղաքականության քարոզչական հիմնական միտումների բյուրեղացման տարի էր. «Արդեն հստակ է, թե ինչպիսին է լինելու Թուրքիայի քարոզչական քաղաքականությունը 2015 թվականին ընդառաջ: Դրանք լինելու են մեծ մասամբ ագրեսիվ, իսկ մի մասը նաեւ հայամետ կամ հանդուրժողականության ֆոնով պատված հայտարարություններ կամ այնպիսի քայլեր, որոնց դեպքում Թուրքիան շահող է դուրս գալու: Այդ ամենի օրինակը ներկայումս արդեն Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ապրիլին հայ ժողովրդին ուղղված չակերտավոր ցավակցական ուղերձն էր, որի միայն վերնագիրն էր ցավակցական»:
Ռուբեն Մելքոնյանի խոսքերով՝ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության հետ կապված Հայաստանի հռետորաբանությունը ավելի կոշտանալու է եւ հասնելու է իր գագաթնակետին. «Իմ կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրությունները որոշակի կոշտ գնահատականի են արժանանալու Հայաստանի քաղաքական ուժերի կողմից, ընդհուպ հասնելու է մինչեւ Ազգային ժողովի օրակարգից նրա հանելը: Մյուսը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր բարձունքներ է գրավելու, ես կարծում եմ՝ 2015 թվականի առաջին կեսին ամբողջ միջազգային քաղաքական օրակարգը հագեցած է լինելու Հայոց ցեղասպանության խնդրով»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ