Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրինության հաշվետու մամուլի ասուլիսում ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանն անդրադարձավ վերջին տարիների ընթացքում Ծիծեռնակաբերդի տարածքում տեղի ունեցող շինարարական աշխատանքներին: Նա ասաց, որ ամբողջությամբ սալիկապատվել է հուշասյունը, հուշահամալիրը լիովին պատրաստ կլինի 2015-ին.
«Այս տարի թանգարանը 15 հազար այցելու է ունեցել, ընդ որում, սա այն դեպքում, երբ փոքրիկ ցուցադրություն է եղել: Իսկ հաջորդ տարի սպասվում է, որ այցելուների թիվը շատ ավելի մեծ կլինի:
Թանգարանը պատրաստում է ունիվերսալ ցուցադրություն, որը բազմատիրաժ 4 լեզուներով մատուցվելու է աշխարհին:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված համաժողովին ակնկալվում է, որ 300-ից ավելի ցեղասպանագետներ են գալու Երեւան:
Կարդացեք նաև
Ամենակարեւոր ցուցադրություններից է լինելու հատուկ թեմայով՝ ցեղասպանության երեխա զոհերի մասին, որը ցույց է տալու ցեղասպան երկրի այլանդակ դեմքը, որպեսզի աշխարհը տեսնի, թե որ երկրի հետ գործ ունենք»:
Հայկ Դեմոյանը նաեւ ասաց, որ ապրիլին Փարիզի քաղաքապետարանը հյուրընկալելու է Հայոց ցեղասպանության թանգարանին, պայմանագիր են կնքել. «Լուվրից ոչ հեռու տուրիստական կենտրոնում մենք բացելու ենք մեր բացառիկ ցուցադրությունը»:
Հայկ Դեմոյանն ասաց, որ ամբողջությամբ անելիքների փակագծերը չի բացելու, քանի որ ուշիուշով հետեւում են իրենց, եւ իրենց գաղտնապահությունն արդարացված է:
Հարցին՝ Թուրքիայում տարիներ շարունակ ստորագրահավաքներ են կազմակերպվում եւ ներողություն են խնդրում եւ այլն, բայց երբ հանդիպում եք թուրք ցեղասպանագետների հետ, այնտեղ ի՞ն չ տրամադրություններ կան:
Հայկ Դեմոյանն ասաց, որ 6-րդ զգայարանով զգում է, եւ գիտի, թե ինչ է կատարվում, ինչ է իրականացվում Թուրքիայի կողմից՝ չեզոքացնելու 2015-ին հայկական կողմից պատրաստվող միջոցառումների ազդեցությունը. «Երկու ուղղություն եմ տեսնում: Մեկը՝ դրսում սփյուռքի միջոցառումների ազդեցության ոչնչացման փորձ եւ ներթափանցման փորձ՝ Սփյուռքում, ՀՀ տարածքում եւ այլ երկրներում նմանատիպ համանման միջոցառումներին՝ փորձելով սեփական տեղն ապահովագրել այդ միջոցառումների շարքում եւ ստեղծելու լրացուցիչ հակասություններ, ներքին խժդժություններ առաջացնել եւ դաշտն իրենց ձեռքը վերցնել:
3 ամիս առաջ պայմանավորվածություն կար Փարիզի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որ Երեւանում Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջի էջերին գիրքը կներկայացնեմ Փարիզում: Հստակ որոշված էր օրն ու ժամը, տեղը: Սակայն 3 օրվա ընթացքում Հասան Ջեմալը ժամանում է Փարիզ եւ նույն օրը նույն ժամին կազմակերպում է գրքի շնորհանդես: Դա կոչվում է խափանարար աշխատանք: Սա լուրջ մտահոգություն պետք է առաջացնի: Այդպիսի ներթափանցման փորձ լինելու է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ