Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Ասատրյան. «Մեր քաղաքացիներն ավելի վատ են դիմավորելու այս Նոր տարին, քան նախորդը»

Դեկտեմբեր 25,2014 13:07

«Մեր քաղաքացիներն ավելի վատ են դիմավորելու այս Նոր տարին, քան նախորդը»,-այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հայտարարեց Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Նա նկատեց, որ ՀՀ իշխանություններն անթաքույց ասացին, թե պետք է գոտիները ձգել, քանի որ հայոց աշխարհում ամեն ինչ լավ չէ, կամ շատ բան վատ է:

Ըստ պարոն Ասատրյանի՝ 3.5 տոկոս տնտեսական աճը վերաբերում է միայն ՀՀ հասարակության մի հատվածին, բայց բնակչության լայն զանգվածները չեն տեսնում այդ 3.5 տոկոսի արդյունքն իրենց վրա: ՀՀ-ում տեսանելի տնտեսական աճը, որը կարող է դրական հետևանքներ ունենալ՝ 6-7 տոկոս տնտեսական աճն է: Այնպես որ, գալիք տարի մենք աղքատների ավելի մեծ տոկոս կունենանք, քան նախորդ»:

Մինչ Բագրատ Ասատրյանն իր մտահոգություններն էր հայտնում, նույն այդ ժամանակահատվածում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ՀՀ կառավարության նիստում հայտարարում էր.  «Այժմ կարող ենք ուղղակի փաստել, որ թե՛ գների, թե՛ փոխարժեքի տեսակետից մենք ունենք կայուն իրավիճակ, եւ մասնավորապես փոխարժեքի շուկայում տատանողականությունը, որը վերաբերում է գնման եւ վաճառքի տարբերությանը, ստանդարտի մեջ է, որը միշտ եղել է, երբ որ շուկան եղել է կայուն»:
Aravot.am-ի հարցին՝ համամի՞տ է այս կարծիքի հետ և եթե այո, ապա երաշխիքներ կա՞ն, որ այդ կայունությունը կպահպանվի, պարոն Ասատրյանն արձագանքեց. «Եթե հարցին ձևական մոտենանք, այո: Բայց երկու շաբաթ, տասը օր առաջ մեր հասարակությունը սարսափահար էր, խուճապահար, այսօր չկա սա, նշանակում է, որ խուճապ այսօր չկա: Բայց ինչ եղավ, դա պատահական չէր: Այսօր արդեն ծայրահեղ քայլեր են ձեռնարկվել, բավականին ծայրահեղ քայլերի դիմեցին դրամավարկային հատվածներում, սակայն ՀՀ կառավարությունը, ոչ էլ պատկան մարմինները, ոչ մի քայլ չեն արել, անգամ մի սուբյեկտ էլ չտուգանվեց»:

Մեր այն դիտարկմանը, ինչպե՞ս կառավարությունը ոչինչ չարեց, ՀՀ վարչապետը խանութ առ խանութ այցելելով գին էր իջեցնում, պարոն Ասատրյանն արձագանքեց. «Կներեք, դա գործնական չէ: Վարչապետը նախևառաջ ծրագիր պետք է ունենա, բյուջե, տնտեսական ծրագիր: Եթե վարչապետն այդ հինգ տոկոսի թանկացումը ընդունում է, բյուջեում քանի՞ տող է վերանայել: Մի՞թե միայն գոտի ձգելով այս հարցերը պիտի լուծվեն: Էմոցիոնալ առումով, բարի ցանկություններով ինչ որ բան արվել է: Բայց ինչպես ասում են, բարի ցանկություններով է սալահատակված դժոխքի ճանապարհը: Իրական մոտեցումներն ու քայլերը չի կարելի փոխարինել էմոցիաներով»:

Պարոն Ասատրյանը հնչեցրեց նաև մի շարք մտահոգիչ ցուցանիշներ, մասնավորապես այն, որ այս տարի շինարարության անկում է գրանցվել 5.5 տոկոսով. «Մենք 2015 մտնում ենք ոչ միայն վատ բազայով, այլ գնում ենք ԵՏՄ ու չգիտենք, որ դա էլ է մեզ համար սպառնալիք: Ռուսաստանը անկում է ապրելու 2015-ին՝ տնտեսական առումով: Հայաստան ներդրումներ չեն գալիս, չգիտեմ մինչև որքան են կրճատվելու այդ տոկոսները, տրանսֆերտների կրճատում կլինի, քանի որ Ռուսաստանում փող չկա, իսկ Ռուսաստանում կրճատվելու են առավել անպաշտպան հատվածները, որոնց հիմնականում լինելու են մեր հայրենակիցները»: Միակ դրական ցուցանիշը նա համարեց այն, որ ծնունդների թիվն աճել է:

Պարոն Ասատրյանն ասաց, թե սխալ է մատուցվում այն, որ փոխանակման կետերը սպեկուլյացիա են անում, թե թանկացումները համարժեք են գների թանկացմանը. «Չի կարելի նման բան հայտարարել, չի կարելի ժողովրդին լարել բանկերի դեմ»:

Անդրադառնալով ՀՀ բյուջեին՝ պարոն Ասատրյանն ասաց. «Այն բյուջեն, որ հաստատվեց, ոչ մի կապ չունի այսօրվա իրականության հետ: Այս իրավիճակում տասնհինգ օր պարապուրդի են պարտադրում, այնինչ պիտի գան հունվարի երկու-երեքից նստեն, մտածեն, թե ինչ են անելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031