Չնայած ձեռնարկված վարչական միջոցառումներին՝ այնուհանդերձ վերջին կտրուկ թանկացումից հետո ապրանքների գները Հայաստանում շատ դժվար են իջնում։
Ենթադրվում է, որ այսպես շարունակվելու դեպքում գնաճը առաջիկայում կգերազանցի նախատեսված մակարդակը։ Առավել եւս, որ արժութային շուկայում հաստատված հարաբերական կայունությունից հետո շարունակվում է ամերիկյան արժույթի դանդաղ արժեւորումը։ Գաղտնիք չէ, որ այն եղել եւ մնում է գների բարձրացման հիմնական պատճառներից մեկը։
Գների վերջին բարձրացման կապակցությամբ, որ ներառում է բազմաթիվ ապրանքային շուկաներ, Կենտրոնական բանկը ունի լուրջ մտահոգություններ թիրախային ցուցանիշների ապահովման առումով։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ԿԲ-ն որոշեց վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Եթե մինչեւ վերջերս Կենտրոնական դրամատունն այն նվազեցնում էր, ապա այժմ ստիպված է հակառակն անել։ Անցած օրը տեղի ունեցած նիստում ԿԲ խորհուրդը համաձայնություն տվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքի կտրուկ բարձրացմանը։
Հիշեցնենք, որ այն նպատակ ունի փողի թանկացման միջոցով ազդել գների վրա։ Այլ հարց է, թե այդ միջոցը որքանով է արդյունավետ ծառայում իր նպատակին։
Կարդացեք նաև
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից բարձրացվեց 1,75 կետով՝ հասցնելով մինչեւ 8,5 տոկոսի։ Տոկոսադրույքի նման կտրուկ փոփոխություններ շատ հազվադեպ են արվում։ Մի բան, որ հիմք է տալիս ասելու, որ ԿԲ-ն գնաճի ակտիվացման հետ կապված լուրջ մտահոգություններ ունի։
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում