Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գառնիկ Վաղարշակյան. «Բուհերի՝ հիմնադրամներ դառնալը չի լուծի այդ խնդիրը»

Դեկտեմբեր 25,2014 12:15

Վեջին մի քանի օրերի ընթացքում Երևանի պետական համալսարանը, Բժշկական, Ճարտարապետաշինարարական և Ճարտարագիտական համալսարանները փոխեցին իրենց կարգավիճակները՝ ՊՈԱԿ-ից հիմնադրամ դառնալով: Ոլորտի ղեկավարներն այս փոփոխությունը ներկայացրին՝ որպես հնարավորություն այդ բուհերում համատեղությամբ աշխատող դասախոսներին հրաժարվել սոցիալական պարտադիր վճարներից:

Սակայն այս հարցում կան մի շարք մտահոգություններ, որոնց այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Նա նշեց, թե ամենևին էլ այս փոփոխությամբ արհեստական միությունները շահեկան պայմաններում չեն հայտնվում: Որպես օրինակ՝ նա բերեց ՀՊՃՇՀ-ում իրավիճակը, երբ ամիսներ շարունակ աշխատակիցների մասնահանումներ կատարել են, մինչդեռ չորս ամիս առաջ արհմիությանը փոխանցում չի կատարվել սեպտեմբերից մինչև դեկտեմբեր: Մեր հարցին, թե արդյոք բուհերի՝ հիմնադրամներ դառնալուց հետո բուհի ղեկավարություն-արհմիություն հարաբերությունները փոխվո՞ւմ են, պարոն Վաղարշակյանը պատասխանեց. « ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ խնդրի լուծումը անձերով է պայմանավորված: Օրինակ՝ նշածս բուհում ռեկտորը գործել է իր կամայականությամբ: Եթե չորս ամիս դու աշխատակիցներից մասնահանումներ ես անում և չես փոխանցում կատարված մասնահանումը, սա արդեն կամայականություն է, մինչդեռ յուրաքանչյուր ամիս պետք է փոխանցել այդ գումարները: Արդյունքում գործատու-արհմիություն հարաբերությունները չեն գտնվում պատշաճ մակարդակի վրա»:

Պարոն Վաղարշակյանը հիշեցրեց, թե երբ Կուտակային պարտադիր կենսաթոշակների մասին օրենքն էր քննարկվում, իրենք բազմիցս բարձրաձայնել են այդ օրենքի թերի լինելու մասին: Սակայն իրենց ականջալուր չեն եղել. «Սա վկայում է այն մասին, որ մեր երկրում ոչ թե քաղաքակիրթ ձևով ասված խոսքին են ականջալուր լինում, այլ երբ փողոցում բունտ է բարձրացվում»:

Ըստ պարոն Վաղարշակյանի՝ բուհերի կարգավիճակի՝ նման արագ ձևով փոփոխությունը ցույց է տալիս որ օպերատիվ լուծումների ցանկություն ունեն:

Մեր հարցին՝ համամի՞տ է այն դիտարկմանը, թե բուհերի հիմնադրամներ դառնալու պարագայում մեծանում է բուհերի անկախությունը, այն դեպքում, երբ բուհերի խորհրդի նախագահները ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը եւ այլ պաշտոնյաներն են, պարոն Վաղարշակյանը պատասխանեց. «Եթե նկատել եք, հիմնական խոշոր հարկատուները մեր երկրում բուհերն են: Սա նշանակում է, որ ՀՀ բուհերը կանգնած են առաջին պլանում, որ բյուջեում հարկեր մուծեն, մինչդեռ բուհը սոցիալական ոլորտի կառույց է, նրան պետության և կառավարության կողմից պիտի լինի աջակցություն»:

Բուհերի անկախ գործելու հնարավորության մասին հավաստիացումների հետ պարոն Վաղարշակյանը լիովին համաձայն չէ: Նա կարծում է. «Որքան բուհերը լինեն կառավարելի, այնքան հասարակական կարծիքի վրա մեծ կլինի ազդեցությունը: Ես կարծում եմ, որ բուհերի կարգավիճակի փոփոխությունը չի լուծելու բուհերի անկախության խնդիրը, քանի որ խորհրդի ղեկավարները նույն մարդիկ են»:

Մեր հնչեցրած մյուս մտահոգությանը, թե այս փոփոխության դեպքում դուրս է գալիս բուհի ռեկտորի տարիքային սահմանափակման հարցը՝ փաստորեն նրանք դառնում են մշտամնա, պարոն Վաղարշակյանը պատասխանեց. «Իհարկե, այդ խնդիրը կա»:

Նա համաձայնեց նաև մեր այն դիտարկման հետ, թե փաստորեն այս փոփոխության համար իշխանությունները պարզապես օգտագործեցին երիտասարդ դասախոսների՝ կուտակային համակարգի առաջացրած խնդիրները: Պարոն Վաղարշակյանն ասաց. «Այս փոփոխության առիթն այն էր, որ մի քանի հարյուր երիտասարդ դասախոսների խնդիրր լուծվեց, որ ցույց տան, թե տեսեք, մենք ձեր խնդրին ուշադիր եղանք և ձեր խնդիրները լուծեցինք»:

Մյուս մտահոգությունն այն է, որ այս փոփոխության պարագայում բուհի բաժնեմասը կարող է լրիվ բաց ու հանգիստ վաճառվել, որի սահմանափակումները դեռ չկան: Պարոն Վաղարշակյանն այս առիթով ասաց. «Առայժմ սահմանափակումները մշակված չեն, բայց հնարավոր է՝ որոշակի սահմանափակումներ դնել, որոնց պարագայում հնարավոր չի լինի ասենք այդ հիմնադրամի բաժնետեր լինել: Բայց այն երկրում, որտեղ օֆշորը մտել է ոչ միայն բացատրական բառարան, այլև ամենօրյա կյանք, ամեն ինչ էլ հնարավոր է»:

 

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gohar says:

    “համալսարանները փոխեցին իրենց կարգավիճակները՝ ՊՈԱԿ-ից հիմնադրամ դառնալով”.աըդպես ել անհասկանալի նակհադասւտիւն՞,վերնագիրը արավել ըեվս․

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031