Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանի համար 2014-ը անհաջող տարի էր՝ քառյակը դարձավ եռյակ, արտագաղթը չկանխվեց, ԵՏՄ մտանք

Դեկտեմբեր 25,2014 11:44

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ 2014-ը հաջողված տարի չէր: Նա մի շարք հիմնավորումներ բերեց, թե ինչու է այս տարին համարում անհաջող. «Քանի դեռ մեր երկրում արտագաղթը շարունակվում է,ես չեմ կարող այդ տարին հաջող համարել»:

Ղարաբաղի հետ կապված զարգացումներին անդրադառնալով՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ բավականաչափ իրադարձություններ տեղի ունեցան, որոնց գագաթնակետը խփված ուղղաթիռներն էին եւ դիակների դուրս բերելն այնտեղից. «Երկու-երեք անգամ նախագահների հանդիպում տեղի ունեցավ: Դա կարող էր միտված լինել լարվածության լիցքաթափմանը, բայց խոշոր հաշվով լուծումներ այս պահին ես չեմ տեսնում՝ դիվանագիտական առումով: Պատկերացումները տարբեր են, ցավոք, Ադրբեջանը բացառապես ուժի լեզուն է հասկանում: Ունենալով մեծ գումարներ, սպառազինվելով՝ փորձում է ուժի դիրքերից խոսել, եւ դրան, ցավոք, օգնում է մեր ռազմավարական գործընկերը, որը Ադրբեջանին վաճառած զենքի քանակն այս տարի կհասցնի 5 մլրդ դոլարի»:

Արմեն Մարտիրոսյանը խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ ասաց, որ սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի դատապարտելի հայտարարությունից հետո երբեմն ԵՄ-ից հարվածներ ստանում ենք, բայց ցանկություն կա հարաբերությունները շարունակելու. «Մյուս կողմից Իրանից մենք դրական ազդակներ ենք ստանում: Իրանի դեսպանը ՀՀ-ում հայտարարություն արեց գազի հետ կապված՝ ասելով, որ կարող ենք շատ շահավետ բանակցել, նույնիսկ 100 դոլար արտահայտությունն արեց, որը չի կարող պատահականություն լինել: Մենք այդ հնարավորությունն ունենք, ոչ թե պետք է 400 դոլարով գազ գնենք»:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ԵՏՄ-ի անդամակցությունը ձեռնտու չէր Հայաստանին, եւ պայմանագիրը վավերացնելը նույնպես այս տարվա անհաջողություններից էր. «Ամբողջ խնդիրը կայանում էր իշխանությունը պահելու, ոչ թե երկրի անվտանգությունը բարձրացնելու կամ տնտեսությունը զարգացնելու: Տնտեսության վրա բացասական հետեւանքները խորանում են, մեր գործընկերը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: ԵՏՄ-ի խնդիրները մեզ համար քանի գնան, ավելի են խորանալու: Սա եղավ որպես իշխանությունը երկարաձգելու քայլ: Տնտեսական առումով ՀՀ-ում թղթի վրա ինչ-որ թվեր են ասում, աճ են արձանագրում, բայց իրականության մեջ բոլորովին այլ իրավիճակ է»:

Արմեն Մարտիրոսյանը խոսեց նաեւ եռյակի մասին՝ ասելով,որ եռյակի գործունեության արդյունքում էր, որ կառավարությունը հրաժարական տվեց. «Տիգրան Սարգսյանը PR-ի մասին էր խոսում, ոչ մի գնացող վարչապետ, եթե գիտի, որ գնալու է, չի խոսի PR-ի մասին»:

Նա ափսոսանք հայտնեց, որ այս տարի 4 ընդդիմադիր ուժերի համագործակցությունը 3 ուժերի դարձավ, դարձավ եռյակ: Ամփոփելով տարին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ շատ ցավոտ ավարտ ունեցավ տարին՝ նկատի ունենալով բռնությունները ազատամարտիկների նկատմամբ. «Ռազմիկ Պետրոսյանն ու Մանվել Եղիազարյանն այնպիսի հրամանատարներ են եղել, որ ամենածանր տեղերում եղել են, հաղթանակը իրենց նման նվիրված տղամարդկանց ու կանանց շնորհիվ է, որ եղել է: Նրանց հրավիրել հաց ուտելու եւ թիկնազորի միջոցով ծեծելը ուղղակի վերջն է մեր բարոյականության: Դրան գումարվեց Սուրեն Սարգսյանի ծեծը, պատգամավոր Արամ Մանուկյանի ծեծը, որը թույլատրելի չէր որեւէ ձեւով: Երկիրն այս ձեւով ուղղակի գնում է ավարտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Թե աստծուն էլ անդամակցի,
    Չարիքն իսպառ պիտի ջնջվի,
    Աստված էլ չէ ընկեր չարին,
    Դատարկ դրախտն է հենց բարին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031