«Լոկատոր» ընկերության «Հայկական Գանձեր» (Armenian Treasures) նախագիծն արդեն հասանելի է iPhone-ների համար: App Store-ում օրեր առաջ տեղադրվել է iPhone-ների համար նախատեսված հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում կատարել վիրտուալ ճանապարհորդություններ դեպի մի շարք հայկական պատմամշակութային համալիրներ: Ներկայումս App Store-ում տեղադրված “Armenian Treasures” հավելվածում հասանելի են Տաթևի, Ղազանչեցոցի, Գանձասարի, Գառնիի ու Գեղարդի ճանապարհորդությունները՝ ընդ որում Տաթև ճանապարհորդությունը կարելի է ներբեռնել անվճար: Մյուս ճանապարհորդությունները հնարավոր է ձեռք բերել սիմվոլիկ գնով՝ 0.99$:
Տեղեկացնենք, որ գոյություն ունեն նաև նախագծի հուշանվերային CD տարբերակները՝ գեղեցիկ ձեռագործ տուփերով, որոնք կարելի է ձեռք բերել ոչ միայն մայրաքաղաքի հուշանվերային խանութներում, այլև գրախանութներում, իսկ շատ շուտով նաև՝ օդանավակայանի անմաքս առևտրային գոտու (Duty Free) խանութում:
«Նորագույն տեխնոլոգիաներն ավելի շատ միտված են դեպի ապագա, ստեղծում են ապագայի լուծումներ և ակամա մեզ հեռացնում մեր մշակույթից, պատմությունից: Մենք փորձել ենք նորագույն տեխնոլոգիաները ծառայեցնել հենց մեր մշակույթին»,- նշում է նախագծի ղեկավար Էմիլ Ստեփանյանը և հավելում,- «Անչափ երախտապարտ ենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք աջակցում են նախագծին: Ստացվում է այնպես, որ մեր ընկերության ուժերով 3 տարի առաջ սկսած նախագիծը մեր հասարակության հետ միասին ենք շարունակում»:
Գալիք տարվա ընթացքում ևս նախագիծը կշարունակի հանդես գալ նորություններով, մասնավորապես կստեղծվի հավելված Android համակարգով սարքերի համար, ավարտին կհասցվի ևս 4 պատմամշակութային հուշարձանի՝ Խոր Վիրապի, Նորավանքի, Սևանավանքի և Կեչարիսի եռաչափ ճանապարհորդությունները:
«Լոկատոր» ՓԲԸ
Ռուզան Ապրեսյան
Հանրային կապերի մասնագետ