Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմվածք. «Կյանքի հետնաբեմում»

Դեկտեմբեր 25,2014 11:01
photo

-Հը՞, տուն ե՞ք ուզում գալ, մրսում ե՞ք, հա՞, դե՛, դե՛, չի կարելի, սոված ե՞ք, ա՛յ հիմարներ, մրսում ե՞ք, հա:

Նա օրորվելով պպզեց, ձեռքով հենվեց գետնին, մի պահ այդպես մնաց, հետո բարձրացավ:

-Ա՛յ, ա՛յ, ա՛յ…

Նորից պպզեց, շոյեց կատուներից մեկի գլուխը, ապա՝ մյուսի: Վերջինս գերագույն հաճույք զգալով, մեջքը ուռեցրեց, մռլտաց, ու հորանջելու նման մի բան արեց:

-Հիմ-մա, հիմ-մա ես ձեզ տուն կտանեմ, և կկերակրեմ, ասում եք, մրսում ե՞ք, հա, կմրսեք, բա ինչ կանեք՝ ցուրտը մի կողմից, սովը՝ մյուս կողմից: Ես էլ լինեի, կմրսեի, բա ի՞նչ կանեի:

Կատուների խմբի հետ մի քիչ զրուցելուց հետո, նա բացեց տան դուռը, մթագնած աչքերով ներս նայեց, մի քիչ առաջ գնաց, հետո փոշմանեց ետ գնաց, քթի տակ ինչ-որ բան քրթմնջաց, նորից առաջ գնաց, ոտքը դռնից ներս դրեց: Ճակատին ուժեղ հարված ստացողի պես նորից ետ ընկրկեց, կանգ առավ, զգաստ դիրք ընդունեց: Շա՜տ էր ցանկանում ուղիղ կանգնել, բայց չէր ստացվում, խարդախ օղին իր չար գործն էր անում:

-Պա՛հ, պա՛հ, էս ու՞մ եմ տեսնում, տո՛ բարև, է, մորքուր ջան:

Կինը՝ Լուսաբերը, գաղտնի չանչ արեց նրա կողմը, իսկ հյուրերին դիմախաղով հասկացրեց, որ ամեն օր սա է պատկերը:

-Կյանքս կերել է, Մանուշակ ջան,-կամացուկ դիմեց հարբածի մորաքրոջը Լուսաբերը:

-Քաջիկ ջա՛ն, անցյալ անգամ ասում էիր, թե էլ չես խմում,-հարբածին դիմեց հորաքույրը,-ես էլ ուրախացել էի, ասում էի՝ փա՜ռք աստծո, Քաջիկս խելքի է եկել, էլ չի խմում, հարբածին դիմեց մորաքույրը:

-Մորաքույր ջա՜ն, աստված վկա, էլ չեմ խմ-մում, հաստատ չեմ խմ-մում, սա հենց այնպես ընկերներով հավաքվել էինք մի երկու բաժակ, հենց այնպես…

Հետո հարբածը լռեց, ախորժակով զկրտաց, ինքնագոհ քթի տակ ժպտաց, ապա բարձրաձայն քահ-քահ ծիծաղեց ու պատմություններ պատմեց անցած պատերազմից…

Քաջիկի կինը սեղան գցեց, իսկ նա սկսեց ստիպել մորաքրոջը և նրա թոռանը, անպայման մի բան ուտել, իսկ ինքը տապակած կարտոֆիլը վերցնում և ուտում էր ընդհանուր ամանից, առանց այն իրեն առանձնացված ամանի մեջ տեղադրելու և այնտեղից ճաշակելու: Մանուշակ մորաքույրը այդ բանից նեղվում էր, բայց հո նկատողություն չէր անի, իսկ Լուսաբերի կատաղությունը արդեն գագաթնակետին էր հասնում:

Հետո Քաջիկը հացի կտորները թրջում էր իր անձնական ամանի ապուրի մեջ, գցում հատակին՝ կատուներին կերակրելով, որոնք արդեն բաց դռնից թափանցել էին սենյակ և դնչիկները վեր պարզած անհամբեր սպասում էին նրա ողորմածությանը:

-Կերե՛ք, անուշիկներս, Լուսիկը ձեզ սոված է թողել, դե ժլատի մեկն է,-քթի տակ մրմնջում էր Քաջիկը կնոջ հասցեին:

Հետո նա առանց ներողություն խնդրելու վեր կացավ ու դուրս գնաց, մի փոքր հետո նորից վերադարձավ ու դիմեց մորաքրոջ թոռանը.

-Լսի՛ր, էդքան զարգացել ե՞ս, անցյալ օրը փողոցում քեզ ինչքան գոռացի, ուշադրություն չդարձրիր, չէի՛ր լսում, որ քեռիդ է կանչում:

-Իհարկե, չեմ լսել, քեռի ջան, բա որ լսեի, չէի արձագանքի,-ստեց զարմիկը, որը հարբած մարդկանցից միշտ խորշում ու խույս էր տալիս:

-Որ խմ-մած էի դրա համա՞ր, շան որդի, բա էդ ի՞նչ ես կախել վզիցդ:

-Ֆոտոապարատ,-միամիտ ձևանալով արտաբերեց զարմիկը:

-Դե, որ ապ-պարատ է, մի հատ ինձ նկարիր, ես էլ՝ քեզ կնկարեմ, մորքուր ջան,-դարձավ նա մորաքրոջ,-քեզ ու թոռնիկիդ պիտի իրար հետ նկարեմ: Ա՛յ, ա՜տղա, ապ-պարատը տուր ինձ, էնպես նկարեմ, որ այսպես նկար դուրս գա, ըհը~,-բութ մատը ցցելով,  տղա՛, ապ-պարատը տուր ինձ, շարունակեց նա ու զարմիկի վզից կախված ֆոտոապարատը ձեռն առավ:

-Պա՜, պա՜, պա՜, բո՜, բո՜, բո՜, տռ՜ռ՜ռ,-աչքով անելով կնոջը սեղմեց ֆոտոապարատի կոճակը,-սրանից չորս հատ կհանես, ըհը, չըխկ, մի հատ էլ էս կողմից, չըխկ, լավ չեղավ, նորից՝ չըխկ:

Մի քանի անգամ տան ներսում նկարելուց հետո քեռին առաջարկեց դրսում էլ նկարվել: Զարմիկն ասաց, որ արևը մայր է մտել և նկարները լավ չի դուրս գա: Քեռին ուշադիր լսեց, սևեռուն հայացքը շեղեց դեպի ներքև ու լռեց: Երևի համաձայնեց ասվածի հետ:

-Ախր, ինչու՞ ես էդքան խմում, նորից հիշեցրեց հորաքույրը, էդ փողերը տուր մի կարգին բան գնիր, քոռ ու փուչ մի արա, կահույք գնիր, երեխաների համար հագուստ գնիր, տունդ վերանորոգիր…

Է՜, ուրեմն լավ բան պիտի առնեմ, որ մեր տուն գա՞ք,-խոսեց քեռին,-փայտի կտորներով տունս լցնե՞մ, բոլորը սուտ է, խմում եմ, բայց մեջս մաքուր է, կեղծ բան չունեմ, ճոխություն, հարստություն չեմ սիրում, հա, պապս էլ հարուստ էր, հետո ի՞նչ արին, կուլակաթափեցին: Բարձր պաշտոն են առաջարկում, բայց ես մերժում եմ, թքած փողի ու պաշտոնի վրա, մարդս մարդ լինի…

Հետո քեռին փորձեց կնոջ հոգու հետ խաղալ, բայց ստանալով կնոջ սաստող հայացքը, դանդաղ ընկղմվեց բազկաթոռի մեջ ու սկսեց կամացուկ երգել…

-Այս կատուները Մանուշակ ջան, մարդուս կյանքը փչացրին, խմելը մի չարիք էր, հիմա էլ սրանց է բերում տուն, կերակրում, կեղտոտում, չգիտեմ, ի՞նչ անեմ,- բողոքում էր Լուսաբերը:

Իսկ դրսում օրը վերջանում էր՝ իր տեղը զիջելով խաղաղ գիշերվան և իր իրավունքների մեջ էր մտնում ամենահաղթ մութը՝ դանդաղորեն իր թագավորությունը տարածելով երկրի վրա:

Երևի հարբածը բնական պահանջի պետք ուներ ու վայրկյան առաջ ցանկանալով ազատվել դրանից նորից դուրս եկավ տանից:

Զուգարանը դրսում էր, փայտաշեն, տանից որոշ հեռավորության վրա, բայց նրա քրթմնջոցը լսվում էր այնտեղից: Բավականին երկար մնաց նա պետքարանում, կինը անհանգստացավ, գնաց դուրս և զայրացած տուն վերադարձավ:

-Վա՜յ, Մանուշակ ջան, ընկել է անցքի վրա, կեղտոտ փայտերի մեջ, Գագիկ ջա՛ն, կգա՞ս օգնես բարձրացնենք:

Գագիկը վարանած անհեթեթ եղելությունից վեր կացավ, գնաց օգնելու մոլորված կնոջը: Երբ մոտեցան պետքարանին, տեսան, որ հարբածը ինչ որ հրաշքով վեր էր կացել և փորձում էր շալվարը կոճկել: Մի ձեռքով բռնել էր զուգարանի դռնից, որ վայր չընկնի, իսկ մյուսով բռնել էր շալվարն ու գոտին: Երբ իր դիմաց տեսավ Գագիկին, արնակալած աչքերը չռեց նրա վրա և որոտաց.

-Հեռացի՛ր, այստեղից, մենակ իմ կինն իրավունք ունի այստեղ մնալու:

Շալվարից և գոտուց բռնած, առանց այն կոճկելու նա հայտնվեց սենյակի դռների միջև:

-Ես, փիսոներիս պիտի կերակրեմ,-հանկարծ հիշելով կատուներին մռթմռթաց նա:

Փորձեց ետ գնալ,, բայց ուժերը դավաճանեցին, մի կերպ մոտեցավ բազմոցին և փռվեց նրա վրա:

-Անխիղճնե՛ր, փիսոներիս սոված չթողեք….

Կինը՝ Լուսաբերը, սովոր լինելով այս ամենին, փորձեց կատակել:

-Սրան ճանաչում ե՞ս,-ցույց տալով Գագիկին հարցրեց նա:

-Ի՜, բան ասացիր, հարևանիս լակոտն է, ես չիմանամ, էլ ո՞վ կիմանա:

Իսկ Գագիկը նայում էր նրան ու զարմանում, թե ի՞նչն է պատճառ դարձել, որ այսքան հարգարժան մարդը, որը պատերազմից տուն է վերադարձել բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, բարձր պաշտոններ զբաղեցրել, բայց հիմա հասել է անդունդի եզրին:

Կյանքը նրան հատակ էր նետել, նա չէր գտնում իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը և հարբելով էր ցանկանում վրեժ լուծել իրեն համար զազրելի դարձած այս կյանքից:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031