ՀՀԿ-ն՝ Արթուր Բաղդասարյանին
«Իր ձեռքն ինչպիսի՞ ճար պիտի լինի: Նա երկու անգամ պետության մեջ բարձր պաշտոն է զբաղեցրել: Առաջին անգամ երբ հրաժարական տվեց իր պաշտոնից, նորից նմանատիպ հայտարարություններ արեց: Հիմա էլ Անվտանգության խորհրդի քարտուղար էր, եւ նորից տեսնում ենք նմանատիպ արտահայտություններ: Առաջին նախագահն էլ, լինելով առաջին նախագահ եւ հետո կորցնելով իր պաշտոնը, նորից նմանատիպ հայտարարություններ էր անում: Կարծում եմ՝ սա որոշակի լավ շրջան չէ: Մեր այս 23 տարվա պատմության ընթացքում յուրաքանչյուրը պիտի իր գործը շատ լավ անի, եւ իր գործի արդյունքներով պիտի դատես մարդու մասին»,- ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն այսպես արձագանքեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հնչեցրած քննադատություններին, որ երկրում բազմաթիվ ապօրինություններ ու չարաշահումներ կան, որոնք հաղթահարելով՝ մենք կարող էինք լուրջ խնդիրներ լուծել: ՕԵԿ նախագահն ասել էր, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը տարեկան 1 մլրդ դոլարի շրջանառություն ուներ, 110 մլն դոլարով ծախեցին. «Արմավիան» սնանկացավ, չէ՞, բոլորս գիտենք: Բոլորս օդի տուրք ենք մուծել, ո՞ւր են այդ փողերը: Տարին 25 մլն դոլար՝ չկա այդ փողը: Ո՞ւմ դատեցին, ումի՞ց այդ փողերն ուզեցին՝ ոչ մեկից»: Արթուր Բաղդասարյանը նաեւ վստահեցրել էր, որ եթե իր ձեռքը ճար լիներ՝ Վերահսկիչ պալատի բացահայտած չարաշահումներից հետո դրանց հեղինակներին պատասխանատվության կենթարկեր, մեղավորներին էլ կտաներ կդատեր, որովհետեւ մարդիկ պետք է սովորեն ՀՀ-ում իրենց արածների համար պատասխան տալ:
Արտակ Դավթյանի խոսքերով՝ «Հետաքրքիր է, ո՞րն է այդ պաշտոնը, որն այդ ճարը տալիս է: Ես ինձ վրա չեմ վերցնի իրավապահ մարմինների գործառույթներ եւ հայտարարեմ, ես դատավոր չեմ, որ ասեմ, թե ով է մեղավոր, ով մեղավոր չէ: Կարծում եմ՝ համապատասխան մարմինները պիտի զբաղվեն դրանով եւ իրենց որոշումները կայացնեն: Այլապես կստացվի, որ ցանկացած պաշտոնյա կարող է փորձել փոխարինել այլ մարմիններին: Այդքան էլ լավ բան չի, երբ դու քո աշխատանքի մասին խոսելու փոխարեն՝ խոսում ես այլոց արածի կամ չարածի մասին: Չեմ կարծում, որ անընդհատ ծեծված թեմաներով դրական արդյունքի կարող ենք հասնել: Կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր պաշտոնավարման ժամանակ եւ պաշտոնավարումից հետո էլ պիտի խոսի այն, ինչ ինքը կարող է անել: Թե չէ՝ զուտ քննադատություն եւ օդում խոսքեր, այս բացասականի վրա փորձել էլի ինչ-որ բացասական մի բան ավելացնել՝ չեմ կարծում, որ դա դեպի եկեղեցի տանող ճանապարհ է»:
Արթուր Բաղդասարյանն ասել էր, որ մեկ-մեկ ինքն իրեն հարց է տալիս, թե ինչո՞ւ դուրս եկավ իշխանությունից: Նրա խոսքերով՝ «Դուրս եկա, որովհետեւ ես ունեի ծրագրեր, ուզում էի դա անել, բայց չէի կարողանում: Ես նստած էի գնացքի առաջին վագոնում՝ գնում էի այդ վագոնում: Բայց ես ուզում էի բան անել՝ չէի կարողանում: Կարելի էր ծրագրեր անել, խոշորածավալ ներդրումներ բերել Հայաստան»: Այս առնչությամբ Արտակ Դավթյանն ասաց՝ «Հիմա ի՞նչ էր պետք, նա պիտի տարիներով աշխատեր, հետո նոր գար այդ եզրակացության, որ չի՞ կարող իր ծրագրերն իրականացնել եւ իր ձեռքը պիտի ճա՞ր լիներ: Ձեր նշած գործիչը տարիներ շարունակ ի՞նչ էր ասում: Ասում էր՝ խավարն անընդհատ անիծելու փոխարեն ավելի լավ է մեկ մոմ վառեք: Տեսնո՞ւմ եք՝ ինչ տրանսֆորմացիաների ենք ականատես լինում: Դա էլ մեր իրականությունն է: Մարդը պաշտոնից զրկվում է, իշխանական լծակներից զրկվում է ու դառնում է ամենաթունդ ընդդիմադիրը»:
Կարդացեք նաև
Մենք պարոն Դավթյանից հետաքրքրվեցինք՝ չի՞ կիսում ՕԵԿ նախագահի այն մտահոգությունը, որ վերջին տարիներին մեր արտաքին պարտքը հասել է 5 մլրդ դոլարի, եւ այն վարկերը, որոնք վերցնում ենք, նպատակային չեն ծախսվում, 30 տոկոսը միայն խորհրդատվությունների համար է ծախսվում՝ սովորեցնում են հայ գյուղացուն, թե ինչպես պետք է կարտոֆիլ աճեցնել, կովի կուրծքը լվանալ: Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ինչքանով են արդյունավետ ծախսվում այդ վարկերը կամ չեն ծախսվում՝ այնքան տրիվիալ պատասխան ունի այդ հարցը: Գիտեք, ով գումար տալիս է, գումար տվողը նաեւ վերահսկում է դրա ծախսելու նպատակայնությունը: Մտեք ցանկացած բանկ եւ որոշակի գումար խնդրեք: Պարտադիր պիտի նպատակայնության մասին հարցնեն, եւ պայմանագրում էլ նշվում է այդ մասին: Գումար տվողը պարբերաբար մոնիտորինգների միջոցով ճշտում է, թե ինչքանով է արդյունավետ օգտագործվել այդ գումարը: Հայաստանի վերցրած պարտքերի արդյունավետության տեսանկյունից ուղղակի խնդիր չկա: Բացառությամբ ինչ-որ չնչին դեպքերի, ամբողջ գումարը, ինչ հատկացվել է, ըստ նպատակի ծախսվել է այն ուղղություններով, ինչի համար վերցվել է ի սկզբանե այդ գումարը»:
Արթուր Բաղդասարյանը քննադատել էր ՀՀ իշխանություններին, որ անդամակցելով ԵՏՄ-ին՝ ոչ մի ծրագիր չեն իրականացնում: Նրա խոսքերով՝ «ՌԴ-ն ներեց Ուզբեկստանի պարտքը՝ 850 մլն դոլար, ներեց Ղրղըզստանի պարտքը՝ 1 մլրդ դոլարի չափով՝ 2 անգամ, իսկ ՀՀ-ն վերադարձրեց ՌԴ պարտքը 500 մլն դոլար, երբ կարող էին այնպես անել, որ եթե չներվեր, գոնե այդ գումարը ներդնեինք ռուսական ձեռնարկությունների մեջ, զարգացնեինք»: Մեր հարցին՝ ինչո՞ւ չներվեց մեզ այդ 500 մլն դոլար վարկը, մենք ուզբեկների չափ չկա՞նք մեր ռազմավարական գործընկերոջ մոտ, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Բայց մենք ուզո՞ւմ էինք, որ մեզ ներվեր այդ պարտքը: Խոսք կա, չէ՞, ասում են՝ պարտքն ինչո՞վ է գեղեցկանում՝ վերադարձով: Եթե դու ի վիճակի ես վերադարձնել այդ պարտքը, ապա պիտի վերադարձնես: Չեմ կարծում, որ եթե մենք դիմեինք մեր գործընկերոջը եւ խնդրեինք, որ ներեր, նա չէր ներելու: Բայց եթե մեկին ներում ես պարտքը, դա նշանակում է, որ այլեւս դու չես կարող որեւէ մեկին դիմել՝ գումարներ ներգրավելու եւ այն ըստ նպատակի ծառայեցնելու համար»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.12.2014