Լրահոս
Օրվա լրահոսը

Անցնող տարվա ամենադրական եւ ամենաբացասական երեւույթները

Դեկտեմբեր 25,2014 15:00

Երկրային կյանքը օրերի, ամիսների ու տարիների տրոհելը պայմանականություն է` զուտ արեւի նկատմամբ մեր երկրագնդի մշտապես փոփոխվող դիրքով պայմանավորված: Իրականում կյանքն անընդհատ է, եւ այդ տրոհումներն ընդամենը օգնում են մեզ պլանավորել հետագա անելիքներն ու ամփոփել նախկինում արվածը: Տարեմուտի ամփոփումներն են առանձնապես տարածված, ուստի դա եմ հիմա անելու: Ավելի ճիշտ՝ կփորձեմ անդրադառնալ անցնող տարվա երկու, ըստ իս, ամենադրական եւ ամենաբացասական երեւույթներին:

Չգիտեմ, կպահպանվի ամբողջ տարվա կտրվածքով առաջին 9 ամիսներին մեր երկրում արձանագրված ծնելիության աճը, բայց որ դա 2014-ին հասարակական կյանքում ինձ ուրախացրած ամենանշանակալի երեւույթն է` փաստ է: Մասնագետ չեմ, որպեսզի վերլուծեմ երեւույթի խորքային պատճառները, իսկ եղածը օրվա հացկատակ իշխանությունների հմուտ կառավարման արդյունք համարելու համար պետք է առնվազն Շարմազանով լինեի: Այս հարցում շատ մեծ նշանակություն ունեն երիտասարդ զույգերի` միջավայրով պայմանավորված պատկերացումներն ու ստերեոտիպերը` ընտանիքում երեխաների քանակի վերաբերյալ: Ուստի, սիրելի հայրենակիցներ, երիտասարդ զույգերի պապիկ-տատիկներ ու ծնողներ-բարեկամներ, օգտվելով դրական տեղաշարժի միտումներից՝ եկեք գալիք տարում համատեղ ուժերով, խրատներով ու հորդորներով փորձենք փոխել 1-2 երեխայով բավարարվելու` մեզանում ձեւավորված ազգակործան ստերեոտիպը: Ցավում եմ, որ համարժեք արձագանք չգտավ Հայոց մեծ եղեռնի հարյուրամյակի տարում մեկական հավելյալ զավակ ունենալու` հայ ընտանիքներին ուղղված գործարար Խաչատուր Սուքիասյանի ամիսներ առաջ արված կոչը: Բայց դեռ ուշ չէ, եւ միանգամայն հնարավոր է գալիք տարում հայրենասիրական շարժման վերածել հարգարժան գործարարի կոչը: Լավ կլիներ հենց Սուքիասյանը նախաձեռներ նույնանուն հիմնադրամի ստեղծումը եւ, ընդգրկելով այլ գործարարների ու գաղափարի նվիրյալների, առաջ տաներ գործը:

Առիթն օգտագործելով եւ որպես վերը ասածներիս ամրապնդում՝ թույլ տվեք զեկուցել, որ անցնող տարում 57 տարեկանում երրորդ երեխան ունեցա` վերջապես փակելով առնվազն 3 երեխա ունենալու իմ քաղաքացիական պարտքը երկրիս առջեւ ու պարգեւելով ինձ նաեւ աղջիկ ունենալու անսահման բերկրանքը: Ինչպես ասում են, տարոսը ձեզ:

Իսկ հիմա բացասականի մասին: Դժվար է ընտրելն ու ամենաբացասականն առանձնացնելը: Այսօրվա բոլոր հայտնի բացասական երեւույթները` երկրի ամայացումն ու ինքնիշխանության մսխումը, տնտեսական կոլապսը, ահագնացող աղքատացումը, իշխանության եւ համակարգային ընդդիմության մտավոր դեգրադացիան, սրանք բոլորը, իրենց փոխկապակցվածությամբ հանդերձ, հետեւանքներ են: Բուն պատճառը հայտնի է` Սերժ Սարգսյանը, մեր թողտվությամբ, յուրացրել է իշխանությունը երկրում եւ իր կրթական ու մտավոր մակարդակին հարիր ձեւավորել է առաջընթացի ոչ մի հույս չներշնչող մի ռեժիմ, որի համար օրինականությունը, ժողովրդավարությունը, սոցիալական արդարությունը ոչ միայն արժեքներ չեն, այլեւ իրենց անմիտ, բայց ցոփ ու շվայտ կյանքին անմիջականորեն սպառնացող վտանգներ:

Ուստի ինձ համար 2014-ի ամենաբացասական երեւույթը Սերժ Սարգսյանն է, որից 2015-ին բարի ազատում եմ մաղթում մեզ բոլորիս:

Մաղթում եմ նաեւ, որ Նոր տարում նոր, երիտասարդ, կրթված, Սովետի փտած կաղապարներով չբեռնված, աշխարհին հպարտությամբ ներկայացող ու նրա հետ հավասարի վստահությամբ խոսող, անշուշտ՝ բազմազավակ ու հայրենիքին նվիրված անհատներ դուրս գան մեր երկրի քաղաքական թատերաբեմ ու միավորվելով՝ վերջապես դուրս բերեն մեզ այս ճահճից:

Շնորհավոր գալիք Նոր տարին:

ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ
24.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մենք ոչ մի բարոյական իրավունք չունենք, այդ հրեշին իր զավտած աթոռը գլխին չկոտրել և դուրս չշպրտել Բաղրամյան 26-ից դեպի Նուբարաշենի՝ քրեակատարողական հիմնարկ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031