«Նարեկացի» արվեստի միությունում կայացած Սարգիս Հացպանյանի «Հայերն իրենց բնօրրանում՝ ցեղասպանությունից հետո» դասախոսությունների շարքից հերթականը նվիրված էր Օսմանյան կայսրության հայկական 6 վիլայեթներից՝ Սեբաստիային:
Դասախոսությունը, որ կազմված էր մի քանի բաժնից, պատասխանում էր իրավական առանցքային մի խումբ հարցերի՝ թե ինչպե՞ս հայությունը գոյատեւեց Օսմանյան կայսրության փլատակների վրա ստեղծված հանրապետական Թուրքիայի նշված տարածքում, ի՞նչ պատահեց Սեբաստիան չլքած, ցեղասպանությունից մազապուրծ հայերի հետ, ինչպե՞ս են ապրում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներն այժմ Սեբաստիայում, տարածաշրջանում ինչպիսի՞ զարգացումներ կան 2015թ. ընդառաջ: Ներկայացվեցին նաեւ Կոստանդնուպոլսի Պատրիարք երջանկահիշատակ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեանի 1961-1990 թթ. Սեբաստիա կատարած այցելությունների մանրամասները, ծնունդով հայտնի սեբաստացիներից Մխիթար Սեբաստացու (դասախոսությունը նվիրված էր նրա հիշատակին), Դանիել Վարուժանի, Սեբաստացի Մուրադի կյանքն ու գործունեությունը եւ այլն: Ողջ դասախոսությունն ուղեկցվում էր 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի եզակի լուսանկարների, փաստագրերի, հրապարակված գրքերի լուսապատկերների ցուցադրմամբ:
Ցուցադրվեց նաեւ 1901 թվականի մի լուսանկար, ուր պատկերված էր Սվասի լարային, փողային եւ հարվածող գործիքների երեք նվագախմբերից մեկը, ինչը տեսնելով՝ ներկայիս քաղաքապետն ափսոսանքով նկատել է, որ այսօր դեռ նմանը չունեն:
Բանախոսը զուգահեռներ տանելով այսօրվա հետ, նշում էր ծպտյալ հայերի՝ մահմեդականությունն ընդունածների եւ հայախոս եզակի ընտանիքների թիվը: Նա փաստեց, որ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին վիլայեթում ապրող 418 հազար հայից եղեռնից փրկվել էր 16 800-ը:
Կարդացեք նաև
Ներկայացնելով հայ երեւելիներից Մխիթար Սեբաստացու ոդիսականը, Ս. Հացպանյանն ընդգծեց, որ լինելով «այլադավան», մեծ մատենագետը, բանասերը, հրատարակիչ-երաժիշտը կաթոլիկների՝ Հռոմի պապի հովանավորությամբ հիմնեց մի կենտրոն՝ «Մխիթարյան Միաբանությունը»՝ Սուրբ Ղազար կղզում, որ մինչեւ օրս ու այսուհետ ծառայում եւ ծառայելու է մեր ազգին:
Խոսելով Սեբաստիայի մասին, անհնար էր չխոսել երկու հսկայի՝ Սեբաստացի Մուրադի (Խրիմյան, 1874-1917թթ.) եւ նրան ճանաչող՝ Դանիել Վարուժանի (Չիբուքքարյան, 20.04.1884- 26.08. 1915թթ.) մասին: Ս. Հացպանյանը վկայակոչեց, որ այսօր Բելգիայի Թագավորության Գենտ քաղաքի համալսարանում, ուր 1905-1909 թվականներին բարձրագույն կրթություն է ստացել մեծ հայը՝ ուսումնասիրելով գրականություն եւ հասարակական գիտություններ, փակցված է նրա դիմաքանդակը եւ ցուցատախտակին գրված են պոետի խոսքերը՝ «Ի՞նչ փույթ է կյանքը, երբ երազը՝ կապրի»:
Պրն Հացպանյանն անդրադարձավ նաեւ այսօրվա Թուրքիայի Հանրապետության հիմնադրմանը, որ կայացել էր 1919 թվականի սեպտեմբերի 4-11-ը, Սեբաստիայի հայկական վարժարանի շենքում, Մուստաֆա Քեմալի (Աթաթուրք) գումարած կոնգրեսում: Ցույց տվեց նաեւ այդ պատմական լուսանկարը՝ «Թուրքիան այստեղ է ծնվել» մակագրությամբ: Կենտրոնում Աթաթուրքն է նստած, նրա աջ ու ձախ կողմերում՝ մահմեդական 2 տարբեր ճյուղի հոգեւոր առաջնորդները: Կանգնածները՝ հայ ժողովրդի դահիճներն են:
Սարգիս Հացպանյանը խոսեց նաեւ Աթաթուրքի դեմ 1925թ. զազաների ապստամբությունից, որի կազմակերպչին պետք է կախեին ու գտան դրան հարմար իր տանը նստած անմեղ հային՝ Գեւորգ Հալաջյանին, ով թուրքական բանտում անցկացրեց 1925-1928 թվականները:
Այդ ընթացքում նա գրում է «Դեպի կախաղան» գիրքը, որն իրենից ներկայացնում է բանտային օրագիր: Գեւորգ Հալաջյանը բանտից կազմակերպում եւ ղեկավարում է միությունը, վերջինիս միջոցով հազարավոր հայուհիների փրկում եւ վերադարձնում իրենց ինքնությանը: Բերդում նստած նա կարողանում է շրջան առ շրջան հավաքել վերապրող հայերի թիվը: 1932 թվականին Բոստոնում լույս է տեսել Գեւորգ Հալաջյանի (ներկայանում է որպես Թափառական) «Դեպի կախաղան» գիրքը:
Հալաջյանը մինչեւ ցեղասպանությունը՝ 1914 թվականին ուսումնասիրել էր Դերսիմը: Բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ է բերում Դերսիմի հայերի, նրանց դավանափոխության եւ ազգափոխության, բնակավայրերի մասին: Ի դեպ, նա այնքան մանրամասն ու ճշգրիտ է նկարագրում Հողդար եւ Քարփանկ կոչվող բլուրները, որոնց տակ Լուսավորչի հրամանով ծածկել են հայկական հեթանոսական տաճարներն ու մեհյանները, որ հնագետները կարող են այդ նկարագրություններով պեղել ու հանել հայոց հնագույն տաճարներն ու մեհյանները, գուցե եւ Անահիտի տաճարը…
«Ընթերցելով «Դեպի կախաղան» գիրքը, հետեւելով Գեւորգ Հալաջյանի կյանքին ու գործունեությանը, կհամոզվենք, որ անհնարին ոչինչ չկա: Գեւորգ Հալաջյանը պետք է դառնա մեր տեսակը»,- ընդգծեց Ս. Հացպանյանը:
Բանախոսն անդրադարձավ նաեւ Սեբաստիայի հրաշագործ ձկներին ու Կանգալ քաղաքում բուծվող գայլխեղդ «գամփռ» հայկական ցեղատեսակի հսկա շներին, որոնց դուրսբերումը երկրից նույնպես արգելված է, ինչպես Վանա կատվինը եւ ցուցադրեց լուսանկարներ:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.12.2014