Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքը փոխվում է, մարդիկ մնում են մեր հիշողության մեջ»

Դեկտեմբեր 25,2014 14:00

Գերման Ավագյանը՝ իր «Ծանոթ դեմքերի քաղաքը»
լուսանկարչական ցուցահանդեսի եւ «վախերի» մասին

«Ժան-Պոլ էքզիստենցիալ» սրճարանում բացվել է ճանաչված լուսանկարիչ Գերման Ավագյանի բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը, որ կրում է «Ծանոթ դեմքերի քաղաք» խորագիրը: Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2015թ. հունվարի վերջ:
«Առավոտի» հետ զրույցում լուսանկարիչը նշեց, որ ցուցահանդեսը ծնվել է քսան տարի առաջ, առաջին լուսանկարը երկու տասնամյակ առաջ է նկարել, 2004 թ. հունիսին՝ Գրողների միությունում:

«Ծանոթ դեմքերի քաղաք» ասելով՝ նա միայն Երեւանը նկատի չունի: «Չնայած քսան տարի առաջ հենց Երեւանի մասին էի մտածում, հիմա հասկացա, որ քաղաքը շենքերն ու շինությունները չեն: Դա ներսումդ մի վիրտուալ քաղաք է, որտեղ հավաքում ես այն մարդկանց, ում ուզում ես տեսնել»,- մեկնաբանում է Գերման Ավագյանը: Ափսոսում է՝ այն, ինչ քսան տարի առաջ կար, հիմա չկա Երեւանում. «Շատ բան կորցրինք՝ Երիտասարդության պալատից սկսած: Լավ է, որ գոնե մի կերպ փրկեցինք «Զվարթնոց» օդանավակայանը… Քաղաքը փոխվում է, շենքերը քանդվում են, բայց մարդիկ, իրենց դեմքերը մնում են մեր հիշողության մեջ»:

Duryan

Նա նկարել է Օհան Դուրյանին, Կարպ Խաչվանքյանին, Արտաշես Հովսեփյանին, Հրանտ Մաթեւոսյանին, Արամ Ղարաբեկյանին, Սամվել Մկրտչյանին, շատ-շատերին… Մեր հարցին՝ իր ցուցահանդեսը յուրատեսակ ուղե՞րձ է նոր սերնդին, որ չի ճանաչում իր լուսանկարներում պատկերված անվանի մարդկանցից շատերին, մեր զրուցակիցը պատասխանում է. «Այդ թեմայով վերջերս խոսում էր Նազարեթ Կարոյանը, ես էլ իմ վախերի մասին իրեն պատմեցի, ասացի ինձ թվում է՝ մենք մեր ժամանակի հետ գնալու ենք… Այսինքն, էս ֆոտոները հենց մեզ են պետք, միգուցե 50 կամ 20 տարի հետո այս կամ այն ֆոտոն օգտագործվի կամ չօգտագործվի: Ասածս այն է, որ իրականում ժամանակակից արվեստը մեր ժամանակի համար է, մե՛զ համար է, իսկ եթե երիտասարդները չգիտեն, օրինակ, Էդմոն Ավետյանն ով է, ես ի՞նչ կարող եմ անել, թող գոնե Մարկ Գրիգորյանի գրառումները կարդան իր բլոգում: Մյուս կողմից էլ, երբ մենք էլ երիտասարդ էինք, շատ բաներ չգիտեինք, հետո սովորեցինք ու հասկացանք»:

G_2 G_1 G-4

Լուսանկարիչը փաստում է, որ լուսանկարչական սարք նվեր ստացած յուրաքանչյուր ոք իրեն լուրջ լուսանկարիչ է համարում, Ֆեյսբուքում էլ հայտարարություն տալիս, թե հարսանիքի պատվերներ է ընդունում: Այսօր բոլորը միաոճ ու միատեսակ են լուսանկարում, քանի որ իրենց փոխարեն ֆոտոապարատն է մտածում, իսկ նախկինում պատկերն այլ էր՝ Վահան Քոչարի, Զավեն Խաչիկյանի կամ Գագիկ Հարությունյանի լուսանկարները 200-ի միջից կարող էիր ճանաչել:

Գերման Ավագյանը երբեք մարդուն թաքուն լուսանկարած չկա, ասում է՝ այնպես է անում, որ մարդ ինքն ուզենա լուսանկարվել: Մի պատմություն, սակայն, անչափ տպավորվել է. հիշում է՝ Մերուժան Տեր-Գուլանյանն ասել էր՝ կմտնես այսինչ սենյակը ու կնկարես գրողին. «Ես չգիտեի, որ դա Հրանտ Մաթեւոսյանն էր, մի ապարատ ունեի սովետական, որ ընդամենը 12 կադր էր նկարում: 11-ը նկարեցի, երբ նստած գործ էր անում, մեկ էլ գլուխը բարձրացրեց, ասաց՝ տղա ջան, էս ի՞նչ ես անում: Այդ պահին անգամ ֆոկուսն ուրիշ տեղ գնաց, բայց դա ինձ համար կարեւոր ֆոտո է: Այ, այդպես հանդիպեցինք ու ծանոթացանք»: Գերման Ավագյանը մի ցանկություն ունի, ասում է՝ լիքը փող ունենամ ու շրջեմ Հայաստանով մեկ, գիրք տպագրեմ: Մի բան էլ կա՝ ցանկանում է վավերագրական լուսանկարչության դպրոց բացել, առայժմ ոչ մի հայտ չի ստացել: Պատճառը հայտնի է, ասում է. «Մարդիկ գիտեն, որ դրանով փող չեն աշխատելու, ես էլ ստուդիայում իրենց սիրուն աղջիկ նկարել չեմ սովորեցնելու: Բայց եթե հինգ հոգի էլ հավաքվեն, սիրով կաշխատեմ հետները»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝
Գերման Ավագյանի

Գերման Ավագյանի լուսանկարը՝ Աննա Գրիգորյանի

«Առավոտ» օրաթերթ
24.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շուշան Ղազարյան says:

    Գերմանը բացառիկ արվեստագետ է, անհատականություն, ունի ճիշտ աչք՝ տեսնելու այն անսովորը, որ մենք սովորական ենք կարծում; Դեռ հին օրերից, երբ ջահել էր, նրա մտածողությունը լրիվ տարբեր էր, ուսանելի; Ուրախ եմ ցուցահանդեսի համար;

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031