Հայաստանում Նոր տարին նշելը թանկ հաճույք է եւ ո՛չ բոլորի գրպանին հարմար
Ի՞նչ արժե Ամանորը Հայաստանում եւ Հայաստանից դուրս, ի՞նչ են առաջարկում տուրիստական գործակալությունները մեր քաղաքացիներին, եւ ո՞րն է ավելի ձեռնտու` Ամանորը Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում: «Առավոտը» պարզեց գնային այն համակարգը, ըստ որի՝ մեր համաքաղաքացիները վճարում են Ամանորի մի քանի օրվա դիմաց: Ամանորը Հայաստանում նշելու համար առաջարկները շատ են, պահանջարկը՝ քիչ, քանի որ ձեռնտու տարբերակ է կարծես թե դարձել եգիպտոսյան հանգիստը, չնայած այս տարի, նախորդի համեմատ, Ամանորին Հայաստանից հեռացողները համեմատաբար քիչ են, պատճառը ֆինանսական միջոցներն են:
Օրինակ, ռաբիսի աստղ Արմենչիկի համերգին ներկա գտնվելու եւ յոթ օր Դուբայում անցկացնելու համար, մեծաթիվ են այն քաղաքացիները, որոնք վճարել են մինչեւ 7000 ԱՄՆ դոլար՝ Նոր տարվա գիշերը Դուբայի GRAND HYATT DUBAI հյուրանոցում գտնվելու համար:
Ամանորը Կարմիր ծովի ափին՝ Եգիպտոսում՝ Շարմ-էլ-Շեյխ զբոսաշրջային քաղաքում 30.12. 2014 – 07.01.2015-ն անցկացնելու համար՝ յոթ օրը երեք աստղանի հյուրանոցում սկսվում է 240 ԱՄՆ դոլարից եւ ձգվում մինչեւ 842 ԱՄՆ դոլարը:
Կարդացեք նաև
Թաիլանդի Թագավորությունում էլ` դեկտեմբերի 26-ից հունվարի 4-ը գտնվելու համար, 7 օրվա դիմաց ձեզանից մեկ անձի համար կպահանջվի վճարել 330.000 ՀՀ դրամ:
Հետեւելով գնային համակարգին՝ պարզ դարձավ, որ հայաստանյան հանգիստն ու Ամանորն ավելի թանկ արժեն: Օրինակ, Ջերմուկում 7-օրյա փաթեթը` 31.12.2014 – 07.01.2015-ը, 199.000-300.000 ՀՀ դրամ է:
Ամանորյա 5-օրյա փաթեթը Դիլիջանում` մեկ անձի համար կազմում է 175 000 ՀՀ դրամ:
Տեղի մեկ այլ հյուրանոցում՝ 31.12.14 – 06.01.2015-ն ընկած ժամանակահատվածում 2 անձի համար գները սկսվում են 500.000 ՀՀ դրամից, իսկ քոթեջների գները` 1.100.000-ից մինչեւ 1.500.000 ՀՀ դրամ:
Ամանորյա փաթեթի համար Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում դեկտեմբերի 31-ից մինչեւ 2015-ի հունվարի 7-ը գործում է հետեւյալ գնային համակարգը. քոթեջների գները սկսում են 550,000 ՀՀ դրամից, իսկ համարները հյուրանոցում արժեն 650,000 -750,000 ՀՀ դրամ:
Ամանորյա փաթեթը Արզնիի առողջարանում 5 օրը` 31.12.2014-05.01.2015-ը, արժե 270.000 ՀՀ դրամ, Աղվերանում 4-օրյա փաթեթը` 31.12.2014-04.01.2015-ը, արժե 500.000- 800.000 ՀՀ դրամ:
Ամանորի 6-օրյա փաթեթը Ստեփանավանում 2 անձի համար 400.000 ՀՀ դրամ է,
մեկ այլ հյուրանոցում՝ 140.000 ՀՀ դրամ:
Ամանորյա հանգիստը Արցախում անցկացնելու համար, Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցն առաջարկում է 1 անձի համար 3 օրվա դիմաց վճարել 55.500 ՀՀ դրամ:
Ստեփանակերտի մեկ այլ հյուրանոց էլ առաջարկում է ստանդարտ համարում երկու անձի համար 4 օր գիշերակացի դիմաց վճարել 239.900 ՀՀ դրամ:
Ամանորյա հանգիստ կարելի է անցկացնել նաեւ Արցախի Գանձասարում, որտեղ էլ «Ծովին Քար» հյուրանոցում մեկ անձի արժեքը կազմում է 80.000 ՀՀ դրամ:
Հավելենք նաեւ, որ նշյալ օրերին հանգստյան տներում գրեթե ազատ տեղեր չկան, ադմինիստրատորներից մեր հարցումները ցույց տվեցին, որ մարդիկ դրանք ամրագրել էին դեռեւս երկու-երեք ամիս առաջ:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Mediamax.am-ի
«Առավոտ» օրաթերթ
24.12.2014