Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ չէ, երբ մարզաձեւի ամբողջ հոգսը դրվում է մեկ մարդու ուսերին

Դեկտեմբեր 25,2014 13:00

Ավանդույթի համաձայն տարեվերջին ազգային ֆեդերացիաներն
ամփոփում են ընթացիկ մրցաշրջանը

Օրերս լրատվամիջոցներին հրավիրել էր նաեւ Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանի՝ հանրապետությունից բացակայության պատճառով տարեկան հաշվետվությունը հանգամանալից ներկայացրեց գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանը: Նա ամենայն մանրամասնությամբ խոսեց բոլոր այն աշխատանքների մասին, որ ֆեդերացիան կատարում է նյութատեխնիկական բազան հարստացնելու, հանրապետությունում գերազանցապես պատանիների եւ երիտասարդների շրջանում մարզաձեւը տարածելու եւ զարգացնելու, այդ տարիքային խմբերի թենիսիստների վարպետությունը բարձրացնելու եւ մրցափորձի կուտակումն առավելագույն չափով ապահովելու նպատակով Երեւանում մի քանի շաբաթ միմյանց հաջորդող միջազգային մրցաշարեր անցկացնելու, ինչպես նաեւ եկող տարվա համար պլանավորված ծրագրերի մասին:

Ասուլիսի ընթացքում բարձրացվեցին եւ շոշափվեցին նաեւ մի շարք խնդիրներ, առանց որոնց լուծման անհնարին է մարզաձեւի արդյունավետ զարգացումը Հայաստանում:
Գեւորգ Կարամանուկյանի փոխանցմամբ, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից որպես աջակցություն տարեկան ստանում է ընդամենը հինգ միլիոն դրամ, որը թենիսի պես էլիտար եւ թանկ մարզաձեւի անգամ պահպանմանը չի կարող բավականացնել: Եվ համեմատություն անցկացրեց մեր անմիջական հարեւան Վրաստանի հետ, որտեղ ֆեդերացիան պետությունից ստանում է $ 300 հազար, իսկ օլիմպիական կոմիտեից՝ 80-100 հազար: «Սակայն մենք ըմբռնումով ենք մոտենում՝ գիտակցելով, որ մեր երկիրն այսօր այդքան է ի վիճակի հատկացնել: Դրա համար էլ ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը տարվա կտրվածքով տրամադրում է պետական հատկացումներից մի քանի անգամ շատ գումար», – ասաց նա: Հարցին, թե օլիմպիական կոմիտեն արդյոք չի՞ աջակցում եւ ինչպիսի՞ համագործակցություն կա նրա հետ, պարոն Կարամանուկյանը պատասխանեց. «Օլիմպիական կոմիտեն մեզ գումար չի հատկացնում:

Միակ աջակցությունը եղել է այն, որ մեզ օգնել է դասընթացներ կազմակերպել: Բայց մենք լավ համագործակցում ենք. Մասնակցում ենք ժողովներին, ՀԱՕԿ-ի միջոցառումներին»:
Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ի հայտ եկան նաեւ այլ խնդիրներ: Մասնավորապես, որ թենիսի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է եւ պետությունն ու օլիմպիական կոմիտեն պարտավոր չեն նրան, ինչպես նաեւ մյուս ֆեդերացիաներին ֆինանսավորել: Եվ այն 5 միլիոն դրամը, որ պետությունը տրամադրում է, արդեն իսկ որոշ խնդիրների լուծումը թեթեւացնում է: Գեւորգ Կարամանուկյանը ասուլիսում նշել էր, որ մարզական լրագրող Էդուարդ Քալանթարյանը, որ արդեն 34 տարեկան է, անցած տարի Հայաստանի առաջնությունում մասնակցելով զուգախաղերին, նվաճել է չեմպիոնի կոչումը եւ շնորհավորել էր մեր գործընկերոջը: Սակայն լրագրողը ի պատասխան բարձրացրեց մի քանի կարեւորագույն խնդիրներ: Նա, մասնավորապես, ասաց, որ «տարիներ առաջ, երբ թենիսի ֆեդերացիան գլխավորեց մեծահարուստ գործարար Հարություն Փամբուկյանը, հույսեր ծնվեցին, որ թենիսը մեզանում վերջապես կսկսի զարգանալ: Պարոն Փամբուկյանի ներդրած գումարները գերազանցապես ուղղված են պատանիներին եւ եթե դրանք որոշակի արդյունք պիտի տան, դա կլինի տարիներ անց:

Իսկ իրականությունը ներկայիս վիճակով այն է, որ անցել է տասը տարուց ավելի, իսկ այս ընթացքում մենք չունենք 18 տարեկանից բարձր տարիքի թենիսիստ, որը Հայաստանը ներկայացնի միջազգային ասպարեզում: Գալիս է մի պահ, որ արդեն տարիքն առնող տղամարդ թենիսիստը գումար վաստակելու անհրաժեշտություն է ունենում: Իսկ թենիսով նա չի կարող: Արդեն տարիքն առած մեծահասակները մարզվելու գալիս են «Դեւիսի գավաթին» նախապատրաստվելու համար: Եվ լավ չի, որ ես 34 տարեկանում, երբ 2001 թվականից ի վեր պրոֆեսիոնալ թենիսով չեմ զբաղվում, գալիս, հաղթում եմ Հայաստանի առաջնությունում: Այսինքն, չկա մի երիտասարդ թենիսիստ, որի հետ ես չկարողանայի խաղալ»:

Ընդհանուր առմամբ համաձայնելով Էդուարդ Քալանթարյանի դիտարկումներին, Գեւորգ Կարամանուկյանը նկատեց, որ Հարություն Փամբուկյանը իսկապես մարզաձեւին համար շատ բան է անում եւ անում է այնքան, որքան կարողանում է, որ այլ երկրներում չկա այնպիսի բան, որ թենիսի նման թանկ մարզաձեւի հոգսերն ամբողջությամբ թողնեն մի մարդու ուսերին, որ առանց պետական լուրջ միջամտության ու ծրագրերի, թենիսը ակնկալվող արդյունավետությամբ չի կարող զարգանալ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031