Հավաստիացնում է Հրաչյա Բոգդանյանի անվան ջութակահարների
միջազգային մրցույթ-փառատոնի նախագահ Արա Բոգդանյանը
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում դեկտեմբերի 25-ին մրցանակաբաշխությամբ եւ գալա համերգով կավարտվի դեկտեմբերի 20-ին մեկնարկած Ջութակահարների առաջին միջազգային մրցույթ-փառատոնը՝ նվիրված Հրաչյա Բոգդանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Երկու փուլով եւ երկու տարիքային խմբով անցկացվող միջոցառման դափնեկրի կոչման համար պայքարում են հայ, վրացի, ռուս եւ լիբանանցի ջութակահարները (23 երաժիշտ): Ժյուրիի նախագահն է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արա Բոգդանյանը, անդամներն են պրոֆեսորներ Հենրի Սմբատյանը, Արմեն Հարությունյանը, Էռնստ Առաքելովը (Վրաստան), Հրաչյա Հարությունյանը (Գերմանիա):
«Առավոտի» հետ զրույցում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր, մրցույթի կազմկոմիտեի նախագահ Շահեն Շահինյանն ասաց. «Հայ երաժշտարվեստի ականավոր ներկայացուցիչ, մեծատաղանդ ջութակահար եւ հմուտ մանկավարժ Հրաչյա Բոգդանյանը պահպանել եւ սերունդներին է փոխանցել հայ եւ ռուս կատարողական դպրոցների լավագույն ավանդույթները: Մրցույթի անցկացումը, իրավամբ, նշանավոր այս գործչի անվան եւ նրա թողած ստեղծագործական պահպանմանն ու միջազգային մակարդակով ըստ արժանվույն ներկայացման հրաշալի հնարավորություն է»: Երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը, որը ժամանակին գրքով անդրադարձել է Հրաչյա Բոգդանյանի կյանքին ու գործունեությանը, մեզ հայտնեց հետեւյալը. «Համաշխարհային հռչակ վայելող, Աուերի դպրոցի հետեւորդ Հրաչյա Բոգդանյանն իր ձեւավորման ճանապարհին յուրացրել է ուսուցիչների՝ Լեկգերի (Երեւան), Յամպոլսկու եւ Պոլյակինի (Մոսկվա) ստեղծագործական սկզբունքները: Բոգդանյանի համերգային գործունեությունը չի դադարել մինչեւ կյանքի վերջին օրերը: Ելույթներ է ունեցել, իբրեւ մենակատար, տարբեր անսամբլների կազմում եւ տարբեր նվագախմբերի ընկերակցությամբ (դիրիժորներ՝ Կ. Սարաջյան, Մ. Թավրիզյան, Գ. Բուդաղյան, Ս. Չարեքյան, Մ. Մալունցյան, Օ. Դուրյան, Դ. Խանջյան եւ ուրիշներ): Նա 1930-80թթ. Հայաստանի վերելք ապրող երաժշտական կյանքի կենտրոնական դեմքերից մեկն էր, երկար տարիներ գլխավորել է իր հիմնադրած Ալ. Սպենդիարյանի անվան լարային կվարտետը, որոնց հետ ելույթ են ունեցել այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Գոհար Գասպարյանը, Սվյատոսլավ Ռիխտերը եւ ուրիշներ:
Բոգդանյանը ելույթ է ունեցել հռչակավոր դաշնակահար Իգումնովի, Դյակովի, Դումբաեւի, երգեհոնահարներ Վեբերգինկեի (Գերմանիա), Բրաուդոյի եւ մյուսների հետ: Մեր կոնսերվատորիայի լարային ամբիոնի բազմամյա վարիչը դաստիարակել է աչքի ընկնող ջութակահարների մի քանի սերունդ, որոնք ներկայումս ժողովրդական եւ վաստակավոր արտիստներ են, պրոֆեսորներ ու դոցենտներ եւ այլն: Բերեմ ընդամենը մի քանի անուն. Վիլլի Մոկացյան, Հենրի Սմբատյան, Յուրի Պողոսյան, Ալլա Բերբերյան, Գագիկ Սմբատյան, ավագ Հրաչյա Հարությունյան (Ֆրանսիա), կրտսեր Հարությունյան (Գերմանիա), Կարեն Հարությունյան (Բելգիա) եւ էլի տասնյակ ուրիշներ»: Պրոֆեսոր Բուդաղյանը հավելեց նաեւ, որ ժամանակին Բոգդանյանի դասարանը նման էր բազմանդամ, աշխույժ, կոլորիտով հարուստ մի ընտանիքի: Մեր զրուցակցի խոսքերով՝ «պրոֆեսորն էլ այդ ընտանիքի իսկական հայրն էր»: Երաժշտագետը հավաստիացնում է, որ բոգդանյանական հատուկ «մանկավարժական անհամբերությամբ» նա արտահերթ դասերի էր հրավիրում իր սաներին տուն կամ կոնսերվատորիա, կապ չուներ՝ օրը կիրակի էր կամ տոնական. «Բոգդանյանի ընտանիքն էլ ոչ միայն համակերպվել էր այդ վիճակին, այլեւ ակտիվորեն ապրում էր նրա դասարանի կյանքով: Բոգդանյանի կինը՝ տիկին Մարոն, հյուրասեր, բարի մի անձնավորություն, որը իսկապես մայրական ջերմությամբ հետեւում էր ամուսնու սաների հաջողություններին: Հայր Բոգդանյանի լավագույն աշակերտներից մեկը դարձավ նրա որդին՝ Արան, որը 1994 թվականից Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր է եւ դուստրը՝ Անահիտը, որը Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է»:
Կարդացեք նաև
Արա Բոգդանյանը մեզ հայտնեց, որ մրցույթը, որի կազմակերպիչներն են Երեւանի կոնսերվատորիան, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունները եւ ՀՕՖ-ը, մտադիր են անցկացնել 3 տարին մեկ: Որպես ժյուրիի նախագահ էլ առանց մանրամասնելու հայտնեց, որ շուտով հայաստանյան կատարողական արվեստում վերածնունդ կգրանցվի: Որպես հավաստում այս մտքի, Բոգդանյանը փաստեց վերջին 4 տարում իր մասնակցությունը Երեւանի պետական կոնսերվատորիայի ավարտական քննություններին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.12.2014