Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Զարզանդը իր շեֆին՝ Սուրիկ Խաչատրյանին, ազատել է քրեական պատասխանատվությունից»

Դեկտեմբեր 24,2014 23:07

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը պնդում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանին համաներմամբ քրեական պատասխանատվությունից ազատելու որոշումը վերացնելու իր պահանջը մերժելը օրենքի խախտումով էր:

«Բողոքը հիմնավոր է, նյութերից պարզ երեւում է, թե ով է այդ հանցագործության իրական կատարողը: Զարզանդ Նիկողոսյանը իր վրա է վերցնում իր շեֆի արարքները , այդ արտահայտությունը կա Սուրիկ Խաչատրյանի խոհանոցային ձայնագրության վերծանության մեջ, այդպիսով փորձելով ՝ իր շեֆին ազատել քրեական պատասխանատվությունից, ընդհանրապես պատասխանատվությունից»,- Aravot.am-ին ասաց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը վերացնելու պահանջով:

Մեր հարցին, թե գործով քննիչ Մովսիսյանն ու դատախազ Ղազարյանը պնդում էին, թե ենթադրություններ եք անում, երբ ասում եք, թե Զարզանդ Նիկողոսյանը պատմել է, թե ինչպես են «Ավոյին հավայի տեղը խփել-մփել, ավտոյից հանել», Հայկ Ալումյանը հակադարձեց. «Զարզանդ Նիկողոսյանը հստակ ասում է՝ Ավոյին հավայի տեղը խփին-մփին, ավտոյից իջացրին: Այդ ասում է մի մարդ, որը հետո էլ ցուցմունք է տալիս ու ասում, թե ինքն է խփել: Ձայնագրության մեջ պարզ լսվում է, ի՞նչն է ենթադրություն, եթե ասում եմ, որ խփողը ինքը չէ, եթե դեպքը պատմում է երրորդ դեմքով, Ավոյին խփին-մփին: Եթե սա ենթադրություն է, ապա իրենց ասածներն ի՞նչ են: Իրենք հիմնվում են շահագրգիռ անձանց ցուցմունքների վրա, ես հիմնվում եմ ձայնագրության վրա: Հիմա մեզանից ո՞ր մեկի ասածներն են ենթադրություն, ո՞ւմ ասածն է ավելի շատ փաստարկված: Իրենք հենվում են Սուրիկ Խաչատրյանի ցուցմունքի վրա, որը անմիջական շահագրգռվածություն ունի քրեական պատասխանատվության չենթարկվելու մեջ, հիմնվում են Սուրիկ Խաչատրյանի վարորդի եւ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահի ցուցմունքի վրա, մի մարդ, որը Սուրիկ Խաչատրյանին ասում է շեֆ»:

Նա ասաց, որ այս գործով բոլոր դրվագների մասով հիմք են ընդունվում Սուրիկ Խաչատրյանի ու նրա կողմնակիցների ասածները, իսկ իր բերած բոլոր փաստարկները, որոնք հակասում են մյուս կողմի ասածներին, անտեսվում:

Հայկ Ալումյանի խոսքով, այս գործով վերաքննիչ դատարանի մերժումը իրենց չի կանգնեցնելու, ամեն ինչ օրինական սահմաններում անելու են. «Դեռ շատ անակնկալներ ենք պատրաստում նախ էդ գործի մեղավորների համար, հետո այս գործը պարտակողների համար: Մինչեւ հիմա պարտակողները նախաքննական մարմինն էր, դատախազությունը, հիմա գործում ներգրավվել է նաեւ դատական համակարգը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այս գործով մեկ անգամ ևս ՑԱՅՏՈՒՆ կերպով երևաց,որ Հայաստանում կարող ես մարդ սպանել ու ազատությունդ գնե՛լ:

    Այս գործով մեկ անգամ ևս ՑԱՅՏՈՒՆ կերպով երևաց,որ Հայաստանում անմիջապե՛ս պիտի անցնել ԺՈՒՐԻՈՎ դատավարությունների (այսինքն՝ քաղաքացիական վերահսկողություն «անկախ» դատարանների վրա):

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031