Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատրաստվում է ազատամարտիկների ու ակտիվ մյուս քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերը ոստիկանության եւ քննչական կոմիտեի կողմից կոծկելու վերաբերյալ զեկույցներ ներկայացնել միջազգային կառույցներին:
«Մենք պարբերաբար ոստիկանության կողմից բռնությունների մասին անդրադառնում ենք մեր զեկույցներում ու այս վերջին դեպքերը պետք է ներկայացնենք ՄԱԿ-ին, եվրախորհրդին եւ եվրամիությանը»,- Aravot.am-ին ասաց Արթուր Սաքունցը:
Նա համոզված է, որ ոստիկանությունը լռությամբ կոծկեց ազատամարտիկների բռնության դեպքերը. «Լրատվամիջոցներով հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները, նյութերը, որոնք պարունակում են հանցակազմի կամ հանցագործության մասին տեղեկություններ, բավարար են, որ դրանց հիման վրա քրեական գործեր հարուցվեն: Անկախ նրանից, թե կլինեին գրավոր բողոքներ ազատամարտիկների կողմից հանցագործության մասին, թե՝ ոչ քննչական կոմիտեն անհապաղ քրեական գործ պետք է հարուցեր: Երբ հղում է արվում, թե անձանց կողմից չկա բողոք, ու հարցը տեղափոխվում է մասնավոր բողոքի տիրույթ, դրանով ավելի շատ փորձ է արվում այդ հանրային տեսակետից վտանգավոր հանցագործությունները կոծկել»:
Իրավապաշտպանի խոսքով, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հայտարարությունը՝ ականջները կտրելու մասին հրապարակային սպառնալիք էր. «Հրապարակայնորեն սպառնաց, եթե որեւէ մեկը որեւէ բան ասի Սերժ Սարգսյանի մասին, ականջները կկտրի: Երանոսյանն արդեն վկայում է, որ լսել է՝ ինչ-որ բան ասել են եւ վրդովեցրել իրեն: Այդ խոսքերը բավարար էին, որ ՀՔԾ-ի կողմից քրեական գործ հարուցվեր: Իրավապահ մարմինները անգործության են մատնվել եւ հիմնավորեցին, թե ազատամարտիկները չեն բողոքել: Մյուս կողմից ազատամարտիկները, որոնք հանդես են գալիս որպես հանրային շահերը պաշտպանողի դիրքում, որոնք քաղաքացիների, երկրի հարցերի լուծման հայտ են ներկայացնում, պետք է նախաձեռնող լինեին ու բողոք ներկայացնեին, այստեղ իրավական գիտակցության հարց կա, դա ոչ թե մասնավոր դեպք է, այլ բռնության գործողություն՝ ուղղված հանրությանը»:
Կարդացեք նաև
Նա արդարացված չի համարում ազատամարտիկների պատճառաբանությունը, թե հանցագործության մասին բողոք ոստիկանությանը չեն ներկայացնում, որովհետեւ վստահություն չունեն իրավապահ համակարգի նկատմամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հա դիմեք, բայց մեր ազգի անունն է ընկնում: