Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, պարգևատրելով մարզի լավագույն մարզիկներին ու մարզիչներին, հպարտությամբ փաստեց, որ իր գլխավորած մարզը ակնառու հաջողություններ է ունեցել այս ոլորտում:
«Հանրապետության լավագույն մարզիկ է ճանաչվել մեր ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, տասնյակում լավագույն տեղ է գտել մեր ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, ունեցել ենք օլիմպիական չեմպիոն, ունեցել ենք Եվրոպայի չեմպիոն շախմատիստ մինչև 10 տարեկանների առաջնությունում, ունեցել ենք սամբոյի աշխարհի, Եվրոպայի չեմպիոն…Մի խոսքով, մրցանակակիրները շատ են, հանրապետության լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել մեր բռնցքամարտիկը», -թվարկեց մարզպետը:
Կարդացեք նաև
Չնայած այս հաջողություններին, Ֆելիքս Ցոլակյանը փաստում է, որ Շիրակի մարզի մարզադպրոցների մեծ մասն անմխիթար վիճակում է՝ զուրկ շենքային նորմալ պայմաններից ու մարզագույքից: «Եթե մենք ունենայինք լավ սպորտային համալիր, որտեղ պետք է անցկացվեին միջազգային կարգի մրցումներ, հանրապետական կարգի մրցումներ, հավանաբար էդ դեպքում Շիրակում ու Գյումրիում անընդհատ կանցկացվեին էդպիսի մրցումներ, բայց հնարավորությունը սուղ է», -ասում է մարզպետը:
Aravot.am-ի այն հարցին, թե այսքան չեմպիոններ տալով չե՞նք կարող պարտավորեցնել, որ մեր մարզադպրոցները մի քիչ արագ վերակառուցեն, մարզպետն ասաց. «Գիտեք ուշադրությունը Գյումրիի վրա անընդհատ բևեռվում է այս տեսանկյունից, հանրապետության ղեկավարությունը, մարզական ղեկավարությունը, նախարարությունը բոլորն էլ գիտեն, տեղյակ են մեր հաջողությունների մասին և բնական է, որ էս հաջողությունները նաև շահագրգռող, նաև ուշադրություն դարձնելու հետ կապված պահեր են, որ պիտի օգնեն մեզ: Օլիմպիական հերթափոխի դպրոցը հենց հիմա կառուցվում է, լողավազանի հետ կապված անցած տարի բավական աշխատանք եղավ, Ախուրյանի մարզադպրոցի հետ կապված որոշակի աշխատանքներ եղան, տարբեր տեղեր տարբեր բաներ եղել են… Գիտեք մարզագույքի պակասն է նույնիսկ, շենքը չէ էլի միայն, մենք գիտենք, որ ավելի վատ պայմաններում մարզված սպորտսմեններ, մարզիկներ ունենք մենք, որոնք ամենաբարձրագույն տիտղոսներին են արժանացել», -ասաց մարզպետը:
Շիրակի մարզպետը եղավ Գյումրու շախմատի դպրոցներից մեկում, որի սանը՝ Մամիկոն Ղարիբյանը, 121 շախմատիստների պայքարում դարձավ պատանիների Եվրոպայի չեմպիոն: Մարզպետը պարգևներ հանձնեց նաև պատանի շախմատիստներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ