ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացված հիմնական աշխատանքները, խոսեց նաև հիմնախնդիրների ու նախատեսվող ծրագրերի մասին:
Ա. Ղահրամանյանի խոսքով՝ թեպետ անցնող տարում մարզը լուրջ վնաս կրեց ցրտահարության հետևանքով, խնդիրներ ունեցավ ոռոգման ջրի սակավության հետ կապված, այդուհանդերձ պետական աջակցությամբ և գյուղացու քրտնաջան աշխատանքի արդյունքում հաջողվել է ոչ միայն հաղթահարել նշված դժվարությունները, այլև նախորդ տարիների համեմատությամբ շուրջ 2900 հեկտարով ավելացնել մշակովի հողատարածքներն ու գյուղմթերքի արտադրության շուրջ 15 տոկոս աճ գրանցել: Ներկայացնելով մարզում գյուղմթերքի արտադրության համեմատական տվյալները՝ մարզպետը նշեց, որ հաշվետու տարում ցրտահարության հետևանքով նվազում է գրանցվել միայն պտղի արտադրության մասով:
Անդրադառնալով մթերման գործընթացին՝ նա ընդգծեց, որ այն իրականացվել է առանց խոչընդոտների, իսկ գյուղացին բերքի իրացման լուրջ խնդիր չի ունեցել: Թվային արտահայտությամբ նշեց, որ պտուղ-բանջարեղենի մթերումը կազմել է 12 հազար 350 տոննա, իսկ խաղողինը՝ 70 հազար 213 տոննա: Մթերումների ընդհանուր ծավալը կազմել է 82 հազար 563 տոննա` 28 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
Մարզպետ Ա. Ղահրամանյանն անդրադարձավ նաև ոռոգման համակարգում 2014թ. իրականացված աշխատանքներին` շեշտելով, որ վերահսկվել և կարգավորվել են տարբեր նշանակության ջրատարների, մայր ջրանցքների և ջրամղիչ կայանների մաքրման և վերականգնման աշխատանքները, և ապրիլի 1-ի դրությամբ 306,2 կմ միջտնտեսային, 4846 կմ ներտնտեսային ցանցերը, 292 խորքային հորերն ու 68 պոմպակայանները պատրաստ են եղել ջրամատակարարմանը: Իսկ ոռոգման ջրի սակավությունը հաղթահարելու համար ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ մարզում շահագործման է հանձնվել 48 խորքային հոր, ևս 39-ը բերվել է երկարաժամյա ռեժիմի:
Կարդացեք նաև
Մարզպետի խոսքով` ոռոգման համակարգում հետագա խնդիրներից խուսափելու համար պետության բարձրաստիճան պաշտոնյաների որոշմամբ մարզում կկառուցվի չորս ջրամբար, որոնց նախագծերն արդեն պատրաստ են:
Մարզպետ Ա. Ղահրամանյանն իր խոսքում ընդգծեց, որ գյուղատնտեսության բնագավառում 2014թ. կտրվածքով մարզում համախառն արտադրանքի արժեքը գերազանցել է 180 մլրդ դրամի շեմը, որը շուրջ 12 տոկոսով ավել է նախորդ տարվա համեմատությամբ:
Ներկայացնելով առևտրաարդյունաբերական ընդհանուր իրավիճակը՝ նա նշեց, որ 2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում մարզում թողարկվել է 3258,9 մլն դրամ ավել արդյունաբերական արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 39641,5 մլն դրամի փոխարեն՝ կազմելով 42900,4 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 102.8 տոկոս:
Խոսելով 2014թ. ներդրումային ծրագրերի մասին՝ Ա. Ղահրամանյանը տեղեկացրեց, որ հաշվետու տարում մարզում իրականացվել են ընդհանուր առմամբ շուրջ 8,918.0 մլն դրամի տարբեր ոլորտային ծրագրեր, այդ թվում՝ պետական բյուջեի միջոցներով՝ 3,189.3 դրամի, միջազգային և դոնոր կազմակերպությունների միջոցներով՝ 54.8 մլն դրամի, մասնավոր ներդրումներով՝ 4,990.5 մլն դրամի և համայնքային բյուջեի միջոցներով՝ 683.4 մլն դրամի:
Անդրադառնալով կրթության ոլորտին՝ նա նշեց, որ մարզային ենթակայության 21 հիմնական, 2 հատուկ և 91 միջնակարգ դպրոցներում 2014-2015 ուսումնական տարում ընդգրկված է եղել 31,870 աշակերտ: Ըստ մարզպետի` հանրակրթական դպրոցներում աշխատում է 3,276 ուսուցիչ, որոնցից ատեստավորման նպատակով վերապատրաստվել է 486-ը, ատեստավորվել` 472-ը:
Ա. Ղահրամանյանի խոսքով՝ մարզում նախադպրոցական կրթություն է իրականացնում ընդհանուր թվով 32 դպրոց, որոնցում գործում է 47 խումբ՝ 885 երեխայի համար, ևս 4 դպրոց էլ իրականացվում է ներառական կրթություն՝ 131 երեխայի համար:
Մարզպետն անդրադարձավ նաև առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին՝ մասնավորապես ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի երեք հիվանդանոցներում բուժվել է 11,837 հիվանդ, որից 9,751-ը պետական պատվերով, 573-ը համավճարի սկզբունքով, իսկ 1,513-ը ստացել է վճարովի բուժօգնություն, համապատասխանաբար` 1 մլրդ 072 մլն 325 հազար, 27 մլն 565 հազար և 233 մլն 804 հազար դրամի շրջանակներում:
Նա նշեց, որ 2014թ. կենտրոնական գնմամբ և մարդասիրական ճանապարհով տարբեր հիվանդությունների բուժման նպատակով ստացվել և մարզի բուժհաստատություններին են բաշխվել 109 մլն 327 հազար դրամի տարբեր դեղամիջոցներ:
Խոսելով առողջապահության ոլորտի ընդհանուր ձեռքբերումների մասին` մարզպետ Ա. Ղահրամանյանն առանձնացրեց Համաշխարհային բանկի միջոցներով արդեն ավարտին մոտեցող «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի վերանորոգման և Ակնալիճ համայնքի բուժամբուլատորիայի շենքի կառուցման աշխատանքները, ինչպես նաև Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամասի և Արմավիրի մարզի միջև 2014թ. հունվարի 30-ին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում Արմավիրի բժշկական կենտրոնի և Օպավայում Սիլեզյան հիվանդանոցի միջև ստորագրված փոխգործակցության համաձայնագիրը, որը ենթադրում է ախտորոշիչ կենտրոնի բացում, միջհիվանդանոցային կապերի հաստատում, ինչպես նաև համատեղ այլ ծրագրերի իրականացում։
Ներկայացնելով սոցիալական ապահովության ոլորտում իրականացված աշխատանքները՝ մարզպետը, մասնավորապես, տեղեկացրեց, որ 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում մարզի երեք սոցիալական ծառայությունների տարածքային գրասենյակներում /ՍԾՏԳ/ կազմակերպվել և իրականացվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգով հաշվառված ընտանիքների փաստագրման աշխատանքներ: Դեկտեմբերի 1-ի դրությամբ փաստագրվել է 7141 ընտանիք, որից նպաստառու է` 5608-ը: 1437 ընտանիք էլ մարզպետարանի կողմից ստացել է հրատապ դրամական օգնություն:
Ա. Ղահրամանյանի փոխանցմամբ՝ 2014թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզի զբաղվածության տարածքային գործակալություններում հաշվառված է աշխատանք փնտրող 4208 մարդ, որոնցից գործազուրկի կարգավիճակ է ստացել 3751-ը: Հաշվետու ժամանակահատվածում գործակալություններում հաշվառված աշխատանք փնտրող անձանցից աշխատանքի են տեղավորվել 473-ը:
Մարզպետը ներկայացրեց նաև ներմարզային խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները, արտաքին հարաբերությունների ոլորտում իրականացված աշխատանքները և մարզի 2015-2018թթ. սոցիալ տնտեսական զարգացման ծրագրի հիմնական ուղղությունները` ընդգծելով, որ անելիքներ բոլոր ոլորտներում էլ դեռ կան և դրանք լուծում կստանան ըստ առաջնայնության:
Մարզպետ Ա. Ղահրամանյանը պատասխանեց նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին և շնորհակալություն հայտնեց նրանց անաչառ լրատվություն ապահովելու համար:
Արմավիրի մարզպետարան