Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Եղիազարյան. «Հեղափոխություն անելու նպատակ չէի դրել»

Դեկտեմբեր 24,2014 20:58

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին «Ափ թաուն» փաբում կայացավ Արտավազդ Եղիազարյանի՝ «Անտարես»  հրատարակչության հրատարակած «Քաղաքը լուսնի տակ» գրքի շնորհանդեսը:

Aravot.am-ի հետ բլից-հարցազրույցում խոսելով գրքի ծննդի մասին, հեղինակն այդ գործընթացը բնորոշեց որպես  բավականային երկար ժամանակի, տարբեր տեսակի մտքերի, ապրումների ամփոփում: Անդրադառնալով ընթերցողի համար  «փակագծեր» բացել-չբացելուն, Արտավազդ Եղիազարյանը նշեց, որ դա կախված է նրանից, թե գրողն ի՞նչ է ուզում տալ ընթերցողին եւ որն է իր խնդիրը. «Օրինակ ես որպես ընթերցող սիրում եմ, երբ հեղինակն ինչ-որ բաներ ինձ է ուղղած լինում: Ընդհանրապես գիրքն, ի տարբերություն կինոյի կամ արվեստի այլ ճյուղերի, թույլ է տալիս շատ բաներ կիսել ընթերցողի հետ»:

Մեր դիտարկմանը, որ այսօր փոխվել են գրողի մասին պատկերացումները, եթե նախկինում գրողն ասոցացվում էր տարեց եւ պահպանողական մեկի հետ, ապա այսօր այդ կարծրատիպը փշրվել է,  եւ գրողներն իրենց գրքերի շնորհանդեսները փաբերում են նշում, Արտավազդ Եղիազարյանը պատասխանեց. «Դա ժամանակի հետ  է կապված: Պետք է հասկանալ, որ գրողները բոլոր մարդկանց նման ապրում են նույն Երեւանում կամ Հայաստանում, նույն խնդիրներն ունեն, նույն հարցերի շուրջ են մտորում, եւ այո, երեկոյան  էլ գնում են փաբեր: Իսկ եթե գրում են, ապա ավելի լավ է, որ շնորհանդեսները լինեն պակաս ակադեմիական պայմաններում»:  Որպես հեղինակ ու քաղաքացի, մեր զրուցակիցը երազում է, որ ընթերցանության ճգնաժամը վերանա, բոլոր նոր գրքերը տպագրվեն ոչ թե 400-500 տպաքանակով, այլ, նրա ձեւակերպմամբ, ավելի շատ զրոներով:

Մեր զրույցի ընթացքում, ստեղծագործող մարդու քաղաքացիական ակտիվությանն էլ անդրադարձ եղավ: «Նախ գրողը պետք է լինի պրոֆեսիոնալ եւ լավ անի իր գործը, իսկ երկրորդ հերթին լավ կլինի, որ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերի, բայց դա աշխատանքային պայմանների մեջ չի մտնում: Չեմ կարծում, որ քաղաքացիական ակտիվությունը կապված է արվեստով զբաղվելու հետ»,-համոզված է նա:

Ինչ վերաբերում է «Քաղաքը լուսնի տակ» գրքին, հեղինակն ասում է. «Այս գրքի մեջ փորձել եմ ցույց տալ 21-րդ  դարում ապրող, Անկախության շրջանում ձեւավորված մեր սերնդի կյանքը, մտահոգությունները, ցանկացել եմ ինչ-որ բաներ ցույց տալ, ինչ-ինչ հարցեր բարձրացնել, բայց հեղափոխություն անելու նպատակ չէի դրել, ուղղակի ինձ հուզող հարցերն եմ այդ ձեւաչափով արծարծել»: Արտավազդի խոսքով, այսօրվա գրականությունը խնդիր ունի՝  հանրությունը շատ հաճախ չգիտի, որ կա այսօրվա գրականություն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031