Լրահոս
Օրվա լրահոսը

Շիշկերտում ժամանակին աշակերտ կար, բայց դպրոցի շենք չկար, իսկ հիմա դպրոցի շենք կա` աշակերտ չկա

Դեկտեմբեր 24,2014 20:53

Կապանից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Շիշկերտ գյուղում այժմ հինգ ընտանիք է ապրում: Գյուղի հիմնական բնակիչները մեծահասակներ են, երիտասարդներ քիչ կան Շիշկերտում: Գյուղում պայմաններից ելնելով` ժամանակին երիտասարդ ընտանիքներն իրենց դպրոցահասակ երեխաների հետ լքել են գյուղը, նույն մտադրությունն ունեն նաեւ հեռավոր գյուղի ներկայիս երիտասարդները:

Տեղաբնակները ցավով են խոսում գյուղի դատարկման, ծերացման ու վաղվա մշուշոտ ապագայի մասին: «Ապագա չունի գյուղը, ինչ ապագա պիտի լինի, եթե երեխա չկա, դպրոց չկա, փոքր երեխաներ ունեցողները ժամանակին գնացել են գյուղից: Շիշկերտն ընդհանրապես կտրված է ամեն ինչից, նույնիսկ խանութ չկա, ինչ-որ պետք է լինում քաղաք ենք հասնում կամ Ծավ գնում: Ձմռանն էլ ճանապարհը մեծամասամբ փակ է լինում, հազվադեպ են մաքրում, հիմնականում մաքրում են, երբ գյուղում մարդ է մահանում ու պետք է հուղարկավորեն: Շատ անհրաժեշտության դեպքում ոտքով ենք գնում, ընդհանրապես շատ քիչ են մեզ ուշադրություն դարձնում ճանապարհի հարցով», -ասաց Շիշկերտ գյուղի բնակչուհի Քարամելան:

Փոքրաթիվ այս գյուղի բնակիչները հիմնականում իրենց ապրուստը հոգում են տնամերձ հողերից ստացած գյուղական բարիքներով: Ասում են` գյուղատնտեսական մթերքները շուկա չեն տանում վաճառելու, հեռավորության պատճառով տրանսպորտային ծախսերը ավելանում են, եւ բերքը շուկա հասցնելը ձեռնտու չի դառնում: Տեղաբնակները հիշում են, որ ժամանակին գյուղում կյանքը համեմատաբար աշխույժ էր, երիտասարդ ընտանիքներ կային, դպրոցահասակ երեխաներ, ապրուստն էլ այս աստիճան դժվար չէր:

«20 աշակերտ կար Շիշկերտում, տներում էինք դասավանդում, մոտ 10-12 տարի էդ ձեւ էինք կազմակերպում ուսուցումը, հետո որոշները մեծացան ու դուրս եկան գյուղից, ոմանք էլ երեխա ունենալուց հետո լքեցին բնակավայրը: Հետագայում, որպես դպրոցի շենք, գյուղի բնակելի շենքերից մեկն առան, բայց այլեւս աշակերտ չկար գյուղում: Հիմա մեր երեխաներն էլ մեծանան ստիպված պիտի դուրս գան, էստեղ ապրել ու դպրոց գնալ հնարավոր չի: Դժվարացել է գյուղի կյանքը…», -նշեցին գյուղաբնակները: Վերջիններս ասում են, որ գյուղի հոգսերը չեն պակասում, ձմռան այս սեզոնին համալրվում են նորերով. ճանապարհը փակվում է ու դրսի աշխարհի հետ կապը կտրվում է, բացի այդ էլ, արգելոցի հարեւանությամբ ապրելով, մշտապես վառելափայտ ձեռքբերելու դժվարին խնդրին են բախվում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Մի հուզվեք, դարձրեք եկեղեցի:Դրանք ձեզ ավելի են պետք:Մոդա է և անհրաժեշտություն:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031