Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում մոտ երկու տարի առաջ «Բի Բի Ջի» կոչվող մասնավոր հիվանդանոց էր գործում, որը հագեցած էր ժամանակակից սարքավորումներով: Հիվանդանոցը սպասարկում էր տարածաշրջանի բնակիչներին, եւ նրանք այլեւս ստիպված չէին լինում որակյալ բուժզննման կամ բուժման համար հասնել Երեւան: Այդ հիվանդանոցն արդեն փակվել է, չի գործում, իսկ աշխատողները մատնվել են պարապուրդի:
Aravot.am-ը ահազանգ էր ստացել, որ «Բի Բի Ջի» հիվանդանոցի փակվելն այնքան էլ պատահական չի եղել, որ դրա մեջ ազդեցիկ մարդկանց մատն է խառը: Ըստ ահազանգի, այդ հիվանդանոցը Լիճք գյուղում կառուցել է «ԲԱՄՕ» գրուպի սեփականատեր Մուրադյան եղբայրներից մեկը: Եվ հենց Մուրադյան եղբայրներն էլ ստիպված փակել են այն, քանի որ այդ ազդեցիկ մարդը աչք է դրել հիվանդանոցի վրա եւ փորձել է պարտադրել նրանց, որ հիվանդանոցի բաժնեմասի 50%-ը իրեն «նվիրեն», այսինքն՝ փայ մտնի: Նրանք էլ ջղայնացած ու ճարահատյալ ընդհանրապես փակել են հիվանդանոցը՝ «ոչ մեզ ոչ քեզ» սկզբունքով:
Այդ առնչությամբ Aravot.am-ը առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչու է այդ հիվանդանոցը, որը շատ լավ ծառայում էր համայնքի բնակիչներին, հանկարծ փակվել: Նախարարությունից ասացին, որ դա մասնավոր հիվանդանոց է, եւ իրենք իրավասու չեն եւ տեղեկատվություն չունեն դրա մասին:
Մեզ հետ զրույցում Լիճքի գյուղապետը՝ Գնել Գրիգորյանը վստահեցրեց, որ այդ հիվանդանոցի հետ «ԲԱՄՕ»-ն կապ չունի. «Բի Բի Ջի հիվանդանոց եղել է, բայց ուրիշ անհատ անձինք էին կառուցել: Ես ստույգ չգիտեմ ինչի համար, բայց մի երկու տարի է՝ արդեն փակված է: Միգուցե ֆինանսական խնդիրներ են եղել: Ես այդպես եմ լսել, որ, ասենք, չի արդարացրել իրեն: Ինչքան ես գիտեմ, այդպես է եղել: Հիվանդանոցը շատ լավ ծառայում էր, տեխնիկայով, ամեն ինչով, բայց թե ինչի համար է փակվել, ես կոնկրետ չեմ հետաքրքրվել, չգիտեմ»:
Կարդացեք նաև
Գյուղապետն ասաց, որ հիմա իրենց համայնքի բնակիչներն օգտվում են Մարտունու հիվանդանոցից կամ գալիս են Երեւան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
3 եղբայրներով ընկել են ազգի շալակը. մեկը մյուսից ավելի վատ:
Հիվանդանոցը շատ լավ ծառայում էր, տեխնիկայով, ամեն ինչով, բայց թե ինչի համար է փակվել, ես կոնկրետ չեմ հետաքրքրվել, չգիտեմ»: (????????)
-Հարգելի Գնել Գրիգորյան, դուք ձե՛ր գյուղի գյուղապետն ե՞ք, թե հարևան գյուղի…
Գուցե ինքն է ուզեցել մտնել?
սաշիկը գերեզմանի մեջ էլ փայ կմտնի, իր մայրամուտին լրիվ հաբռգելա: