Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիները՝ գնաճի խնդրով. «Կլանային այս համակարգը արյունարբու բորենու պես խմում է ժողովրդի արյունը»

Դեկտեմբեր 24,2014 20:43

Փոխարժեքային տատանումներն ու գների բարձրացումը այսօր ՀՀ մի շարք քաղաքացիների բերել էր Ազատության հրապարակ: Հասարակությանը հուզող տարբեր խնդիրների շուրջ ձևավորված որոշ քաղաքացիական շարժումների, այդ թվում «Ոչ թալանին», Կարմիր գծերի դեմ պայքարին նվիրված քաղաքացիական շարժումների, «Դեմ եմ» նախաձեռնության որոշ անդամների և անհատ քաղաքացիների նախաձեռնությամբ այսօր Ազատության հրապարակում  տեղի ունեցավ հանրային քննարկում՝ նշված խնդիրների վերաբերյալ:

Նախաձեռնությանը միացած քաղաքացիներից Հայկ Գրիգորյանը նշեց, որ նախաձեռնությունը ծնվել է ինքնաբուխ՝ պայմանավորված վերջին զարգացումներով: Նախաձեռնության անդամներից Վահագն Ավագյանը նշեց, թե մեր երկիրը փոքր է, խնդիրներն էլ բոլորին են վերաբերում. «Ամեն մեկս՝ որպես ՀՀ քաղաքացիներ պետք է մեր մասնակցությունն ունենանք երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական հարցերին: Մենք՝ որպես քաղաքացիներ ՀՀ Սահմանադրությամբ այս երկրի տերն ենք, և կապ ունենք այս երկրում տեղի ունեցող ցանկացած հարցի հետ: Եվ այս կարգի աննորմալ իրադարձությունները, որ տեղի են ունենում մեր երկրում, մտահոգ քաղաքացիներին ստիպում են ինքնակազմակերպվել, գոնե ինչ-որ առումով տեսնել, թե այդ խնդիրները որտեղից են գալիս և ուր կարող են տանել»:

Չնայած գների թանկացման հարցի վերաբերյալ հասարակական մեծ դժգոհությանը՝ Ազատության հրապարակում այսօր քիչ թվով քաղաքացիներ էին հավաքվել իրենց բողոքի ձայնն արտահայտելու և խնդիրը քննարկելու համար: Նա ասաց. «Եթե համարենք, որ ավելի քիչ են մասնակիցների թիվը, քան սպասում էինք, դրա պատասխանը կարող է լինել այն, որ քաղաքացիները տարված են ամանորյա եռուզեռով: Բայց նոր տարուց հետո գները չիջնել չեն կարող, ուստի այդ իրավիճակը ստիպելու է քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ: Մեր քաղաքացին այլևս դիմանալու տեղ չունի և ամեն կերպ փորձելու է արձագանքել այդ խնդիրներին:

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքացիներն իրենց դժգոհությունը հայտնեցին երկրում կատարված փոխարժեքային տատանումների վերաբերյալ:

Նրանից մեկը, որ ներկայացավ Ժորա, ասաց. «Մեր ժողովուրդը միշտ էլ սիրում է դժգոհել, բայց գործով դա քչերն են ցույց տալիս: Ես որպես ՀՀ քաղաքացի եկել եմ այս հանրային քննարկմանը: Ինչ-որ առումով այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնում եմ, քանի որ դոլար-դրամ փոխարժեքային տատանումները չէին կարող այսպես կտրուկ լինել»: Քաղաքացիները նաև իրենց զարմանքը հայտնեցին, թե ինչպես կարող է ՀՀ վարչապետը շրջել խանութներով ու գին իջեցնել: Այս առիթով նա հետևյալ զուգահեռն անցկացրեց. «Իմ կարծիքով՝ վարչապետը կարող էր չգնալ էլ խանութներ, այլ բավարար էր նրա արձանն ու նկարը լիներ խանութների դիմաց, ուղղակի այդ դեպքում գինը կիջեցնեին»: Ըստ քաղաքացու՝ այս տատանումներում և իրավիճակում տուժեց մանր ու միջին բիզնեսը, ՀՀ քաղաքացին:

Հայկ Գրիգորյանն այս առիթով նկատեց. «Մենք ուղղակի ունենք պետական մարմիններ, որոնք կոչված են ընդամենը թղթի վրա ապահովելու  դրամի և գների կայունացում: Կենտրոնական բանկ ունենք, ունենք տնտեսական մրցակցության հանձնաժողով, որոնք իրենց գործունեությամբ ցույց են տալիս, որ այս երկրում պետություն չկա»:

ՀՀ քաղաքացիներից ինժեներ կոնստրուկտոր Էդիկ Գյոզալյանը մտահոգություն հայտնեց, թե բանկային համակարգում գործում են ոչ օրինաչափ տնտեսական օրենքներ, այդ պատճառով էլ այժմ մեծամասնությունը առաջնորդվում է «ինչքան շատ թալանես, այնքան շուտ կհարստանաս» սկզբունքով: Փաստելով այն, որ մեր երկրում գործում է կլանային համակարգը, նշեց. «Մոռացել են քառասուն տոկոս աղքատության մասին: Այս կլանային համակարգը արյունարբու բորենու պես խմում է ժողովրդի արյունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ինձ նման մի սև մոմ ժապավինեք,
    Որ տարեմուտի գիշերը վառեք,
    Որ վերջին խնջույքն այս շուտ ավարտվի,
    Ու վամպիրիզմի արյունը հոսի,
    Գինու տակառից հոսող գինու պես,
    Ղարա հողերը սևափայլ հագնեն,
    Բթասեղանի սև խավիարի պես,
    Նարկոթմրիկը ճախրի ծովերում,
    Հողը մաքրվի կրակի բովում,
    Սև լինի տարին սևսիրտ գոյերի,
    Ու վերջին ծիլը արյունից սառի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031