Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից կազմակերպված շնորհալի պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողների տոնական համերգին:
Վարչապետն ունկնդրել է տաղանդաշատ երաժիշտ-կատարողների ելույթները և նրանց ուղղված դրվատանքի խոսքում ընդգծել, որ նման շնորհալի երեխաները պատշաճ մակարդակով են ներկայացնում Հայաստանը միջազգային ասպարեզում: Բարձր գնահատելով երեխաների գեղագիտական դաստիարակությամբ զբաղվող մշակույթի գործիչների աշխատանքը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մատաղ սերնդի առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը, և բազմաթիվ ծրագրեր է իրականացնում մշակույթի ոլորտի զարգացման ուղղությամբ:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է ներկաներին գալիք տոների առթիվ, մաղթել նորանոր ձեռքբերումներ և շարունակական հաջողություններ նոր սերնդի հայ մանուկներին կրթելու և դաստիարակելու գործում:
ՀՀ կառավարություն