Այս տարի Շիրակի մարզի պաշտոնյաներից ամենապարզճակատը դուրս եկավ Շիրակի մարզպետարանի մշակույթի-սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը, քանի որ մարզը աննախադեպ հաջողություններ ունեցավ, աշխարհի չեմպիոններ տվեց, Գյումրին էլ ճանաչվեց տարվա լավագույն մարզական համայնք: Ի դեպ, իրեն պարզճակատ է անվանում հենց Վաչագան Վարդանյանը: Հետաքրքիրն այն է, որ շիրակցիները գրեթե բոլոր մարզաձևերում հաղթանակներ են տարել՝ մարզվելով ողորմելի պայմաններ ունեցող մարզադպրոցներում. մի տեղ պատերն են բորբոսնած, մյուսում ջեռուցում չկա, բռնցքամարտիկների համար ձեռնոցներ չկան, նմանապես ծանրաձողը բարձրացնելու համար համապատասխան քսուքներ չկան և այսպես շարունակ: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, ամփոփելով 2014 թվականը, մշակույթ-սպորտի բաժնի պատասխանատուն ասաց. «Մենք այս տարի լուրջ հաջողություններ ենք ունեցել նաև այնպիսի մարզաձևերում, ինչպիսին հրաձգությունն ու շախմատն են: Խորհրդային տարիների ընթացքում էինք ունեցել հրաձգությունից լուրջ հաջողություններ, ունեինք միջազգային կարգի սպորտի վարպետներ, Եվրոպայի չեմպիոններ՝ հանձինս Աշոտ Մկրտչյանի: Իսկ անկախ Հայաստանի օրոք այս մարզաձևից երբևէ լուրջ հաջողության չէինք հասել, ինչպես այս տարի: Այս տարի մեր Հովհաննես Խաչատրյանը մասնակցեց աշխարհի երիտասարդական առաջնությանը և երկու մարզաձևերում, հաղթանակ տարավ, իհարկե, թիմային հաշվարկով, բայց թիմում երեք հոգի էին, այնպես որ Հովհաննեսի ներդրումը շատ-շատ էր: Երկու բրոնզե մեդալով նա վերադարձավ, հաջողությունը շատ մեծ էր:
Իսկ շախմատ մարզաձևից երևի մենք բոլորս էլ գիտենք, որ միակ լուրջ հաջողությունը տարիներ շարունակ, որ ունեինք շախմատի գրոսմայստեր Արամ Մինասյանի շնորհիվ էր: Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին մասնակցել էին մեր մարզիկները, բայց այն հաջողությունները, որ ունեցավ Մամիկոն Ղարիբյանը, աննախադեպ էր: Նա դարձավ պատանիների Եվրոպայի չեմպիոն: Հարկ է նշել, որ այդ խմբում հանդես էին գալիս 121 շախմատիստներ: Պատկերացրեք 121 շախմատիստների պայքարում Մամիկոն Ղարիբյանը դարձավ չեմպիոն: Սա ակնառու հաջողություն է, տա Աստված մեր հաջողությունները շարունակվեն նաև երիտասարդական առաջնություններում և, իհարկե, մեծահասակների մրցումներում:
Ծանրամարտի ոլորտում ունեցանք պատանիների Եվրոպայի չեմպիոն՝ Մարզպետ Մինասյանն է, ունեցանք մրցանակակիր, և ամենակարևորը, որ պատանեկան օլիմպիական խաղերի պատմության մեջ Հայաստանի առաջին չեմպիոնը դարձավ մեր ծանրամարտիկը՝ Հակոբ Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Իսկ բռնցքամարտ մարզաձևը մի քիչ տարբեր է. բռնցքամարտ մարզաձևի աշխարհի Եվրոպայի առաջնությունն էր, խոսքը մեծահասակների մասին է, անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Այս տարի այդ մրցումների ժամանակաշրջանը չէր, բայց բռնցքամարտի ֆեդերացիան ամեն ինչ արեց, որպեսզի մարզիկները մասնակցեն միջազգային հեղինակավոր մրցումների: Եվ փառք ու պատիվ մեր մարզիկներին. 3-ը դարձան հաղթողներ, մրցանակակիրներ, իսկ ախուրյանցի Արման Հովիկյանը, որը նաև Հայաստան մարզական միության սան է, ճանաչվեց հանրապետության թիվ մեկ բռնցքամարտիկ»:
Վաչագան Վարդանյանն ասում է, որ ինքը «պարզճակատով» է ճանապարհում 2014 թվականը՝ վստահ լինելով, որ 2015 թվականին՝ նախաօլիմպիական տարում ձեռքբերումները կկրկնապատկվեն, 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի խաղերն են՝ ամենահեղինակավոր մրցումները: «Իմ միակ ցանկությունն ու իղձը, որպեսզի մեր մարզիկներն ունենան օլիմպիական վարկանիշներ ու պարտադիր մեդալ, քանի որ Հայաստանի հանրապետությունը 13 օլիմպիական չեմպիոն ունի և 96 թվականից այս կողմ այդ 13 չարագուշակ թիվը մնացել է: Աստված տա 2016 թվականին էդ թիվը փոխվի, դառնա գոնե 14 ու թող դա լինի շիրակցիների շնորհիվ, եսասիրություն, թե չգիտեմ ինչ կորակեն, բայց դա իմ ցանկությունն է»,- ասաց Վաչագան Վարդանյանը:
Aravot.am-ի այն դիտարկմանը, թե Հայաստանը աշխարհով մեկ պարզճակատ անող Շիրակի մարզի մարզադպրոցներում պայմաններ չկան, մարզագյուք չկա, ի՞նչ պետք լինի, մեր զրուցակիցն ասաց. «Շատ ճիշտ նկատեցիք, մարզադահլիճներում վիճակը ծանր է, բայց ես լավատես եմ , քիչ-քիչ կլինի: Այս տարի Գյումրու քաղաքապետարանը իր դպրոցների մեծ մասում կատարեց ընթացիկ վերանորոգումներ տանիքներում, կոսմետիկ վերանորոգում կատարեց, կարծում եմ գումարներ անպայման կլինեն: Մարզագույք էլ չկա. 2014 թվականին գույքային պետական ծրագիր չիրականացվեց գումարների սուղ չլինելու պատճառով, բայց նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ ծրագիրն իրականացվի»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ