Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բողոքի երթ է նախատեսվում դեպի նախագահական նստավայր

Դեկտեմբեր 24,2014 19:24

«Նաիրիտի» աշխատակիցները նախատեսել են ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 26-ին, գործարանի առջեւից բողոքի երթով գնալ Բաղրամյան 26՝ նախագահական նստավայրի դիմաց ներկայացնելու իրենց պահանջները:

Հիշեցնենք, որ աշխատակիցները աշխատավարձերի պարտքի մարման հարցով մինչեւ վաղը սպասելու են կառավարության պատասխանին: Նրանք շաբաթներ առաջ իրենց պահանջ-նամակն էին հանձնել կառավարությանը, ինչի պատասխանը մինչեւ այսօր չեն ստացել:

«Ակցիան անպայման կլինի, եթե վաղը կառավարության պատասխանը չստանանք: Շարժվելու ենք նախագահական նստավայր՝ բացատրելու այն ճանապարհները, որ գիտենք ու տեսնում ենք, թե ինչպես կարելի է վճարել աշխատակիցների պարտքերն առանց բյուջեին կպնելու ու ինչու կառավարությունը չի ուզում օգտվել այդ ճանապարհներից»,- Aravot.am-ին ասաց «Նաիրիտ գործարան» ընկերության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

Նրա խոսքով, աշխատակիցները պահանջում են մարել փետրվարի 6-ին կրճատվող աշխատակիցների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ. «Կսպասենք մինչեւ վաղը, գուցե կառավարությունը ներկայացնի առարկայական լուծումներ: Մարդիկ բողոքում են ոչ թե կրճատման դեմ, իհարկե, կրճատումն էլ վատ է ու ոչ մեկին հաճելի չէ, բայց նրանք հասկանում են, որ 2000 հոգանոց կոլեկտիվը չի կարող մնալ, եթե գործարանը չի աշխատում, վաղուց պետք է դա արվեր, ինչը չի արվել ու հիմա կտրուկ է արվում: Մարդկանց բողոքը կրճատվելու դեպքում չվճարվելու դեմ է, ոչ ոք դեմ չէր, եթե կրճատեին երեք տարի առաջ, երբ պարտքը այն ժամանակ երեք ամսվա էր: Ոչ թե տարիներով պարտքեր կուտակեին, հետո հանեին, շպրտեին փողոց»:

Կառավարությանը նաիրիտցիների հանձնած նամակում հետեւյալ պահանջներն են ներկայացվել:

«Նաիրիտ-2» ՓԲ ընկերությունը, որի 100 % սեփականատերը ՀՀ կառավարությունն է, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին ՀՀ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով պարտք է 4 մլրդ, 150 մլն, 449 հզ դրամ: Միջոցներ ձեռնարկել այդ պարտքը ընկերությանը վերադարձնելու համար, մասնավորապես, այդ նպատակով դիտարկել «Շանսի- Նաիրիտ» հայ- չինական ձեռնարկության ՀՀ կառավարությանը պատկանող 40 տոկոս բաժնեմասը կամ դրա մի մասը օտարելու հնարավորությունը:

  1. «Նաիրիտ ԲԲԸ-ն», որի 100 % սեփականատերը ՀՀ կառավարությունն է, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին պարտք է 883 մլն, 856 հզ դրամ: Միջոցներ ձեռնարկել այդ պարտքը ընկերությանը վերադարձնելու համար՝ հաշվի առնելով, որ սույն ընկերությունը գտնվում է սնանկության եզրին:
  2. Արագացնել Միջպետական բանկի և ՀՀ կառավարության միջև հայտարարված ընթացող բանակցությունների հանգուցալուծումը, որի արդյունքում, ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության՝ ՀՀ կառավարությունը պետք է ետ վերցնի «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի 90 % բաժնեմասերը, որն էլ իր հերթին իրավական հիմք կստեղծի՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձերի պարտքը մարելու համար, քանի որ փետրվարի 6-ին լուծվելու են աշխատողների և ընկերության միջև կնքված աշխատանքային պայմանագրերը, իսկ լուծման դեպքում աշխատողների աշխատավարձերը չվճարելը նշանակում է 2200 ՀՀ քաղաքացու իրավունքի խախտում:
  3. Տալ համաձայնություն՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին պատկանող հիմնական միջոցների օտարմանը, որոնք գործարանի տեխնիկական պրոցեսների, ապագա վերագործարկման և հետագա աշխատանքի հետ առնչություն չունեն: Անհրաժեշտության դեպքում դիմել ՀՀ ԴԱՀԿ ծառայությանը և գրավառուներին՝ օտարման ենթակա գույքի վրայից արգելանքը հանելու հարցով՝ օտարման գործընթացը ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնելու համար: Առաջացած միջոցներն ուղղել մինչև 2014-ի նոյեմբերն առաջացած աշխատավարձերի պարտքերի նպատակային, ամբողջական մարմանը:
  4. Խնդրել ՀՀ կառավարությանը միջնորդել՝ դեկտեմբերի մեջ նաիրիտցիներին 60 մլն դրամի լրացուցիչ փոխառություն վճարելու համար, քանի որ դեկտեմբերի ստացված փոխառությունն ուղղված է 2014-ի նոյեմբեր ամսվա աշխատավարձի վճարմանը:
  5. Աջակցել ընկերությանը՝ գործարանի և աշխատակիցների շահերը պաշտպանել գործարանի դեմ ուղղված դատական հայցերից, հատկապես՝ սնանկության պահանջով հայցերից, ինչպիսիք ներկայում առկա են դատական ատյաններում:

Նաիրիտցիները տեղեկացնում են նաև, որ իրենք շահագրգռված են գործարանի վերագործարկման հարցում:

 Լուսանկարը` Անուշ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031