Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Ունիսոն-Ստուդիա» սոցիալական ձեռնարկության բացմանը

Դեկտեմբեր 24,2014 19:01

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Ունիսոն-Ստուդիա» սոցիալական ձեռնարկության հանդիսավոր բացմանը: «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը, օգտվելով առիթից, նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին՝ Էրեբունի վարչական շրջանի  մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենքում անհատույց օգտագործման իրավունքով իրենց տարածք տրամադրելու համար, ինչն իր հերթին հուսալի ապագա է կանխորոշել հաշմանդամների «Ունիսոն-Ստուդիայի» գործունեության համար: Այնուհետ քաղաքապետին ներկայացնելով ձեռնարկության գործառույթները՝ Արմեն Ալավերդյանը նշել է, որ տեղեկատվական ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց համար ուսուցման և աշխատանքով ապահովման այս հնարավորությունը ընձեռվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Սեյվ Դը Չիլդրեն» կազմակերպության, «Ունիսոն» ՀԿ-ի և այլ գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակում։

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին մշտական ուշադրության ու հոգածության համար՝ Արմեն Ալավերդյանը «Ունիսոն» ՀԿ-ի կողմից շնորհակալագիր է հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետն իր հերթին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը լինելու է շարունակական, և սահմանափակ կարողություններով անձանց խնդիրների լուծմանն ուղղված քաղաքային բոլոր ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են առաջիկա տարիներին ևս:

«Հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար մայրաքաղաքն առավել հարմարավետ դարձնելուն ուղղված մեր ծրագրերը ամրագրված են Երևանի զարգացման քառամյա ծրագրում և լինելու են շարունակական նաև առաջիկա տարիներին: Վերջին երկու տարիների ընթացքում համագործակցելով ինչպես մասնավոր ընկերությունների, այնպես էլ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ, զգալի աշխատանքներ ենք իրականացրել մայրաքաղաքի փողոցներն ու մայթերը մատչելի դարձնելու ուղղությամբ: 2015թ.-ի բյուջեով ևս արդեն իսկ նախատեսել ենք այդ աշխատանքների շարունակականության ապահովումը: Այս խնդիրը վերջնականապես լուծելուց հետո հասարակական կազմակերպությունների հետ արդեն կհամագործակցենք այն ծրագրերի շրջանակում, որոնք կառաջարկվեն հենց նրանց կողմից»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտը մատչելի դարձնելու շրջանակում մինչև տարեվերջ նաև թվով 10 ավտոբուս կահավորված ու հարմարեցված կլինի, ևս 10-ն էլ նախատեսվում է 2015թ.-ին:

Հարկ է նաև նշել, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի շրջանակում դասընթացների մասնակիցները կտիրապետեն լուսանկարահանման, տեսանկարահանման, գրաֆիկական ձևավորման և տեսանյութերի մշակման հետաքրքիր ու պահանջված մասնագիտություններին: Իսկ լավագույն ցուցանիշներ գրանցած շրջանավարտները կապահովվեն հիմնական աշխատանքով՝ «Ունիսոն-Ստուդիա» սոցիալական ձեռնարկությունում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031