ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն: ԱԺ նախագահին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:
Օրենսդիր մարմնի ղեկավարին մեծ շուքով և ջերմությամբ դիմավորել են մանկատան սաներն ու աշխատակազմը:
Շրջելով մանկատանը` Գալուստ Սահակյանը անմիջական մթնոլորտում խոսել է մանկատան անձնակազմի եւ սաների հետ, ծանոթացել վերջիններիս կեցության պայմաններին:
Նա այցելել է երեխաների ննջարաններ, խաղասրահ, դասասենյակ, գրադարան և ճաշարան` ծանոթանալով ճաշացանկին:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահը ներկա է գտնվել նաև գորգագործական խմբակի դասընթացին , որտեղ մանկատան սաները ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները, գորգերը և գոբելենները:
Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը նշել է, որ մանկատանը բնակվում է 62 երեխա, որոնցից 50-ը սովորում են հանրակրթական դպրոցներում, 3-ը Գավառի պետական համալսարանում և հպարտությամբ հավելել, որ 5 տղաներ ծառայում են հայոց բանակում: Տնօրենն ընդգծել է նաև, որ 2014 թվականի ընթացքում մանկատնից որդեգրվել են 21 երեխաներ:
Մանկատան սաները մեծ սպասումով և հուզմունքով ամանորյա խորհրդանշական ներկայացում էին պատրաստել ԱԺ նախագահի և ներկաների համար: Երեխաների ուրախ տրամադրությունը և ներկաների հուզմունքը եզրափակել է տոնի խորհրդանիշ Ձմեռ պապը, ով ներկաներին բաժանել է ԱԺ նախագահի կողմից բերված նվերները:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ, ներկաներին մաղթել է քաջառողջություն և երազանքների իրականացում:
Խորհրդարանի ղեկավարի խոսքերով` անշուշտ ողջունելի է, որ մանկատունն ունի լավ պայմաններ եւ երեխաների համար ապահովում է ընտանեկան ջերմ միջավայր: Հանդիպման ավարտին մանկատան սաները ԱԺ նախագահին են նվիրել իրենց ձեռագործ աշխատանքներից:
ՀՀ Ազգային ժողով