Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» պաշտպան Հովիկ Արսենյան. «Ոստիկանության վարչության պետերն ավելացան, սկսած Լոռու մարզից». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 24,2014 17:58

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ավետեց «Բանդայի գործով» դատաքննության ավարտը:

Մեղադրող Սասուն Խաչատրյանն իր ճառում միջնորդել էր ամբաստանյալներ Սամվել Դավթյանի, Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի համար 15 տարվա ազատազրկում, իսկ Սամվել Մանուկյանի համար՝ 11 տարվա:

Պաշտպանական ճառով այսօր հանդես եկած Հովիկ Արսենյանը նոր բացահայտումներ կատարեց: Նա ասաց, որ նախաքննության մարմինն ի սկզբանե իր պաշտպանյալին ձերբակալելու պահից սկսած թույլ է տվել զավեշտալի «վրիպումներ» եւ գործին ձեռնամուխ եղել «օպերատիվ» տվյալների հիման վրա:

Օպերատիվ տվյալների հիման վրա է գործը մտել դատարան, եւ չկա մի ապացույց, փաստ, որով կհիմնավորվեր Արտուշ Հակոբյանի մասնակցությունն այս գործին:

Ըստ նրա, Արտուշ Հակոբյանը չի ճանաչել ամբաստանյալներից եւ ոչ մեկին, իսկ հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի հետ էլ չէր կարող բանդա ձեւավորել, երբ նրան ծանոթ չի եղել:

Ըստ Հ. Արսենյանի, այս գործից անջատվել է մի մաս, սակայն ամբաստանյալներին մինչ օրս հարց չի տրվել, թե Ձեր հետ ավազակային հարձակումների ժամանակ այլ մարդիկ եղե՞լ են:

Դեպքի վայրում ըստ պաշտպանի հայտնաբերվել են հեռախոսներ: Սակայն նախաքննության մարմինը ձեռք չի բերել գոնե մի տվյալ, համաձայն որի ամբաստանյալներն ունեցել են մի քանի հեռախոսներ, որի միջոցով էլ կապվել են իրար հետ.«գոյություն չի ունեցել, քանի որ իրենց պետք չի եկել, որովհետեւ այդ մարդկանց ասել են՝ արեք, ինչ ուզում եք»: «Այդ մարդիկ» ասելով պաշտպանը նկատի ուներ քննությունը վարող մարդկանց:

Պաշտպանն անդրադարձավ Արտուշ Հակոբյանի ճանաչման համար գործում դրված լուսանկարին, այն գունավոր է, եւ տարբերվում է մյուսների նկարներից:

Պաշտպանը վկայակոչեց վկա Հովսեփ Հովնանյանին, որն ասել էր, թե քրոջը, որը Գուրգեն Հայրապետյանի ընկերուհին է եղել, բռնությունների պատճառով պարտադրել են, թե գրի, բաց կթողնեն, նա էլ գունավոր նկարով ճանաչել է Արտուշ Հակոբյանին:

Անդրադառնալով հանգուցյալ, ինքնասպան եղած Արման Դալլաքյանի ձերբակալման օրինականությանը, Հովիկ Արսենյանն ասաց, որ նրան բերման են ենթարկել  Վարդենիսից, թմրանյութի կասկածանքով:Սակայն Կենտրոնի դատարանում նրա ձերբակալումից մեկ օր առաջ որոշում էին կայացրել ավազակային հարձակման կասկածանքով խափանման միջոցը փոխելու մասին:

Պաշտպանի մեկ այլ բացահայտումներից էր նաեւ այն, որ ոստիկանության պաշտոնյաներից մեկի աշխատասենյակում են իրականացրել կասկածյալի ներքին դիտում քննչական գործողությունը:

Նա անդրադարձավ Արման Դալլաքյանի նկատմամբ խոշտանգումներին, ու ասաց՝ թող որեւէ մեկը չթպրտա, թե կտտանքների տակ չի խոսի:

Ի դեպ, Արմանը միակն էր, որին ճանաչել է Արտուշ Հակոբյանը:

Չկա գողոն: Պաշտպանն ասաց, որ տուժողները չեն գալիս դատարան, որովհետեւ նրանք հասկացել են, որ իրենց «հարիֆացրել են»: Մասնավորապես ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի, համայնքապետ Աղվան Գրիգորյանի համար պաշտպանն ասաց, թե տեսնում է նրանց դատարաններում, հրապարակային վայրերում, էկրանների առաջ, բայց նրանք այս դատին չեն գալիս:

Ի դեպ, իր վերջին խոսքում , որը չհրապարակվեց դատարանում, քանի որ Արտուշ Հակոբյանի դիմելաձեւը դատավորը համարեց անհարգալից մեղադրողի նկատմամբ, ամբաստանյալը գրել էր. «Հարգելի տուժողներ, երդվում եմ իմ ծնողների եւ երեխաների առողջությամբ, որ ես որեւիցե կապ չունեմ Ձեր հետ կատարված հանցագործության հետ: Արդյունքում ստացվում է  այնպես, որ ինձ պատասխանատվության են ենթարկում իմ անունի եւ կենսագրության համար:

Ձեր թշնամուն եկեք փնտրեք ուրիշի մեջ, այլ ոչ թե իմ: Վերեւն աստված կա, ամենքը պատասխան են տալու իրենց վարմունքի եւ վերաբերմունքի համար»:

Հովիկ Արսենյանը ներկայացրեց Ամառանոցային 20 հասցեում կատարված խուզարկությունը, թե ով կարող էր դուռը բացել, ով է եղել ներսում:

Պարզվեց ներսում եղել են երկու քնած մարդ՝ Հայրապետյանները:

«Ինչու չկա Արամ Հայրապետյանը: Ինչու հանվեցին որոշ մարդիկ այս գործից՝ չսպասելով անգամ փորձաքննությունների պատասխանին»,-հարցրեց պաշտպանը: Նրանք այս նստածները չեն եղել, յոթանասունից ավելի մարդ է կասկածվել, բաժիններ տարվել: Իսկ գողոն ընդհանրապես չկա: Երբ գողացվել էին նկարներ, ոսկեղեն, չհրկիզվող պահարաններ՝ անափ հարստությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031