Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունում ստորագրվել է հայ-վրացական «Բարեկամության կամուրջ»-ի կառուցման համաձայնագիրը

Դեկտեմբեր 24,2014 17:19

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում ստորագրվել է համաձայնագիր՝ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Վրաստանի կառավարության անունից՝ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին: Նշենք, որ ս.թ. դեկտեմբերի 11-12-ը ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախաստորագրել էին վերոնշյալ համաձայնագիրը և նաև ստորագրել էին արձանագրություն՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առ այն, որ մինչև 2015 թ. համաձայնագիրը կստորագրվի, և Հայաստանի ու Վրաստանի միջև կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության կամուրջ»:

Համաձայնագրի ստորագրման արարողությանը հաջորդել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ, ով նաև առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի համանախագահն է:

ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ընթացքից և կարևորել Վրաստանի հետ երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը և սերտացումը: Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցը, որը հնարավորություն տվեց կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները և համագործակցության զարգացման նոր ուղղություններ նախանշել:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության ընթացքը և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել առևտրատնտեսական գործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ: Առկա ներուժի լիարժեք իրացման և նոր համատեղ ծրագրերի իրականացման առումով առանձնակի կարևորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի դերը, որի երկրորդ նիստը գումարվել է այսօր՝ Երևանում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031