Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պարգևատրեց շիրակցի լավագույն մարզիկներին ու մարզիչներին: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին՝ «Սպիտակ արջին», արծաթե մուշուրբա նվիրեց, նրա հորը՝ Գևորգ Ալեքսանյանին, որը որդու մարզիչն է, նկար նվիրեց, մյուսներին ձմեռային սպորտային համազգեստներ և նաև պատվոգրեր հանձնեց:
Aravot.am-ը Գևորգ Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե փայլուն արդյունքներից հետո ի վերջո վերանորոգելո՞ւ են Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի բորբոսնած պատերով ու փտած հատակով մարզադպրոցը:
«Մարզադպրոցը միշտ ծրագրեր մտնելու փուլում էր, խոստումներ էին տալիս, որ կմտնի ծրագիր հաջորդ տարվա բյուջեում: Իսկ հիմա արդեն տեղաշարժ եղավ. նախագծային- նախահաշվարկային փուլում է գտնվում այդ աշխատանքը: Շինարարներ են եկել և սկսել են հաշվարկներ կատարել, մեզանից վերցրել են մարզադպրոցի հողային տարածքի դահլիճի վկայականները, չափերը ու սկսում են այդ աշխատանքները կատարել: Պիտի կատարեն ձմռան ամիսներին, պարոն Ծառուկյանի կողմից խոստացվել է, որ գարունը բացվելուն պես մարտ ամսից կամ էն պահից, երբ ջուրն այլևս չի սառում, սկսեն աշխատանքները»:
Մենք հստակեցրինք, թե պարոն Ծառուկյանն է՞լ է ֆինանսական ներդրում ունենալու այս մարզադպրոցի վերանորոգմանը: «Ինքն է խոստացել, որ անպայման վերանորոգման աշխատանքներ կկատարվեն, եթե հիշում եք՝ մեր ինստիտուտի 80-ամյակին պարգևատրումներ կատարելիս, ինքը էդ ժամանակ հայտարարեց», -ասաց Գևորգ Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը, թե դուք փաստորեն թասիբի՞ գցեցիք բոլորին, մեր զրուցակիցը ծիծաղելով պատասխանեց. «Դե թասիբի գցելը էսպես է. մի քիչ անուշադրության է մատնված մարզադպրոցը, իսկ մարզադպրոցի աշխատանքները հարկադրեցին մարդկանց էդ քայլին գնալ»:
Aravot.am-ի այն հարցին՝ եթե մարզադպրոցը վերանորոգվի, Արթուր Ալեքսանյանի պես քանի՞ չեմպիոն կտա Գյումրին, Գևորգ Ալեքսանյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում ասել Արթուրի պես, ուզում եմ ասել՝ բոլորն անհատականություններ են, լավ անհատներ մենք հիմի ունենք և՛ պատանիների, և ՛ երիտասարդների, թե՛ մեծահասակների մեջ: Մենակ Արթուրը չէ, որ էդ դպրոցի, Գյումրու ու մեր հանրապետության համար մեդալներ է բերում. էդ մարզադպրոցից մեդալներ են բերում նաև Կարապետ Չալյանը, Հարություն Միքայելյանը, դրանից առաջ շատ լավ մարզիկներ են բերել, էնպես որ, մարզադպրոցի անձնակազմը էնպես է աշխատում, որ ամեն տարի մենք ունենում ենք մեդալներ: Ես համոզված եմ, որ եթե վերանորոգման աշխատանքներն ավարտենք, մենք ունենանք էնպիսի դահլիճ, որ պայմանները մինիմումից բարձր լինեն, այսինքն՝ ապահովեն մաքուր, ջեռուցվող, լուսավոր, կոկիկ դահլիճով, պայմաններ լինեն մարզիչներին աշխատելու, մարզիկները ոչ թե թոզի մեջ պարապեն, տհաճ է… Լավ դահլիճում պարապելու դեպքում էլ ավելի կբարձրանա որակը: Կա մի կարծրատիպ, ասում են՝ հաջողությունները լինում են ավելի վատ դահլիճներում, ես էդպիսի կարծիք չունեմ, աշխատող կոլեկտիվում են լինում արդյունքները, դրա համար էդ կոլեկտիվը ինչքան լավ պայմաններում աշխատի, ավելի լավ կաշխատի»:
Ի դեպ, նշենք, որ սպորտի նախարարի այս մարզադպրոց կատարած այցի ժամանակ մարզիչներից մեկը կատակել է, թե պարապմունքների ընթացքում մի դույլ ջուր է լցնում դահլիճում, որ բարձրացված թոզից հետո կարողանա տարբերակել մարզիկներին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ