Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» դատաքննությունն ավարտվեց, Արտուշ Հակոբյանը հրաժարվեց վերջին խոսքից(Տեսանյութ)

Դեկտեմբեր 24,2014 16:53

Կենտրոն եւ Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառով հանդես եկավ «Բանդայի գործով» ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: Արսենյանի ճառից հետո ռեպլիկով հանդես եկավ դատախազ Սասուն Խաչատրյանը, որին հետեւեցին պաշտպանական կողմից ռեպլիկները, որը հետագայում վերածվեց վեճի: Վերջին խոսքով հանդես եկան ամբաստանյալները: Վերջին խոսքից հրաժարվեց ամբաստանյալ Դավիթ Գալստյանը:

banda-3 banda-2

Վերջին խոսքով հանդես պիտի գար նաեւ Արտուշ Հակոբյանը, որը մի քանի նախադասություն ասելուց հետո մեղադրողին դիմեց անունով, ինչպես նաեւ վիրավորական արտահայտություն թույլ տվեց, ինչի կապակցությամբ դատավոր Մեսրոպ Մակյանը դիտողություն արեց, որպեսզի հարգալից վերաբերվի մեղադրողին: Արտուշ Հակոբյանն ասաց, որ երեքուկես տարի իր ելույթներում, հայտարարություններում, ցուցմունքում մեղադրողին դիմել է հարգարժան բառով. «Բայց իր ելույթից հետո հասկացա, որ ամեն մեկը չէ հարգանքի արժանի: Հարգանքի արժանի են այն մարդիկ, ովքեր ունեն կրթություն, ունեն իրենց մասնագիտական կարծիքը, ովքեր իրենց արարքով հաճույք են պատճառում դիմացինին, այլ ոչ թե զզվանք»:

Արտուշ Հակոբյանը իր վերջին խոսքը տրամադրեց դատարանին եւ հրաժարվեց այլեւս ելույթ ունենալ: Դատավորը մտել է խորհրդակցական սենյակ  եւ դուրս կգա դեկտեմբերի 26-ին:

Ի՞նչ էր ուզում ասել Արտուշ Հակոբյանը իր վերջին խոսքում: Aravot.am-ի տրամադրության տակ է Արտուշ Հակոբյանի վերջին խոսքը: Ըստ Ա. Հակոբյանի՝ «դատավարության բոլոր փուլերը անցնելուց հետո մեղադրող Սասուն Խաչատրյանի անփոփոխ մեղադրանքից հետո հասկացա, թե ինչպիսի մարիոնետ է ձեռքից բաց թողել խամաճիկների թատրոնի ղեկավար Արմեն Էլբակյանը: Ասեմ, որ վայ էն մարդկանց, որոնք արդարադատությունը, առավել եւս՝ դատարանները վեր են ածել խամաճիկների թատրոնի, իսկ հանդիսատեսը ուշի ուշով դիտում է այս ներկայացումը: Բայց մի տարբերությամբ՝ որ այս դեպքում հանդիսատեսը ժողովուրդն է եւ չստացված ներկայացումից լքում են դահլիճը, իսկ դահլիճը արդեն երկիրն է, այսինքն՝ երկրից արտագաղթողների մեծ մասը հենց այս դեպքերից են լքում»: Ըստ Ա. Հակոբյանի, մեղադրողը հաշվի չառավ մի պարզ հանգամանք. որ ինքը ամբաստանյալներին, մասնավորապես՝ Գուրգեն Հայրապետյանին  չճանաչելով, ներգրավել է «բանդայի» ղեկավար. «Ծիծաղելի է այն, որ նախաքննող մարմինների անօրինական գործողությունները վրիպումներ եւ բացթողումներ է համարում: Իսկ ցավալի է այն, որ ոչ մի բանի հետ կապ չունեցող մարդուն մեղադրանք են առաջադրում շինծու ապացույցներով: Ցավալին այն է, որ իրական հանցագործների փոխարեն մեղադրում են մարդկանց, հանձինս ինձ եւ լուսահոգի Արման Դալլաքյանին, որը ընդհանրապես կապ չուներ մեղադրանքի հետ»:
Մանրամասները՝  տեսանյութում

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031