Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «Մեր մեղքն է, որ ամեն ինչ վստահում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին»

Դեկտեմբեր 24,2014 16:45

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական եռյակին, նշեց, որ համարում է՝ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ ԲՀԿ-ին հանելով՝ իշխանության մեջ ճաքեր կառաջանան եւ հնարավոր կլինի ներսից պայթեցնել այն: Ըստ նրա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաշվարկել էր, որ հանրահավաքները պետք է շարունակվեն, եւ ինքն էլ ինչ-որ պահի կարող է վերցնել գործընթացը եւ հասցնել իշխանափոխության, սակայն իշխանությունը տեսնելով դա՝ կանխեցին հաջորդ հանրահավաքները. «Մեր մեղքն է, որ ամեն ինչ վստահում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրա խոհեմությանը եւ իմաստությանը: Այդ հիվանդությունը 90-ական թվականներից կար, որ նա ամեն ինչ գիտի եւ հնարավորություններ էինք տալիս որոշումներ ընդունելու: Վերջերս մենք նրան այդպիսի հնարավորություն տվեցինք, եւ մենք մեղավոր ենք»:

Հարցին, թե Պետրոս Մակեյանի կարծիքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի՞ ցանկանում որպես նախագահ տեսնել Գագիկ Ծառուկյանին, նա պատասխանեց. «Ծառուկյանին տեսնել որպես նախագահ այս գործող Սահմանադրությամբ, կարծում եմ՝ մեր ժողովուրդը ամենավատ երազում չպետք է պատկերացնի: Բայց հիմա, ցավոք սրտի, կա: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներից մեկի ընթացքում համեմատեց Իվանիշվիլու հետ, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի սցենարը սա է, Աստված տա, թող իրականանա, բայց ինչպես տեսնում եք, այդ սցենարը մոռացված է, ինքը նախագահ դառնալու հայտ է ներկայացնում, այդ դեպքում ես, որ քսան տարուց ավելի է պայքարում եմ, կարող է ճամպրուկներս հավաքեմ, որովհետեւ այլեւս Հայաստան չի լինի, ուրիշ Հայաստան կլինի»:

Aravot.am-ը նկատեց, որ խոսելով եռյակի մասին՝ պարոն Մակեյանը չանդրադարձավ «Ժառանգություն» կուսակցությանը, հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ, նա պատասխանեց, որ «Ժառանգություն» կուսակցությունում երկու տեսակ կա՝ զարուհիփոստանջյանների տեսակը եւ խմբեր, որոնք գնում են դեպի եռյակը. «Կարծում եմ՝ նրանց ներսում պայքար է գնում, ես չեմ ուզում խանգարել այդ պայքարին, թո՛ղ ներսում կողմնորոշվեն: Ես վստահ եմ, որ «Ժառանգությունը» մեծ հաշվով կողմնորոշվելու է դեպի ժողովուրդը: Իրենք ամբողջովին տիրապետում են իրավիճակին, բայց հիմա իրենց որոշելու խնդիրն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031