Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքերն սպասում են Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների արդյունքներին և Օբամայի խոսքին». թուրքագետ

Դեկտեմբեր 24,2014 16:32

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը չի բացառում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը:

Պարոն Չաքրյանը կարծում է նաև, որ ԱՄՆ-ի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո պետություններն իրար հետևից կսկսեն ճանաչել այն: «Ճանաչելու դեպքում ԱՄՆ-ն ակամա ստանձնում է Ցեղասպանության հետևանքների վերացման գործընթացը, որը չի նշանակում՝ Արևմտյան Հայաստանը կվերցնի ու մեզ կտա: Պարզապես, այն կդառնա միջազգային հանրության օրակարգի խնդիր: Ահա թե ինչու է Թուրքիան ամեն կերպ համառում Ցեղասպանությունը չճանաչելու հարցում»,- վերլուծում է թուրքագետը:

Ըստ նրա՝ Թուրքիան այս հարցում կսկսի ակտիվանալ հունվարից: Թեև հակաքայլերի միջոցները նվազել են, և նա չի կարող առանձնապես ակտիվություն ցուցաբերել, քանի որ այս պահին ունի ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջնահերթը, թերևս, այն է, որ մեր հարևան պետությունը մեկուսացման մեջ է, և Դավիթօղլու «Զրո խնդիրներ հարևանների հետ» ծրագիրը տապալված է: «Բացի այդ, երկու տասնյակից ավելի պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և Թուրքիան արդեն սպառել է ժխտողական քաղաքականության իր գործիքները: Նա ինքն է փակել սահմանը և միայն թշնամական վերաբերմունք է ցույց տվել մեզ: Դա բոլորը գիտեն: Միակ բանը, որ չի արել մեր նկատմամբ, ռազմական ներխուժումն է»,- ասում է Հ. Չաքրյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հետագա քաղաքականությանը, թուրքագետը գտնում է, որ ամեն ինչ պարզ կլինի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ավարտից հետո. «Թուրքերը, ըստ երևույթին, սպասում են Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների արդյունքներին և Օբամայի խոսքին: Վերջինիս ելույթից հետո կկողմնորոշվեն՝ գնալ հարաբերությունների բարելավմա՞ն, թե՞ մնալ նույն՝ թշնամական դիրքորոշմանը»,- կարծում է Հ. Չաքրյանը:

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը և այլ գերտերություններ կանտեսեն իրենց անձնական շահը և կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, թուրքագետը պատասխանեց, որ Ֆրանսիան էլ է գերտերություն, սակայն ճանաչեց. «Բացի այդ, Հայոց մեծ եղեռնի ճանաչումը Թուրքիային մեծ վնասներ չի տա, ընդհակառակը. նա կառերեսվի իր պատմությանը և կազատվի Ցեղասպանության ծանր բեռից»,- հավելեց Հ. Չաքրյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031