«Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամն այս տարի ՓՄՁ-ին տրամադրել է մոտ 2 միլիոն դոլարի աջակցություն: Այս մասին այսօր ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
Հարցին` արդյոք այդ գումարը բավարար է փոքր ու միջին ձեռնարկության (ՓՄՁ) ոլորտը զարգանալու համար, պարոն Պետրոսյանն ասաց. «Այդ գումարը տրամադրվել է վարկային երաշխավորությամբ եւ այլ ծրագրերով: Մեր բոլորիս, կառավարության ցանկությունն է հնարավորինս շատ գումար ներդնել մեր երկրում ՓՄՁ զարգացման համար: Տարեցտարի գումարներն ավելացել են»:
Պարոն Պետրոսյանը վստահեցրեց, որ սկսնակ գործարարների 70%-ը կայուն աշխատեղ են ստեղծում, այսինքն` գործարարներից 10-ից 7-ը հաջողություն են ունենում. սա միջազգային պրակտիկայում լավ ցուցանիշ է համարվում: Ըստ Պետրոսյանի, իրենց կողմից աջակցություն ստացած 10-ից 7 գործարարը հաջորդ տարիներին էլ շարունակում են աշխատել եւ նորից դիմել այլ ուղղություններով աջակցություն ստանալու համար: Իսկ 10-ից 3-ն, այսպես ասած` «տակ են տալիս»: Ի՞նչն է պատճառը, որ այս սկսնակ գործարարները չեն հաջողում բիզնեսը, գուցե` հարկային վարչարարությունն է, գուցե`աջակցության գումարը բավարար չէ, այս հարցերին պարոն Պետրոսյանն այսպես պատասխանեց. «1-2 տարիների ընթացքում տնտեսվարողների գործունությանը չեն խոչընդոտում հարկային եւ այլ մարմինները: Ռիսկերը զուտ կազմակերպչական հարցերին են վերաբերում` հենց գործարարի կողմից»:
Մանրամասն`տեսանյութում
Կարդացեք նաև
Պարոն Պետրոսյանի ներկայացմամբ` իրենք էլ ավելի խիստ են լինելու ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությունից օգտվողների նկատմամբ: Մեր հարցին` տնտեսագետներն ասում են, որ վերջերս շատ փոքր ու միջին ձեռնարկություններ են փակվում, գուցե անհրաժեշտ է ՓՄՁ ԶԱԿ-ը ոչ թե խիստ լինի բիզնես նախագծերը մերժելու հարցում, այլ ավելի դյուրացնի, եւ ավելի լավ կրթի այդ գործարարներին, պարոն Պետրոսյանն ասաց, որ իրենք խիստ են լինելու այն առումով, որ շեշտը դնելու են որակի վրա, որպեսզի աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն:
ՓՄՁ ԶԱԿ-ն, ինչպես ասաց պարոն Պետրոսյանը, վարկային երաշխավորությունների տրամադրման, սկսնակ գործարարների ձեռներեցության, ոլորտային աջակցության, գործարար տեղեկատվական, խորհրդատվական եւ ուսուցողական աջակցության, տեղական տնտեսական զարգացման ուղղություններով աջակցություն է տրամադրել շուրջ 6 հազար սկսնակ եւ գործող ՓՄՁ-երի. տրամադրվել է ավելի քան 13 հազար աջակցություն, որի 95%-ն ուղղվել է մարզերի սկսնակ ՓՄՁ գործարարներին: Պետրոսյանի ներկայացմամբ` 2014 թվականի ծրագրերով պետական բյուջեից հատկացվել է 151,983,700, դրամ, իսկ երաշխավորությունների դրամագլուխը համալրվել է 170,150,000 22 դրամով, կազմելով 1,787,000,000 22 դրամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ