Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստացել է գրություն ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից առ այն, որ շուկայում իրացվում է սատկած խոզի միս:
Ծառայության աշխատակիցներն անմիջապես ներգրավվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից իրականացված Երևան քաղաքի «Նորքի շուկա» և «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ների տարածքներում գործող մսի վաճառքի կետերում ստուգայցերին, որոնց ընթացքում վաճառվող խոզի մսեղիքներից իրականացվել է նմուշառում, նմուշները տեղափոխվել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու նպատակով, ստուգայցերի ընթացքում հայտնաբերված սննդում ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է, խմբաքանակը շուկայից դուրս է բերվել և կապարակնքվել:
Հաշվի առնելով, որ ամանորյա տոներին ընդառաջ առևտրի ծավալը նկատելիորեն մեծանում է, իսկ միս-մսամթերքի շուկան դառնում է ավելի ռիսկային՝ Ծառայության պետի դեռևս դեկտեմբերի 20-ի հրամաններով 2014 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 30-ը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացվում են շուկայահանված մսի դիտարկումներ՝ մակնշման և պահման պայմաններին ներկայացվող պահանջների նկատմամբ:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ս.թ. դեկտեմբերի 22-ին և 23-ին իրականացված դիտարկումների ընթացքում հայտնաբերված կասկածելի մսեղիքի իրացումը կասեցվել է:
Կարդացեք նաև
Կոչ ենք անում սպառողներին խուճապի չմատնվել՝ մսամթերքի շուկան գտնվում է Ծառայության ամենօրյա վերահսկողության ներքո: Այդուհանդերձ, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, Ամանորին ընդառաջ արձանագրվում են դեպքեր, երբ մսի իրացումն իրականացվում է բակերում, բեռնախցիկներից՝ ոչ հիգիենիկ պայմաններում, ինչի նկատմամբ ամենժամյա վերահսկողությունը գրեթե անհնար է, ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում կասկածելի պայմաններում մսի վաճառքի դեպքերի հանդիպելիս ահազանգել Ծառայության «թեժ գծին»՝ 010 20 60 40 հեռախոսահամարով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն