Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «Ընդդիմադիր դաշտի էական հատվածն այսօր գրավում է օլիգարխիան»

Դեկտեմբեր 24,2014 16:02

«Մենք համարում ենք, որ ազատամարտիկների վրա հարձակումները վտանգում են մեր պետականությունը, Արցախի անվտանգությունը»,- այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Նա համարում է, որ Հայաստանում ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակի համար տնտեսական հիմքեր կան, բայց ըստ նրա՝ հիմնական գործոնը աճպարարությունն է. «Մարդկանց մի խումբ այս ընթացքում մեծ փողեր աշխատեցին: Ինչպե՞ս կարող էր մեկ օրվա ընթացքում դրամը հաղթահարել 600-ի շեմը դրամ-դոլար հարաբերություններում եւ մեկ օրվա ընթացքում իջներ 500-ից ներքեւ: Սա արհեստական գործընթաց է, որը հստակ պետք է մենք արձանագրենք: Այս իրավիճակի արդյունքում մենք ունեցանք կտրուկ գնաճ, փաստորեն մի խումբ մարդկանց հարստանալու համար ամբողջ ժողովուրդն է տուժում, որը պետական անվտանգության լուրջ խնդիր է»:

Անդրադառնալով քաղաքական իրավիճակին՝ պարոն Մակեյանն ասաց, որ Հայաստանում իշխանությունները միշտ փորձել են ընդդիմությունում ականներ դնել. «Եղել են խոշոր ականներ ի դեմս Գեղամյանի եւ Արթուր Բաղդասարյանի, եղել են մանր ականներ, որոնք կան եւ գործում են, բայց էական դերակատարում չեն ունենում, բայց հիմա մեր իշխանությունը, որի հիմնական հենասյունը օլիգարխիան է, այսօր Հայաստանի օլիգարխիայի խորհրդանիշին ուղղորդեցին ընդդիմադիր դաշտ: Ընդդիմադիր դաշտի էական հատվածն այսօր գրավում է օլիգարխիան»:

Նա համարում է, որ Քոչարյան-Սերժ Սարգսյան, Հանրապետական-ԲՀԿ թվացյալ պայքարը նրա համար է, թե հաջորդը ով է առաջինը լինելու: Ըստ նրա՝ այդ պայքարը սահմանագիծ ունի. Իրենք չպետք է իրար հոշոտեն. «Ամեն ինչ անում են, իրար հայհոյում են, իրար դեմ  քաղաքական ընդունված եւ չընդունված ձեւերով պայքարում են, բայց այդ սահմանը չպետք է անցնել. Արգելված է: Բայց մեր խեղճ ժողովուրդը, որը օրվա հացի խնդիր է լուծում եւ փաստի առաջ է կանգնում, որտեղի՞ց պետք է հասկանա այս ամբողջ խաղի գործընթացը: Այդ պատճառով ընդդիմության դաշտում քիչ թե շատ մնացած ուժերի խնդիրն է ժողովրդի հետ աշխատել եւ ներկայացնել այս ամենը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031