Այսօր Վարչական դատարանում ոստիկանության դատն էր՝ ընդդեմ ակտիվիստ Լեւոն Զաքարյանի: Նա այս տարվա հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված 27 ակտիվիստներից մեկն է, որին վարչական պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությունը դատի է տվել՝ պահանջելով տուգանք՝ 50 հազար դրամի չափով:
Նախորդ դատական նիստը չէր կայացել, քանի որ ոստիկանության ներկայացուցիչը չէր ներկայացել: Իսկ այսօր այն հետաձգվեց, քանի որ Լեւոն Զաքարյանը հայտարարեց, որ իրենք հակընդդեմ հայց են ներկայացրել: Դատավոր Կարեն Ավետիսյանն ասաց, որ նոր նախնական նիստ կնշանակեն, երբ կծանոթանան նաեւ հակընդդեմ հայցին: Ոստիկանության ներկայացուցիչը չառարկեց:
Լեւոն Զաքարյանը Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ Դուք հիշո՞ւմ եք այդ օրը Ձեր գործողությունները, ինչքանո՞վ են դրանք եղել օրինաչափ, տեսագրություններ Ձեր մասով կա՞ն՝ պատասխանեց. «Իմ մասով, ինչքան որ ես եմ փնտրել, տեսագրություններ չկան: Միայն մի պահ կա, որ ոստիկանության 4-5 աշխատող ձեռքերից ու ոտքերիցս բռնած զոռով մտցնում են իրենց ոստիկանության մեքենան: Իմ մասով վիդեոները շատ քիչ են, այդ մի պահն է, թե ոնց են ինձ բերման ենթարկում: Ես այդ օրը ակցիայից մի փոքր ուշացել էի: Երբ հասա, արդեն խժդժությունները սկսվել էր: Ոստիկանությունը փակել էր ճանապարհը, չէին թողնում, որ ցույցի մասնակիցները մոտենային Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքին եւ իրենց բողոքն արտահայտեին: Ոստիկանությունը Սարյան փողոցի բերանից փակել էր, մասնակիցներն էլ փորձում էին հասկանալ, թե ինչի՞ համար: Մարդիկ կային, որ վերեւի փողոցից մոտեցել էին շենքին: Եվ 2 հոգու արդեն բռնի ուժով կարմիր բերետավորները մտցրել էին ոստիկանական մեքենան: Նրանք ընդհանրապես բան չէին արել, ուղղակի մեր եռագույնը ձեռքին ուղղակի մոտեցան շենքին ու կարմիր բերետավորները մոտեցան, բռնի ուժով տարան»:
Լեւոն Զաքարյանի պատմելով՝ հենց այդ ժամանակ ժողովրդի ցասումն ուժեղացավ, որովհետեւ անարդար էր շատ. «Դրանից հետո էլի փորձ եղավ մոտենալ շենքին, հարցնում էինք, թե ինչ հիմքով չեն թողնում մոտենալ շենքին: Գործում է օրենքը, պետք է ոստիկանները իրավական հիմք ներկայացնեին, բայց քայլ չարեցին»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք՝ այսինքն, Դուք ոչ փողոց եք փակել, ոչ երթեւեկությանն եք խոչընդոտել, որպեսզի ոստիկանությունը դա հիմք համարի եւ բռնի ուժով բերման ենթարկի՝ Լեւոն Զաքարյանը պատասխանեց. «Մենք մի 5-6 հոգով իջանք դեպի փողոցի կողմը, բայց փողոցն ավելի շատ հենց ոստիկաններն էին փակել, քան մենք: Իրենք ամբողջ փողոցն էին փակել: Այդտեղ արդեն բռնի ուժով, մատերով սեղմում էին ցուցարարների քունքերին: Ես տեսել եմ, թե ոնց են երկու մատով սեղմում քներակներին, հերթով թուլացնում ու քաշում: Ես ստամոքսի խոց ունեմ, ու իրենց գործողություններից ուղղակի թուլացել, ընկել էի գետնին, վերցրեցին տարան»:
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2015-ի մարտի 31-ին, ժամը 10.30-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ